Սուրբ Եփրեմ Ասորի
Բայց Աստծու Հրեշտակը իջավ կանգնեց հնոցի մեջ, Ազարիայի կողքին, կրակի բոցը թոթափեց հնոցից
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 4(3):23
Սուրբ Հովհան Ոսկեբերան
Բայց Աստծու Հրեշտակը իջավ կանգնեց հնոցի մեջ, Ազարիայի կողքին, կրակի բոցը թոթափեց հնոցից
(Դանիել. 3.24–48 համարների մասին) Այսպիսով՝ սա պատահական տեղի չունեցավ: Նրանք ոչ միայն չայրվեցին, այլև «կրակը նրանց ոչնչով չդիպավ և ոչ էլ վնասեց», նրանց չնչին վնաս էլ չհասցրեց, և նրանք նույնիսկ ջերմություն չզգացին: Կրակի բոցն այնքան բարձր էր, որ դրսում եղողները ևս կարող էին տեսնել այն: Նրանց՝ հրաշքի ճշմարտացիությունը ապացուցելու համար կարող էր բավարար լինել և՛ հնոցի մեջ նետված վառելափայտը, և՛ կրակի շարունակականությունը, և՛ աստիճանաբար դրա ավելի ու ավելի դյուրավառ թվալը, և՛ բոլորի աչքի առաջ տեղի ունենալը:
Եթե ցանկանաս դիտարկել արարածներից յուրաքանչյուրին, ապա դրա մեջ կբացահայտես Արարչի անսահման զորությունը և այն փաստը, որ Նա իր կամքին համապատասխան վերահսկում է բոլոր տեսանելի բաները: Սա կարելի է տեսնել կրակի պարագայում: Այն կործանարար ուժ ունի և հաղթահարում է ամեն ինչ ու հեշտությամբ ոչնչացնում է ցանկացած նյութ՝ և՛ քարերը, և՛ անտառները, և՛ մարմինները, և՛ երկաթը: Սակայն երբ Արարիչը հրամայում է, այն չի դիպչում քնքուշ և փչացող մարմիններին, այլ հնոցի մեջտեղում պատանիներին անվնաս է պահում: Եվ մի՛ զարմացիր, որ կրակը չի դիպչում նրանց մարմիններին: Ոչ բանական տարրը այնպիսի հնազանդություն է դրսևորում, որի մասին անհնար է նույնիսկ խոսել. այն չի վնասում նույնիսկ նրանց մազերը: Կրակը շրջապատում է նրանց և ներթափանցում է ներս։ Սակայն խոնարհություն ցուցաբերելով և Տիրոջ հրամանին հնազանդվելով՝ այն անվնաս ու ամբողջական է պահում այս հրաշալի երիտասարդներին, և վառարանի մեջ նրանք իրենց մարգագետնում և պարտեզում քայլելու չափ ապահով են զգում... Տեսնո՞ւմ ես, թե ցանկության դեպքում ինչպես է Տերը ստիպում, որ յուրաքանչյուր տարր իր իսկ բնույթի դեմ գործի: Նա է Արարիչն ու Տերը և ամեն ինչ իր կամքին համապատասխան է դասավորում: Ցանկանո՞ւմ ես նույնը տեսնել նաև ջրի պարագայում: Այնպես, ինչպես այստեղ կրակը չի դիպչում իր մեջ նետվածներին և չի ազդում նրանց վրա, սակայն դրսում կանգնածների վրա ցույց է տալիս իր զորությունը, ճիշտ այդպես էլ ջուրն է ոմանց խեղդում, իսկ մյուսների առաջ ետ է քաշվում, որպեսզի նրանք անվտանգ անցնեն: Այժմ հիշի՛ր փարավոնի, եգիպտացիների և հրեա ժողովրդի մասին։ Հրեաները, Տիրոջ հրամանով ու Մովսեսի գլխավորությամբ, Կարմիր ծովի միջով անցնում են այնպես, ինչպես ցամաքի վրայով։ Իսկ նույն ճանապարհով գնալու որոշում կայացրած եգիպտացիները փարավոնի հետ միասին ջրով են ծածկվում ու խեղդվում: Նման կերպ էլ տարրերն են հնազանդեցվում Տիրոջը ծառայողներին և իրենց մեջ են պահում իրենց ուժգնությունը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: