Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 5:38

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

38-39. «Դուք լսել եք, թե ի՛նչ ասվեց. «Աչքի դիմաց՝ աչք, և ատամի դիմաց՝ «ատամ»»։ «Բայց Ես ասում եմ ձեզ. մի՛ ընդդիմացիր չարին: Այլ ով ապտակի քո աջ այտին, մյուս կո՛ղմն էլ նրան դարձրու»։
   
   Տեսնո՞ւմ ես, որ Փրկիչը, ավելի վերևում պատվիրելով հանել գայթակղեցնող աչքը, նկատի չուներ հենց աչքը, այլ ա´յն մարդուն, որն իր բարեկամությամբ վնաս է հասցնում մեզ և մեզ նետում է կորստյան անդնդի մեջ: Իրոք, եթե այստեղ Հիսուս առաջարկում է այնքան վսեմ մի կանոն, որը չի թույլատրում հանել նույնիսկ նրա աչքը, ով մեր աչքն է հանում, ապա Նա կարո՞ղ էր որևէ մեկին հրամայել հանել իր սեփակա´ն աչքը: Իսկ եթե ինչ-որ մեկը մեղադրում է հին օրենքին այն բանի համար, որ նրանում այսօրինակ հանդուրժողականության պատվիրան է սահմանվում, ապա այդ մեղադրողը, իմ կարծիքով, ընդհանրապես գաղափար չունի Օրինադրի իմաստության մասին, հաշվի չի առնում տվյալ ժամանակին բնորոշ հանգամանքները և չգիտի, թե հանդուրժողականությունը երբեմն ինչպիսի մեծ օգտակարություն կարող է ունենալ: Իսկապես որ, եթե դու խորհես այն մասին, թե ովքեր էին լսում այս պատվիրանը, ինչպիսին էր նրանց հոգու տրամադրվածությունը և ինչ ժամանակաշրջանում էին նրանք ընդունում այդ օրենքը, ապա այդժամ կճանաչես Օրենսդրի իմաստությունը և կտեսնես, որ ինչպես վրեժխնդրության մասին օրենքը, այնպես էլ հանդուրժողականության մասին օրենքը տրվել են միևնույն Օրինադրի կողմից, և այդ երկու օրենքներն էլ սահմանվել են ճիշտ ժամանակին և մեծագույն օգտակարություն են ունեցել: Եթե Օրենսդիր Աստված սկզբից ի վեր առաջարկեր այդ վսեմագույն և մեծասքանչ պատվիրանները, մարդիկ չէին ընդունի ո՛չ այդ պատգամները, ո՛չ էլ նախորդները: Իսկ այժմ, դրանք ճիշտ ժամանակին առաջարկելով, Քրիստոս դրանցով բարեփոխեց ամբողջ տիեզերքը:
   Մյուս կողմից, Օրենսդիրը հրամայեց՝ աչք աչքի դիմաց, ոչ թե որպեսզի մենք հանենք միմյանց աչքերը, այլ որպեսզի մենք մեր ձեռքերն անմասն պահենք դիմացինին վիրավորելուց. քանի որ այն սպառնալիքը, որն առաջանում է պատժի հանդեպ վախից, զսպում է հանցավոր արարքներ իրականացնելու ձգտումը: Այսպիսով, Օրենսդիրը քիչ-քիչ աստվածապաշտություն է սերմանում սրտերում, երբ հրամայում է, որ վիրավորվածը վիրավորանքի համար հավասարապես հատուցի այն նույն չափով, որով ինքն է վիրավորվել, չնայած որ, արդարադատության պահանջով, հանցագործություն նախաձեռնողն արժանի էր ավելի մեծ պատժի: Բայց քանի որ Աստված ցանկացավ արդարությունը միախառնել մարդասիրության հետ, ուստի ավելի մեծ հանցանք գործածին Նա դատապարտում է շատ ավելի փոքր պատժի, քան իրականում այդ մեղսագործն արժանի է` այդպիսով ցանկանալով մեզ ուսուցանել նույնիսկ տառապանքի մեջ մեծ հեզություն ցուցաբերել:
