Մաղաքիա արք. Օրմանյան
2-9. Իսկ փարիսեցիները մօտեցան եւ նրան փորձելով՝ հարց տուին ու ասացին. «Օրինաւո՞ր է, որ մարդ իր կնոջն արձակի»: Նա պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Մովսէսը ձեզ ի՞նչ պատուիրեց»: Եւ նրանք ասացին. «Մովսէսը հրաման տուեց արձակելու թուղթ գրել եւ արձակել»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Ձեր խստասրտութեան պատճառով գրեց այդ պատուիրանը, մինչդեռ արարչագործութեան սկզբից Աստուած արու եւ էգ ստեղծեց նրանց»: Եւ ասաց. «Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հօրն ու մօրը եւ պիտի գնայ իր կնոջ յետեւից: Եւ երկուսը մի մարմին պիտի լինեն, եւ այլեւս երկու չեն, այլ՝ մէկ մարմին: Արդ, ինչ որ Աստուած միացրեց, մարդը թող չբաժանի»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 19:3
Որոգինես
Իսկ փարիսեցիները մօտեցան եւ նրան փորձելով՝ հարց տուին ու ասացին. «Օրինաւո՞ր է, որ մարդ իր կնոջն արձակի»:
Իրենց հարցերով Հիսուսին մոտեցողների մեջ կային ոմանք, ովքեր դա անում էին Նրան փորձելու համար: Բայց եթե մեր Փրկչին էին փորձում, ապա նրա՝ ուսանելու կարգված աշակերտներից որևէ մեկն արդյո՞ք պետք է վրդովվեր, որ ոմանք փորձում և հարցնում էին ոչ թե հետաքրքրասիրությունից, այլ փորձելու ցանկությունից:
Թեոֆիլակտ Բուլղարացի
Իսկ փարիսեցիները մօտեցան եւ նրան փորձելով՝ հարց տուին ու ասացին. «Օրինաւո՞ր է, որ մարդ իր կնոջն արձակի»:
Եվ տե՛ս, թե նրանք ինչպես են իրենց չարության պատճառով փորձում Տիրոջը, թե ինչպես չեն հանդուրժում, որ մարդիկ հավատան Նրան, այլ ամեն անգամ մոտենում են՝ Տիրոջը դժվարության առաջ դնելու և իրենց հարցերով պատին դեմ տալու նպատակով: Նրանք Տիրոջն այնպիսի մի հարց են առաջարկում, որ Նրան կանգնեցնում է երկու անդունդի արանքում. «Թույլատրելի՞ է արդյոք,− ասում են նրանք,− որ տղամարդը արձակի իր կնոջը»: Քանի որ եթե Նա ասեր, որ դա թույլատրելի է, կամ ասեր, որ անթույլատրելի է, ապա երկու դեպքում էլ նրանք մտածում էին Նրան Մովսեսի օրենքին հակասելու համար մեղադրել:
Ա․ Լոպուխին
Իսկ փարիսեցիները մօտեցան եւ նրան փորձելով՝ հարց տուին ու ասացին. «Օրինաւո՞ր է, որ մարդ իր կնոջն արձակի»: (Սինոդական թարգմ․) [2]
Մարկոսի մոտ եղած ամուսնության անլուծելիության մասին զրույցն ընդհանուր առմամբ Մատթեոս 19։3−12 համարներում բովանդակվածի կրկնությունն է: Միայն Մարկոսի տեքստում Քրիստոսի որոշ ասույթներ զետեղված են Մտթեոսի մոտ դրվածից տարբեր տեղերում։
«Օրինավո՞ր է, որ մարդ իր կնոջն արձակի»: Մարկոսը փարիսեցիների հարցը փոխանցում է առանց Մատթեոսի մոտ առկա «ամէն մի յանցանքի պատճառով» (Մատթ. 19։3) հավելման: Կարելի է կարծել, որ նա դա անում է ոչ թե հրեական, այլ քրիստոնեական հիմքերով հարցը բարձրացնելու նպատակով։ Նա նկատի ունի իր հեթանոսությունից դարձի եկած քրիստոնյա ընթերցողներին, որոնց, անկասկած, հետաքրքրում էր ամուսնալուծությունների թույլատրելիության հարցի վերաբերյալ քրիստոնեության մեջ եղած մոտեցումը:
---------------------------------------
[2] (Էջմիածին թարգմ․) Իսկ փարիսեցիները մօտեցան եւ նրան փորձելով՝ հարց տուին ու ասացին. «Օրինաւո՞ր է, որ մարդ իր կնոջն արձակի»:
(Արարատ թարգմ․)Նրան մոտեցան նաև փարիսեցիները և փորձելու համար նրան հարցրին. «Թույլատրվո՞ւմ է մարդուն իր կնոջն արձակել»։
(Գրաբար) Իսկ փարիսեցիքն մատուցեալ փորձելո՛վ հարցանէին զնա՝ եւ ասէին, եթէ արժա՞ն իցէ առն զկին իւր արձակել:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: