Դանիելի մարգարեության մեկնություն 5(4):31

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Այդ օրերից յետոյ, ես՝ Նաբուքոդոնոսորս, իմ աչքերը բարձրացրի դէպի երկինք, իմ միտքը վերադարձաւ ինձ, օրհնեցի Բարձրեալին, գովեցի եւ փառաւորեցի յաւիտենապէս կենդանի Աստծուն, որովհետեւ նրա իշխանութիւնը յաւիտենական իշխանութիւն է, նրա տէրութիւնը՝ սերնդից սերունդ»:

   

   «Իմ աչքերը,– ասում է,–   բարձրացրի դեպի երկինք»: Այսինքն՝ դիմեց Աստծուն և աղոթեց Նրան և օգնություն խնդրեց Նրանից: Թեև ժամանակն ամբողջությամբ անցել էր, բայց նա դրա վրա հույս չէր դնում: Ինչպես այն ժամանակ նա իրադարձության կատարումը կանխելու զորություն ուներ, այնպես էլ հիմա, եթե որոշված ժամանակի անցնելու դեպքում նա առանց ուղղվելու մնար, ապա այս որոշումը նրան ոչ մի օգուտ չէր բերի, քանի որ Աստծո որոշումը կատարվում է ոչ թե անհրաժեշտությունից ելնելով, այլ մեր վիճակի համապատասխան: Նույն կերպ էլ, թեև ժամանակն արդեն լրացել էր, սակայն Դանիելն ապարդյուն չէր աղոթում, որպեսզի չարիքի շարունակության հետ նաև այն չշարունակվեր (Դան. 9։4): Ինչպես պատահում է ներման ժամանակ (օրինակ՝ Եզեկիայի ներում ստանալը (Դ Թագ. 20)), նույն կերպ էլ լինում է պատժի դեպքում (օրինակ՝ հրեաների պատիժը, քանզի Աստված ցանկանում էր կարճ ժամանակում նրանց Պաղեստին հասցնել, սակայն նրանք իրենց չարությամբ Ավետյաց երկիր հասնելու համար սահմանված ժամանակին քառասուն տարի ևս ավելացրին):

   Տե՛ս, թե ինչպես թագավորը վազեց դեպի Աստված: «Ես,–  ասում է նա,–  նայեցի երկինք և կրկին մարդ դարձա: Իմ միտքը վերադարձավ ինձ»։ Ինչպես նրա մարդկային տեսքը փոխվեց, բայց նա կենդանու չվերածվեց, նույն կերպ էլ միտքը փոխվեց: Իսկ ի՞նչ եղավ հաջորդիվ։ «Օրհնեցի և փառավորեցի»։ Ինչպիսի՞ արտահայտություններով։ «Բարձրյալին,–  ասում է,–  գովեցի և փառավորեցի հավիտենապես կենդանի Աստծուն»։ Ոչինչ Աստծուն ավելի արժանի չի համարվում, որքան հավիտենական ​​գոյությունը: «Նրա իշխանությունը հավիտենական իշխանություն է, նրա տերությունը՝ սերնդից սերունդ»։ Սրանով է մարդը տարբերվում Նրանից, և մարդկանց մեջ սա ամենաբարձր երանությունն է համարվում: «Նրա իշխանությունը հավիտենական իշխանություն է», այսինքն՝ գոյություն ունի բոլոր ժամանակներում: «Առանց սննդի,–  ասում է,–  Նա ինձ կերակրեց, առանց հագուստի և առանց որևէ այլ բանի  իմ մարմինը չկորսվեց»: Պատկերացրո՛ւ, թե նա ինչպիսին դարձավ, երբ անապատից վերադարձավ թագավորություն:
   