   Այսպիսով, հին օրենքի դրույթը բառացիորեն կարդալով և մեկնաբանելով՝ Փրկիչը կրկին ցույց է տալիս, որ վիրավորանք հասցնողը, իրականում, եղբայրը չէ, այլ չարը: Դրա համար էլ Հիսուս ավելացնում է. «Բայց Ես ասում եմ ձեզ. մի՛ ընդդիմացիր չարին»: Նա չի ասում՝ «մի՛ ընդդիմացիր եղբորդ», այլ՝ չարին` դրանով ցույց տալով, որ վիրավորողն ամեն ինչ գործում է սատանայի հրահրմամբ, և այդպիսով՝ մեղքը մեկ ուրիշի վրա բարդելով, մեծապես թուլացնում և չեզոքացնում է մարդու զայրույթն իրեն վիրավորողի դեմ:
   Իսկ ի՞նչ, - կասես դու, - մի՞թե մենք չպետք է ընդդիմանանք չարին: Պե´տք է ընդդիմանանք, բայց ոչ այդ կերպ, այլ այն եղանակով, ինչպես պատվիրեց Ինքը` Փրկիչը, այսինքն՝ չարին համբերելու պատրաստակամությամբ: Այդ կերպ դու իսկապես կհաղթես չարին: Չէ՞ որ կրակը կրակով չեն մարում, այլ` ջրով: Եվ որպեսզի դու իմանաս, որ նաև Հին Կտակարանում հաղթանակն ու պսակը մնում են վիրավորվածի կողմում, խորհի´ր, թե ինչ է տեղի ունենում այդ դեպքում, և կտեսնես, որ առավելությունը մնում է վիրավորվածի կողմում: Իսկապես, նա, ով առաջինն է ձեռք բարձրացնում անարդարություն գործելու համար, երկու աչք է հանում՝ և´ մերձավորի, և´ իր սեփական աչքը: Դրա համար այդ մեղավորն արդարացիորեն արժանանում է համընդհանուր ատելության և անթիվ-անհամար մեղադրանքների: Մինչդեռ վիրավորվածը, նույնիսկ եթե վիրավորանքի համար փոխհատուցի միևնույն չափով, այդպիսով ոչ մի չարիք գործած չի լինում: Եվ դեռ շատերն էլ նույնիսկ խղճում են նրան (վիրավորվածին), քանի որ նա այդ հարցում զերծ է մեղավորությունից, չնայած որ իր ստացած վիրավորանքի դիմաց փոխհատուցել է միևնույն (հավասար, համապատասխան) չափով: Եվ թեև այդ պարագայում երկուսի համար էլ դժբախտությունը նույնն է, բայց նրանց դատաստանը նույնը չէ՝ ո՛չ Աստծու, ո՛չ մարդկանց առաջ, և հետևաբար, նաև դժբախտությո´ւնը նույնը չէ:
   Այսպիսով, Փրկիչը սկզբնապես ասաց. «Ով իզուր բարկանում է իր եղբոր վրա, դատաստանի կենթարկվի … իսկ ով ասի «անմիտ», գեհենի կրակին կարժանանա» (Մատթ. 5:22): Այստեղ արդեն Քրիստոս պահանջում է է՛լ ավելի մեծ իմաստություն ցուցաբերել՝ վիրավորվածին հրամայելով ոչ միայն լռել, այլ նաև մյուս այտը դարձնել վիրավորողի առաջ, ու այդպիսով իր մեծահոգությամբ է՛լ ավելի մեծազդու հաղթական տանել վիրավորողի նկատմամբ: Եվ Հիսուս սա ասում է ոչ միայն վիրավորանքներին դիմանալու վերաբերյալ օրենքը մեզ տալու համար, այլ նաև մյուս բոլոր պարագաներում նույնպես մեզ հանդուրժողականություն սովորեցնելու համար:
