Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 24:12

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Սակայն Պետրոսը վեր կացաւ եւ վազեց դէպի գերեզման, նայեց ու տեսաւ, որ կտաւները միայն կային: Եւ գնաց՝ մտքում զարմացած, թէ ինչ էր եղել:
   
    Բոլոր առաքյալներն էլ շփոթված են ու վարանոտ, բայց ամենից շատ Պետրոսն է տխուր ու տարտամ, սրտի մեջ խղճի խայթը տանջում է։ Այն վերջին հայացքը, որ Հիսուս ուղղեց իրեն Կայիափայի ատյանից դուրս գալիս (Մատթ. 26:71-75), դեռևս չէր հեռանում աչքերի առջևից, երիցս ուրացությամբ դրսևորած տկարությունը իր խրոխտ ու հախուռն բնավորությանը տանջում է, մտածում է, թե Հիսուսի աշակերտությունից ինքն իրեն դուրս հանելը արդյո՞ք վճռական պիտի լինի։ Այս հուսակտուր մտածմունքների պահին փոքր-ինչ քաջալերություն է տալիս յուղաբերների բերած այն լուրը, թե հրեշտակը հատկապես իր անունն էլ է նշել Մարկ. 16:7։ Թեև կանանց տեսիլքը վերջնական վստահություն չի ներշնչում։
    Այդ շփոթ ու հուզված վիճակում Պետրոսը մտածում է նորից դուրս գալ, այս ու այն կողմ շրջել, հասնել մինչև գերեզման, նոր զննումներ կատարել, որպեսզի կարողանա ստուգել։ Առանց ձայն հանելու, առանց որևէ մեկին իր հետ վերցնելու՝ Պետրոսը գալիս է մինչև գերեզման։ Ո՛չ տեսիլք կա, ո՛չ հրեշտակ, ո՛չ Հիսուս և ո՛չ էլ մարմին։ Միշտ նույն դիրքն է՝ դատարկ գերեզմանը, ծալված պաստառակալն ու վարշամակը, ինչպես տեսել էր առաջ, որոնք բնավ նոր լույս չեն տալիս և ոչ էլ նոր բացատրություն ընծայում։ Խեղճ Պետրոսը նորից նպատակին չի հասնում, ստույգ ոչինչ չի իմանում, չի կարողանում պարզել իրերի վիճակը, տխուր, տրտում սկսում է ետ դառնալ, «ընդ միտս զարմացեալ թէ զի՛նչ եղեւ»։ Եղելության անստուգությունը սաստիկ տանջում է իրեն, սակայն ավելի շատ տանջում է իր ուրացության խայթն ու աշակերտությունից մերժված լինելու վախը։
    Հիսուս, որ հանդիմանել էր խրոխտ ու հախուռն առաքյալի բուռն արտահայտությունները, բայց նրա իսպառ կործանումը չէր ուզել, աղոթքով միջնորդել էր, որ Պետրոսը, հավատքն ամբողջովին կորցնելով, կորստյան չմատնվի Ղուկ. 22:32։ Եվ վերջին անգամ հանդիմանող, սակայն գթած մի հայացք էր նետել նրա վրա Ղուկ. 22:61, ուզել էր վերջապես ընկած, բայց կանգնած, մեղուցյալ, բայց ապաշխարած առաքյալին մխիթարել։ Ու երբ հուսաբեկ ու հուսակտուր Պետրոսը վերադառնում էր գերեզմանից, Հիսուս Իր սովորական կերպարանքով ու տարազով դուրս եկավ նրան դեմ հանդիման։ Անպատմելի էր Պետրոսի ուրախությունը, փարատված էր վարանումը, ոչ թե կանանց վկայությամբ, այլ իր աչքերով էր տեսել և շոշափելով ստուգել կենդանի Հիսուսին ու համոզվել։ Այդ երևման մանրամասներն ավետարանը չի պատմում, սակայն երևման տեղի ունենալը ստույգ է։ Ղուկասը պատմում է, թե վերնատանը տեղի ունեցած խոսակցության ժամանակ հիշատակվեց, որ «յարեաւ Տէր եւ երեւեցաւ Սիմովնի» Ղուկ. 22:34, մինչ դեռևս միաշաբթի երեկոյան չէր երևացել Տասնմեկի խմբին։ Պողոսն էլ ասում է, թե Հիսուս հարությունից հետո «երեւեցաւ Կեփայի, եւ ապա Երկոտասանից» Ա. Կորնթ. 15:5։ Հետևաբար այդ երևումը Պետրոսի առանձին գերեզման գնալու պարագայից ավելի հարմար մի ժամանակահատվածում տեղադրելը անհնար է։
    Հռոմեական մեկնաբանները Հիսուսի առանձին ու նախապես երևալը Պետրոսին, մեկնում են որպես մյուս առաքյալների վրա գերագույն աստիճանի ու բարձրագույն իշխանության փաստի դրսևորում, կամենում այն ծառայեցնել իրենց պապական դրության ջատագովությանը։ Նույն նպատակով են կամենում գործածել նաև գերեզմանի դռան առջև երևացած հրեշտակի կողմից Պետրոսի անվան հատուկ հիշատակությունը։ Հռոմեականների համար Պետրոսի անվան հիշատակումը, ինչ նպտակով ու ձևով էլ լինի, միշտ նոր փաստի նյութ է դառնում։ Սակայն եթե մենք նույնպես հետևենք նրանց պատճառաբանությունների կերպերին, կարող ենք նկատել, թե հրեշտակը, «ցաշակերտս նորա եւ ցՊետրոս» Մարկ. 16:7 ասելով, վերջինիս մյուս առաքյալներից վեր չի դասում, այլ հետադասում է, որով Պետրոսին այդ վայրկյանին առաքելական խմբից դուրս նետված ու հետ մնացած է ցույց տալիս, ինչպես մենք պարզաբանեցինք (Մատթ. 28:5-7)։ Իսկ ուրացյալ, բայց զղջացյալ առաքյալին քաջալերելու նպատակով հատուկ երևալը բացահայտ տեսնում ենք ողջ պատմության ընթացքում, ուր երբեք իշխանության նշան կամ հիշատակություն չկա։ Եթե երևումների առաջնությունը իշխանության նշանակություն ունենար, ապա Եկեղեցու գլխավորությունը պետք է վերագրել Մագդաղենացուն, այլ ոչ թե Պետրոսին, և Եկեղեցական պաշտոններում կանայք պիտի նախադասվեին տղամարդկանցից, որովհետև Հիսուս նախ յուղաբերներին երևաց և հետո՝ առաքյալներին։