Ա. Լոպուխին

31-34․ «Այդ օրերի վերջում ես՝ Նաբուգոդոնոսորս, աչքերս դեպի երկինք բարձրացրի, և իմ խելքն ինձ դարձավ, ու ես օրհնաբանեցի Ամենաբարձրյալին, գովաբանեցի և փառաբանեցի Հավիտենագոյին, Որի իշխանությունը հավիտենական իշխանություն է, և Որի թագավորությունը սերնդեսերունդ է»:  [31] «Եվ բոլոր նրանք, ովքեր ապրում են երկրի վրա, ոչնչի պես են համարվում, և Նա Իր կամքի համաձայն է գործում ինչպես երկնային բանակում, այդպես էլ երկրի վրա բնակվողների մեջ, ու չկա մեկը, ով կարող է ընդդիմանալ Նրա ձեռքին և ասել Նրան. «Ի՞նչ ես արել»»: «Այդ ժամանակ խելքս ինձ դարձավ, և իմ թագավորության փառքի հետ ինձ վերադարձան իմ արժանապատվությունն ու իմ նախկին տեսքը։ Այդժամ իմ խորհրդականներն ու իմ ազնվականները փնտրեցին ինձ, և ես վերահաստատվեցի իմ թագավորության վրա, ու իմ մեծությունն էլ ավելի բարձրացավ»: «Այժմ ես՝ Նաբուգոդոնոսորս, փառաբանում, գովաբանում և մեծարում եմ Երկնքի Թագավորին, Որի բոլոր գործերը ճշմարիտ են, և ճանապարհները՝ արդար, ու Որը կարողանում է հնազանդեցնել հպարտությամբ ընթացողներին»։ (Սինոդական թարգ․)
   
   Բժիշկների կարծիքով, լիկանտրոպիան անբուժելի հիվանդություն չէ: Խելագարության այլ ձևերի նման  այն ևս կարող է անցնել, և հիվանդի բանականությունը կարող է վերադառնալ: Հենց սա էլ պատահեց Նաբուգոդոնոսորին: Նրա բանականությունը վերադարձավ և ներշնչեց հպարտության անբնական ու անտեղի լինելու գաղափարը: Անձնական փորձով հայտնության արդարացիության մեջ համոզվելով (համար 14)՝ նա փառաբանեց իրեն նախատող Ամենազորի մեծությունը   և խոստովանեց մարդու աննշանությունը Նրա առաջ: Բայց տվյալ դեպքում, ինչպես և նախկինում, կրոնական զգացմունքների դրսևորման համար կիրառված արտահայտությունները Նաբուգոդոնոսորին բնութագրում են որպես հեթանոսի: Դրանք հիշեցնում են նրա Մերոդաքին դիմելը, որին նա անվանում է «աստվածների տիրակալ», «աստվածների իշխան» և նրան է վերագրում բոլոր մարդկանց վրա իշխանություն ունենալը: Հրովարտակը ցույց է տալիս հեթանոսական ժողովուրդների մեծ մասին բնորոշ բոլոր ժողովուրդների և թագավորությունների ճակատագրերը վերահսկող գերագույն Աստվածության հանդեպ հավատը: Եթե, այդ ամենով հանդերձ, ինչպես նշում են էկզեգետները, հրովարտակի լեզուն բազմիցս հիշեցնում է որոշ սաղմոսների ու Եսայի մարգարեի գրքի լեզուն (Դան. 3։100–ը և 4։31–ը Սաղմ. 144։13 համարի հետ, իսկ Դան. 4։32–ը Ես. 40։17 համարի հետ), ապա այս երևույթը, ինչպես ենթադրում են,  բացատրվում է այն փաստով, որ այն կազմվել  է ոչ առանց Դանիել մարգարեի ազդեցության:
--------------------------------
[31](Էջմիածին թարգ․) «Այդ օրերից յետոյ, ես՝ Նաբուքոդոնոսորս, իմ աչքերը բարձրացրի դէպի երկինք, իմ միտքը վերադարձաւ ինձ, օրհնեցի Բարձրեալին, գովեցի եւ փառաւորեցի յաւիտենապէս կենդանի Աստծուն, որովհետեւ նրա իշխանութիւնը յաւիտենական իշխանութիւն է, նրա տէրութիւնը՝ սերնդից սերունդ»:
(Արարատ թարգ․ 4։34) «Եվ այն օրից հետո ես՝ Նաբուգոդոնոսորս, աչքերս դեպի երկինք բարձրացրի, իմ խելքն ինձ դարձավ, և Ամենաբարձրյալին օրհնաբանեցի, գովաբանեցի ու փառաբանեցի՝ հավիտյանս կենդանի եղողին, որի իշխանությունը հավիտենական իշխանություն է, և նրա թագավորությունը սերնդեսերունդ կմնա։
(Գրաբար) Եւ յետ կատարածի աւուրցն, ե՛ս Նաբուքոդոնոսոր՝ զաչս իմ յերկինս համբարձի, և միտք իմ առ ի՛ս դարձան. և զԲարձրեալն օրհնեցի, և զկենդանին յաւիտենից գովեցի և փառաւորեցի. զի իշխանութիւն նորա իշխանութիւն յաւիտենական. և տէրութիւն նորա ազգաց յազգս։