   «Բայց Ես ասում եմ ձեզ. մի՛ ընդդիմացիր չարին: Այլ ով ապտակի քո աջ այտին, մյուս կո՛ղմն էլ նրան դարձրու» - Ինչպես այն դեպքում, երբ Փրկիչն ասում է, որ «ով ասի «անմիտ», գեհենի կրակին կարժանանա», Նա այդ խոսքով նկատի չունի միայն հիշյալ վիրավորական բառը, այլև ընդհանրապես ցանկացած տեսակի հայհոյանք, այնպես էլ այստեղ Հիսուս ոչ միայն պատվիրում է, որ մենք մեծահոգաբար կրենք հարվածները, այլ նաև ա´յն, որ չխռովվենք ցանկացած այլ տեսակի տառապանքից: Ահա թե ինչու, ինչպես այնտեղ Քրիստոս ընտրեց ամենազգայուն վիրավորանքը, այդպես էլ այստեղ հիշատակեց այտին հարվածի մասին` մի բան, որը հատկապես խայտառակ և ամոթալի վիրավորանք է համարվում:
   Իր այս պատվիրանը տալով՝ Փրկիչն ի մտի ունի ինչպես հարվածողի, այնպես էլ հարվածի ենթարկվողի օգուտը: Իրոք որ, եթե վիրավորվածը զինվի այն իմաստությամբ, որն ուսուցանում է Փրկիչը, ապա նույնիսկ չի էլ մտածի, որ վիրավորանք է ստացել, նույնիսկ չի էլ զգա վիրավորանքը՝ իրեն համարելով ավելի շուտ մարտիկ, քան թե մի մարդ, որը ծեծի է ենթարկվում: Իսկ ահա վիրավորողն էլ, ամոթահար լինելով, ոչ միայն երկրորդ հարվածը չի հասցնի, չնայած որ նա միգուցե ի զորու լիներ էլ ավելի դաժան լինել, քան ցանկացած գազան, այլ դեռ մի բան էլ խիստ կմեղադրի ինքն իրեն առաջին հարվածը հասցնելու համար: Իրոք, ոչինչ այնքան չի զսպում վիրավորողներին, որքան վիրավորվածների հեզաբարո տոկունությունը: Այն ոչ միայն զսպում է վիրավորողներին հետագա բռնություններից, այլ նաև ստիպում է զղջալ նախորդների համար, և ասես հարկադրում է, որ նրանք հեռանան վիրավորվածներից՝ հիանալով նրանց հեզությամբ: Եվ, վերջապես, իրար հանդեպ թշնամիներ ու հակառակորդներ լինելուց նրանք դառնում են ոչ միայն մեկմեկու բարեկամները, այլ նաև` ամենամտերիմ մարդիկ և սպասավորները:
   Եվ, ընդհակառակը, վրեժխնդրությունը բերում է բոլորովին հակառակ հետևանքների: Այն երկուսին էլ (վիրավորողներին ու վիրավորվածներին) ամոթ է պատճառում, կարծրացնում է նրանց և է՛լ ավելի է բորբոքում բարկությունը, ու չարիքը, առավել տարածվելով, հաճախ մահվան է հանգեցնում: Ահա թե ինչու Փրկիչն ապտակ ստացողին ոչ միայն արգելեց բարկանալ, այլև նրան հրամայեց բավարարել իրեն հարվածողի ցանկությունը, որպեսզի բացարձակապես չնկատվի, որ ինքն առաջին հարվածը կրել է իր կամքին հակառակ ձևով: Իսկապես որ, այդպիսով դու անամոթին շատ ավելի խոցելի հարված կհասցնես, քան եթե ձեռքով հարվածեիր նրան, և անամոթից կդարձնես նրան հեզաբարո մի անձնավորություն:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

