Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 10։38

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Չէք իմանում, թէ ինչ էք խնդրում. կարո՞ղ էք խմել այն բաժակը, որ ես խմելու եմ, կամ մկրտուել այն մկրտութեամբ, որով ես մկրտուելու եմ»:
   
    Տեսնո՞ւմ ես, թե ինչպես է, որ նրանք չգիտեն, թե ինչ են խնդրում, երբ նախքան փորձությունների սկսվելը փորձում են Տիրոջ հետ քննարկել պսակներն ու պարգևները, առաջնությունն ու պատիվներին վերաբերող հարցերը: Հետևաբար, նրանց՝ «չգիտեք, թե ինչ եք խնդրում» (Մատթ. 20։22) ասելով՝ Տերը երկու բան է ակնարկում։ Նախ այն, որ նրանք խոսում են այն թագավորության մասին, որի հետ Քրիստոս որևէ գործ չունի, քանի որ Նրա խոստումը այս երկրային և զգայական թագավորության մասին չէ: Երկրորդ՝ այս պահն անպատեհ է մնացածի համեմատ առաջնության, բարձր պատվի, ավելի մեծ փառքի ու հռչակի հասնելու ցանկություն ունենալու և փորձ կատարելու համար։ Որովհետև դա ոչ թե պսակների ու պարգևների, այլ փորձությունների ու պայքարի, տանջանքների ու քրտինքի, կռիվների ու մարտերի ժամ էր:
   Այստեղ Նա իր խաչը և մահը «գավաթ» և «մկրտություն» է անվանում։ «Գավաթ», քանի որ նա ուրախությամբ է խաչ բարձրանում, իսկ «մկրտություն», քանի որ նա դրանով մաքրեց տիեզերքը։ Սակայն  ոչ միայն այդ, այլ նաև հարության դյուրության պատճառով: Ճիշտ այնպես, ինչպես ջրով մկրտվող մարդն է հեշտությամբ, առանց ջրի բնությունից եկող որևէ խոչընդոտի հանդիպելու, դրանից դուրս գալիս, նույն կերպ էլ մահվան մեջ իջած Տերն է դրանից էլ ավելի մեծ հեշտությամբ վեր կենում: Ահա այդ պատճառով էլ Տերը դա մկրտություն է անվանում:
   

Սուրբ Եփրեմ Ասորի

Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Չէք իմանում, թէ ինչ էք խնդրում. կարո՞ղ էք խմել այն բաժակը, որ ես խմելու եմ, կամ մկրտուել այն մկրտութեամբ, որով ես մկրտուելու եմ»:
   
    Այն բանի համար է Տերն այս բոլոր անարգանքները (այսինքն՝ գալիք տառապանքները) նրանց առաջ դնում, որպեսզի ցույց տա, թե ով է Իրեն վշտակցել շտապող մարդը: «Եթե,− ասում է,− Նրա հետ տառապենք, ապա նաև Նրա հետ կփառավորվենք»... (Հռոմ. 8։17): Եթե ​​Նա իշխանություն չունենալու պատճառով նրանց պահանջածը չտվեց, ապա ինչո՞ւ ​​այդ նույն բանը հետագայում տվեց տասներկու առաքյալներին: Հիմա տվե՞ց,  թե՞ չտվեց: Եթե ​​չտվեց, ապա Նրա խոստումը ճշմարիտ չէ, իսկ եթե խոստումը ճշմարիտ է, ապա Նա դա առաքյալներին իսկապես տվեց մեկ անգամ (և ընդմիշտ): Հակառակ դեպքում, ի՞նչ իմաստ կունենար նրա հետևյալ խոսքը․ «Ամեն ինչ, որ Հայրն ունի, իմն է» (Հովհ. 16։15), «Եվ ինչ, որ իմն է, բոլորը իմ Հորն է» (Հովհ. 17։10)։ Բայց քանի որ նրանք իրենց ընկերներից առաջ իրենց համար  տեղ ընտրելու եկան, ուստի Տերն ասաց. «Կարո՞ղ եք խմել այն բաժակը, որ ես խմելու եմ»։ Եվ սա ասաց, որպեսզի հասկացնի, որ այս տեղը գնվում է մեծ գնով, որի վերաբերյալ էլ ասվում է. «Ուստի Աստված բարձրացրեց և փառավորեց նրան» (Փիլիպ. 2։9):
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Չէք իմանում, թէ ինչ էք խնդրում. կարո՞ղ էք խմել այն բաժակը, որ ես խմելու եմ, կամ մկրտուել այն մկրտութեամբ, որով ես մկրտուելու եմ»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 10:35

   

Սուրբ Կյուրեղ Երուսաղեմացի

Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Չէք իմանում, թէ ինչ էք խնդրում. կարո՞ղ էք խմել այն բաժակը, որ ես խմելու եմ, կամ մկրտուել այն մկրտութեամբ, որով ես մկրտուելու եմ»:
   
   Մկրտություն չընդունողը  փրկություն չունի, բացի նահատակներից, ովքեր երկնքի Արքայությունը ստանում են նույնիսկ առանց ջրի: Որովհետև Փրկիչը, խաչով տիեզերքը մաքրելով ու կողոսկրից խոցվելով, դրանից արյուն և ջուր էր քամում, որպեսզի ոմանք խաղաղության ժամանակ մկրտվեին ջրով, իսկ մյուսները՝ հալածանքների ժամանակ մկրտվեին սեփական արյան միջոցով: Փրկիչը նաև նահատակությունն է մկրտություն անվանում՝ ասելով. «Կարո՞ղ էք խմել այն բաժակը, որ ես խմելու եմ, կամ մկրտուել այն մկրտութեամբ, որով ես մկրտուելու եմ»։

   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Չէք իմանում, թէ ինչ էք խնդրում. կարո՞ղ էք խմել այն բաժակը, որ ես խմելու եմ, կամ մկրտուել այն մկրտութեամբ, որով ես մկրտուելու եմ»:
   
    Ուստի Տերը նրանց նաև այն բանի համար է հանդիմանում, որ չեն գիտակցում, թե ինչ են խնդրում․ «Չէք իմանում,− ասում է,− թէ ինչ էք խնդրում»։ Դուք մտածում եք, որ Իմ Թագավորությունը զգայական (այսինքն՝ նյութական) է լինելու, և այդ պատճառով էլ զգայական նստել եք  (աջ ու ձախ կողմերում) խնդրում: Ո՛չ, Իմ Թագավորությունն այդպիսին չի լինելու։ Այն վեր է մարդու գիտակացությունից, իսկ Իմ աջ ու ձախ կողմերում նստելն ամենամեծ՝ հրեշտակների պաշտոնը գերազանցող  գործ է: Ավելին, դուք երազում եք փառքի մասին, իսկ ես ձեզ մահվան եմ կանչում: Նա բաժակն ու մկրտությունը անվանում է խաչ։ Բաժակ, քանի որ խաչը, ինչպես մի բաժակ գինին, շուտով Նրան պիտի տաներ դեպի մահվան քունը։ Նա պատրաստ էր տառապանքների բաժակն ընդունելու որպես իր համար քաղցր ըմպելիք: Եվ մկրտություն,  քանի որ Խաչով Նա կատարեց մեր մեղքերի քավությունը: