Դանիելի մարգարեության մեկնություն 7(6):6

Սուրբ Հովհան Ոսկեբերան

6-8․ Այն ժամանակ հրամանատարներն ու նախարարները կանգնեցին թագաւորի առաջ եւ ասացին նրան. «Դարե՛հ արքայ, թող կեանքդ յաւիտեան լինի. քո թագաւորութեան մէջ գտնուող բոլոր զօրավարներն ու նախարարները, իշխաններն ու կուսակալները խորհուրդ արին արքունական համաձայնութեամբ հաստատելու եւ ամրացնելու մի ուխտ, որ, եթէ մինչեւ երեսուն օր որեւէ մէկը որեւէ բան խնդրի որեւէ աստծուց կամ մարդուց, բացի քեզնից, արքա՛յ, կը նետուի առիւծների գուբը: Արդ, արքա՛յ, հաստատի՛ր ուխտը եւ հրամա՛ն գրիր, որպէսզի չանտեսուի մարերի եւ պարսիկների օրէնքը»:
   
   Տե՛ս, թե նրանք ինչ են անում, ինչպես են փորձում անխոհեմ օրենք ընդունել, և պաղատագին խնդրում են դա: Արդյո՞ք խելամիտ էր ասել. «Որևէ մեկը որևէ բան խնդրի որևէ աստծուց կամ մարդուց»։ Իրենց խնդրանքի համար արդարացում նրանք փորձում են գտնել ժամանակի սղության մեջ: Սակայն  սա ի՞նչ պատրվակ է: Ինչո՞ւ եք խնդրում այդ մասին։ «Համաձայնել ենք,– պատասխանում են նրանք:– Մենք՝  բոլոր հավաքվածնե՛րս, որոշել ենք երեսուն օր ամեն ինչ միայն քեզանից խնդրել: Օ՜, բարբարոսական խնդրանք: Օ՜, մեծ խենթությամբ լի շողոքորթություն, որն անպատվում է նրան, ում թվում է, թե պատիվ  է մատուցում: Ի վերջո, եթե դա լավ բան է, ապա միշտ պետք է այդպես լինի, իսկ եթե լավ բան չէ, ուրեմն նույնիսկ երեսուն օրվա ընթացքում չպետք է այդպես լինի։ Եվ հետո, եթե դա լավ բան է, ապա ինչո՞ւ է մատնանշվում հավաքվածների (որոշումը կայացնողներ) բազմությունը: Եվ առանց սրա էլ արքան ստիպված էր համաձայնվել: Իսկ եթե դա լավ բան չէ, ապա նույնիսկ ամբողջ տիեզերքի կողմից պատվիրված լինելու դեպքում  ենթարկվել պետք չէր:
   

Ա. Լոպուխին

6-7․ «Այն ժամանակ այս իշխաններն ու սատրապները մոտեցան թագավորին և այսպես ասացին նրան. «Ո՛վ Դարեհ թագավոր, հավիտյա՛ն ապրիր»»։ [6] «Թագավորության բոլոր իշխանները, կառավարիչները, սատրապները, խորհրդականներն ու զորահրամանատարները համաձայնել են միմյանց հետ, որ թագավորական որոշում կայացվի և հրաման արձակվի, որպեսզի երեսուն օրվա ընթացքում քեզանից բացի ով որ որևէ աստծուց կամ մարդուց որևէ բան խնդրի, ո՛վ թագավոր, նա պիտի նետվի առյուծների գուբը»։ (Սինոդական թարգ․)
   
   Մարգարեի կյանքին ծանոթանալով՝ բարձրաստիճան պաշտոնյաները համոզվեցին, որ ոչ մի դեպքում նա չի փոխի իր կրոնը և դրա պահանջները: Նրանց նախագծած օրենքը պահանջում էր հրաժարվել դրանից: Նրա թշնամիները մտածում էին, որ Դանիելն օրենքը չի ​​կատարի և հետևաբար ստիպված կլինի մեռնել: Սատրապների կողմից հորինված հրամանագիրը թագավորին բարձրացնում էր աստվածության աստիճանի և բոլոր հպատակներին պարտավորեցնում էր, որպես Աստծու, աղոթել նրան: Առաջին հայացքից տարօրինակ թվացող այս երևույթը  իրականում պատմականորեն ճշգրիտ է: Այն լիովին համապատասխանում է մեդացիների կրոնական հայացքներին, որոնք ընդունում էին թագավորի անձի աստվածացումը: Պարսիկների նման նրանք նույնպես իրենց արքաներին համարում էին աստվածներ՝ Ահուր–Մազդային մարմնավորողներ, ուստի նրանց աստվածային պատիվներ էին տալիս: Այսպես, Դարեհ Գիստասի մասին հայտնի է, որ երբ նա դուրս էր գալիս պալատից, պալատականները նրա առջև անուշահոտ խունկ էին ծխում: Նմանապես, արքաները, յուրացնելով նման հայացքները, փորձում էին իրենց՝ անհասանելի, հասարակ մահկանացուների համար անտեսանելի դարձնել: Համաձայն Հերոդոտոսի պատմության, օրինակ, Մեդիայի արքա Դեյոկն իր ենթականերին արգելում էր իր մոտ մտնել, թաքնվում էր ժողովրդի աչքից այն բանի համար, որ իր հպատակները, առանց իրեն տեսնելու, իրեն որպես գերագույն աստվածային էակ ճանաչեին: Թագավորի դեմքը տեսնելու իրավունքը պատկանում էր ընդամենը յոթ բարձրաստիճան պաշտոնյաների: Պատմականորեն ճիշտ է նաև հրամանագրի երկրորդ կեսը՝ անհնազանդներին առյուծների կողմից պատառոտման դատապարտելը: Ինչպես երևում է ասորա–բաբելոնական արձանագրություններից, սա Ասորեստանում և Բաբելոնում ընդունված մահապատժի սովորական եղանակներից մեկն էր:

--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Այն ժամանակ հրամանատարներն ու նախարարները կանգնեցին թագաւորի առաջ եւ ասացին նրան. «Դարե՛հ արքայ, թող կեանքդ յաւիտեան լինի.
(Արարատ թարգ․ 6։6) Այն ժամանակ վերակացուները ու սատրապները հավաքվեցին թագավորի մոտ և այսպես ասացին նրան.
(Գրաբար) Յայնժամ հրամատարքն և նախարարքն կացին առաջի թագաւորին՝ և ասեն ցնա. Դարե՛հ արքայ՝ յաւիտեա՛ն կեաց։