38-39. Լսել էք՝ ինչ ասուեց. «Աչքի փոխարէն՝ աչք եւ ատամի փոխարէն՝ ատամ»: Իսկ ես ձեզ ասում եմ. չարին հակառակ չկանգնե՛լ. այլ եթէ մէկը քո աջ ծնօտին ապտակ տայ, նրան մի՛ւսն էլ դարձրու:
   
   Լսեցիք, որ ասվեց. «Աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ»: Բայց Ես ձեզ ասում եմ՝ չարին մի՛ հակառակեք:

   Խստությամբ գրվեց այս պատվիրանը: Ըստ առաքյալի՝ «Օրենքը բարկություն է առաջ բերում» (Հռոմ. 4։15), բայց ո՛չ միմյանց աչքը փորել կամ ատամները ջարդել հրամայելով: Այլ եթե վրեժխնդրության պատճառով [մեկը] պիտի չխնայի ընկերոջը, [այս պատվերը] խափանում է գործի [ավելի մեծ] հանդգնությունը, որովհետև, [ըստ Մովսիսական օրենքի], ինչպես որ արյունն արյամբ է քավվում, այդպես էլ մեկի կողմից վնասված անդամների պակասությունը [ուրիշի համապատասխան] անդամներով է հատուցվում: Բայց քանի որ սկզբում ճշգրտորեն էին դատում, այդ պատճառո՛վ  սա ասվեց, իսկ երբ Օրենքի ճշգրտությունը վերջ գտավ՝ մեր մարմնի պատճառով տկարանալով, ինչպես ասում է առաքյալը  Հռոմ.(8։3-4), եկավ հասավ ողորմության օրենքը, ինչպես և ասում է [Տերը]. «Բայց Ես ձեզ ասում եմ՝ չարին մի՛ հակառակեք»: Չի ասում՝ եղբորը, այլ՝ չարին, որպեսզի հասկացնի, որ նրա դրդմամբ է եղբայրն անօրեն գործ հանդգնում կատարել: Ուստի [սրան] քաջատեղյակ առաքյալն ասում է. «Մի՛ հաղթվիր չարից, այլ բարությամբ հաղթի՛ր չարին» (Հռոմ. 12։21): Եթե չարացած ընկերդ վնաս հասցրեց քեզ, և դու նրա վրա հարձակվելով՝ փոխարենն ես հատուցում, նրան հավասար և դո՛ւ չարացար, իսկ եթե ներես, դրանով նրան էլ կհանդարտեցնես: Բայց եթե մեկն ասի, թե չարին չպետք է հակառակել, [կպատասխանենք, որ] հակառա կել պե՛տք է, սակայն ա՛յլ կերպ՝ ընկերոջ համար սեփական անձը չարչարանքի մատնելով, ինչպես որ Պողոսն էր մարմինը ճնշում (Ա Կոր. 9։27) և դրանով խոցոտում ախոյանին, ով աննպատակ չէր մարտնչում, այլ կարևոր բաներին վնաս հասցնելու նպատակով: Իսկ եթե վիրավորանքի դիմաց վիրավորում ես, դա չարի դեմ հակառակություն չէ, այլ [նրա հետ] միաբանություն, որովհետև [ընկերոջդ] գրգռելով՝ [չարը] վիրավորեց քեզ, քեզ զայրացնելով էլ՝ տանջեց նրան, իսկ ինքը, երկուսիդ միջև պանծալով, իրեն հաղթող հռչակեց:

   Այլ եթե մեկն ապտակ հասցնի աջ այտիդ  1, նաև մյո՛ւսը պարզիր նրան:

   [Տերն] այս օգտակար խրատը հաջողությամբ մատուցում է երկու կողմին էլ: Որովհետև երբ հարվածողն ապտակվածին տեսնում է այնպիսի խոնարհությամբ դաստիարակված, որ թշնամանքը ոչինչ է համարում, արագորեն զգաստանում է, թեկուզ գազանից էլ վայրենամիտ լինի, և երբեք մյուս այտին էլ ապտակ չի կամենա տալ, այլ առաջինի համար ևս կմեղադրի իրեն: Իսկ ապտակվածը, թող չկարծվի, թե հարկադրված է համբերում, այլ երբ երկրորդ [այտն] է մատուցում, թող նրա համբերատարությունը կամավոր ճանաչվի, և թող չերևա, թե առաջին հարվածի համար վշտանում է: Բայց այս [պատվերով Տերը] սովորեցնում է առանց ոխակալության ընդունել ոչ միայն ապտակը, այլև բոլոր թշնամանքները:

   Այլաբանորեն՝ քանի որ ծնոտը  2 [բանավոր] խոսքի գործիք է, եթե մեկը՝ իբրև տնտես, վարդապետության խոսքով սպասավորի շատերին՝ ժողովրդի օգտի համար, և չար անձանցից մեկն անարգի խոսքը՝ [քարոզողին] տգետ ու գյուղացի կոչելով, ինչպես Պողոսին, թող [ուսուցանողը] քարոզությունը չդադարեցնի, այլ իր վարդապետությունը դարձյալ առաջ տանի՝ գիտությամբ և վարքի օժանդակությամբ հանդերձ, ինչպես պարծենում էր Պողոսը. «Թեպետ խոսքով տգետ եմ, բայց ո՛չ գիտությամբ» (Բ Կոր. 11։6):

   Իսկ ի՞նչ է նշանակում «աջ»-ը այս խոսքում: Նշանակում է անչափ հնազանդությունը, որովհետև եթե մեկն աջին համբերեց, ապա ձախին՝ է՛լ առավել: Բայց տխմարներին թվում է, թե, այլաբանորեն, «աջը» խոսքերը պճնելն ու ճոռոմաբանությամբ խոսելն է: Սակայն [Տերը] ո՛չ թե «ձախը» ասաց «մատուցիր նրան», այլ «մյո՛ւսը», որովհետև «աջն» իրականում մտքի գիտությունն է, ինչպես Պողոսինը, և ոչ թե պերճախոսությունը, ինչպես Արիստոտելինը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Լսել էք՝ ինչ ասուեց. «Աչքի փոխարէն՝ աչք եւ ատամի փոխարէն՝ ատամ»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:17