Սուրբ Եփրեմ Ասորի
«Արի՛ տասը օր փորձի՛ր քո ծառաներին, և թող մեզ ընդեղեն տան, որ ուտենք, և ջուր, որ խմենք:
Դանիելը և նրա հետ եղողները մսի և գինու անմաքուր լինելու պատճառով չհրաժարվեցին դրանցից, քանի որ եթե նրանք ցանկանային ուտել, նրանք կունենային նաև ցանկալի սնունդը: Եթե կերակուրը տվողն էր այն անմաքուր դարձնում, ապա նա անմաքուր կդարձներ նաև սերմերը: Իսկ եթե ներքնապետի տված սերմերը մաքուր էին, ուստի եթե նրանք ցանկանային, ապա նա կարող էր և՛ մաքուր միս, և՛ մաքուր գինի տալ: Բայց նրանց համար պահք էր սահմանված. նրանք չէին աղոթում հայրենիք վերադառնալու համար, քանի որ գիտեին, որ միայն յոթանասուն տարի անց կկարողանան ազատվել գերությունից:
Սուրբ Հովհան Ոսկեբերան
12-13․ «Արի՛ տասը օր փորձի՛ր քո ծառաներին, և թող մեզ ընդեղեն տան, որ ուտենք, և ջուր, որ խմենք: Եվ կերևան քեզ մեր և այն մանուկների գույները, որոնք ուտում են թագավորի սեղանից: Եվ ինչպես որ դու տեսնես, ըստ այնմ էլ վարվի՛ր քո ծառաների հետ»:
Մեծ համարձակություն, մեծ վճռականություն, մեծ խոհեմություն, մեծ հավատ: «Արի՛, տասը օր փորձի՛ր քո ծառաներին»: Եվ որպեսզի չմտածես, որ դեմքի ծաղկուն տեսքը կախված է սերմերի հատկություններից, ուստի ուշադրություն դարձրո՛ւ ջրին, որը սննդարար չէ: Նրանք ոչ միայն առողջ երևացին, այլև նույնիսկ ավելի առողջ եղան, քան արքայական կերակուրները վայելողները. իսկ բոլորին հայտնի է, որ միսը և գինին սովորաբար առավել սննդարար են: Ուշադրություն դարձրո՛ւ, թե ինչպես երիտասարդների վճռականությունից և Աստծո շնորհից անմիջապես լավ արդյունք ստացվեց: Նրանց վճռականությունն արտահայտվեց նրանում, որ նրանք չցանկացան, իսկ շնորհը՝ այն բանում, որ նրանք կարողացան (ժուժկալել): «Եվ հետո,– ասում է, – թող նրանք երևան քո առաջ»: Մենք դատելը քեզ ենք թողնում: Հեշտ և դյուրությամբ կատարվող է այս գթասրտությունը. պետք է գործնականում համոզվել: Թեև ես ինքս լավ գիտեմ, սակայն քո շահի համար ժամանակից շուտ դա չեմ հայտարարում: Տե՛ս, թե ինչպես Դանիելը դրանով սովորեցրեց պալատականներին և ցույց տվեց, որ սիրում է Աստծուն: Ավելին, նա պարզապես չասաց «մեզ հետ արա՛ դա», այլ ասաց «փորձ կատարի՛ր քո ծառաների վրա»: Բարեպաշտությանը ամենևին չվնասող պարագաներում՝ նրանք չէին հրաժարվում մարդկանց պատիվ մատուցելուց: Նաև Պողոսն էր նույնն անում: Սկսելով իր պաշտպանական ճառը՝ Պողոսը, առաջին հերթին, դատավորին փառաբանելով այսպես խոսեց. «Դու երկար տարիներ արդարությամբ ես դատում այս ժողովրդին» (Գործք. 24։10), քանզի այստեղ նա օգտագործում է մարդու հասարակական գործունեությունը: Նույն կերպ էլ Նաթանը մարգարեանալով մեծարեց Դավթին, Հակոբը՝ փարավոնին, Աբրահամը՝ իր հետ բնակվողներին: Նաև Դանիելն է ասում. «Արքա՛, թող կյանքդ հավիտյան լինի» (Դան. 6։21): Տեսնում ես շողոքորթություններով լի խոսքեր: Սակայն ես սա ոչ թե շողոքորթություն, այլ խոհեմություն և իմաստություն կանվանեի: Այսպես է ասում նաև Պողոսը. «Իմաստությա՛մբ վարվեցեք դրսեցիների հետ՝ օգտագործելով ժամանակը» (Կողոս. 4։5): Այսպես է սովորեցնում նաև Քրիստոսը. «Տվե՛ք կայսրինը՝ կայսեր, իսկ Աստծունը՝ Աստծուն» (Ղուկ. 20։25): Ի՞նչ է: Սերմերն անմաքուր չէի՞ն: Ամենևին, անմաքուր չէր նաև ջուրը: Երեք տարի նրանք շարունակեցին այդպես վարվել:
Ա. Լոպուխին
«Մի տասը օր փորձի՛ր քո ծառաներին, թող մեզ ուտելու համար բանջարեղեն և խմելու համար ջուր տան»։ (Սինոդական թարգ․) [12]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 2(1):11
--------------------------------
[12] (Էջմիածին թարգ․) «Արի՛ տասը օր փորձի՛ր քո ծառաներին, եւ թող մեզ ընդեղէն տան, որ ուտենք, եւ ջուր, որ խմենք:
(Արարատ թարգ․1։12) «Աղաչում եմ, մի տասը օր փորձի՛ր ծառաներիդ, և թող մեզ ուտելու համար բանջարեղեն և խմելու համար ջուր տան։
(Գրաբար) Աղէ փորձեա՛ զծառայս քո աւուրս տա՛սն, և տացեն մեզ ունտս՝ և կերիցուք, և ջո՛ւր արբցուք.
Պատմամշակութային մեկնություն
Բանջարեղեն: Այստեղ օգտագործվող բառը սովորաբար վերաբերում է անասնակերին կամ ցանելու համար նախատեսված սերմնահատիկներին: Ո՛չ աքքադերեն, ո՛չ էլ եբրայերեն լեզուներում այս տերմինը երբևէ չի օգտագործվել մարդկային սննդի նշանակությամբ: Բայց այս տեքստը չի էլ ենթադրում, որ գերիներին համեղ ուտեստներ էին տրվում: Ինչպես վերևում ասվեց (1։5), թագավորի սեղանից ուտելը նշանակում էր միայն, որ նրանք թագավորական բյուջեի հաշվին էին սնունդ ստանում: Զինվորականների պարենավորումը, օրինակ, բաղկացած էր որոշակի քանակությամբ հացահատիկից, որից էլ նրանք պատրաստում էին իրենց կերակուրը: Հացահատիկը աղում ու շոգեխաշում էին եռացրած ջրով և շիլա էին եփում: Հետևաբար, կարող է խոսք լինել այն նույն ապրանքների վերաբերյալ, որոնց մասին խոսվում է 1։5 համարում, սակայն այստեղ սնունդն իրենք էին պատրաստում, այլ ոչ թե արքայական խոհանոցներում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: