Դանիելի մարգարեության մեկնություն 2(1):8

Սուրբ Եփրեմ Ասորի

Դանիելը որոշեց չճաշակել թագավորի սեղանից և ոչ էլ խմել այն գինուց, որ նա էր խմում, և խնդրեց ներքնապետին թոյլ տալ, որ ինքը չուտի:
   
   Դանիելը ձեռնպահ մնաց ոչ թե այն պատճառով, որ ուտելիքն ու ըմպելիքն անմաքուր էին (քանզի նա կարող էր միսը մեկ այլ մսով  փոխել և գինին մեկ ուրիշ գինով փոխարինել, այսինքն՝ ուտել և խմել առանց պղծվելու), այլ այն պատճառով, որ նա և իր ընկերներն իրենց նվիրել էին ծոմապահությանը: Հենց ծոմ պահելն էր պատճառը, որ Դանիելն իր և իր ընկերների համար «ընդեղեն» խնդրեց (Դան. 1։12):
   

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Դանիելը որոշեց չճաշակել թագավորի սեղանից և ոչ էլ խմել այն գինուց, որ նա էր խմում, և խնդրեց ներքնապետին թոյլ տալ, որ ինքը չուտի:
   
   Տե՛ս, թե ինչպես է նա սկսում լավ գործերից: Այսպիսով՝ արդեն այդ ժամանակից նա ցույց է տալիս, որ ինքը մեծ է և հրաշալի: Այդ պատճառով էլ նա փառահեղ անունով է կոչվում: Բոլոր հնարավոր  դեպքերում նա պահպանում էր օրենքը:  Ասա՛ ինձ, ուրիշ էլ ո՞վ արքայական կերակուրը գարշելի կհամարեր: Տեսնո՞ւմ ես, թե ինչպես է նա ի սկզբանե իմաստություն դրսևորում: «Ներքնապետին խնդրեց թույլ տալ, որպեսզի ինքը չպղծվի» (Հայերեն թարգմանության մեջ այսպես է. «խնդրեց ներքնապետին թույլ տալ, որ ինքը չուտի»): Տեսնում ես, թե նա ինչքան հեռու է փառասեր լինելուց: Նա չասաց՝  ավելի լավ է՝ իմ հոգին տամ,  այլ խնդրեց, որ հնարավորության դեպքում իրեն  արքայական սեղանի սննդից  չտան: «Ինչի՞ համար,– ասում է,– պետք է պատիվ փնտրեմ»: Սակայն Հովսեփն ու Մովսեսը այդպես չվարվեցին: Ի՞նչ է: Մենք նրանց արդյո՞ք դատապարտում ենք: Իհա՛րկե ոչ, քանի որ նրանք չգիտեին, թե ինչ է տեղի ունեցել դրանից հետո. դեռ չկար որոշ տեսակի կերակուրներն արգելող օրենքը: Տե՛ս, թե ինչպես է նա և՛ մերկացնում, և՛ իմաստասիրում՝ փոքր բաների մեջ իմաստություն ցույց տալով: Նույնն ասացին նաև առաքյալները. «Այս բաները պետք էր անել, բայց մյուսները զանց չանել» (Ղուկ. 11։42): Նա այդպես վարվեց ոչ թե այն պատճառով, որ կերակուրները զոհաբերված էին կուռքերին, այլ այն պատճառով, որ դրանք արգելված էին օրենքով:

   Թագավորը հրամայեց նրանց իր իսկ շքեղ, անմաքուր և գարշելի ճաշին մասնակից լինել: Իսկ նրանց համար դա թույլատրելի չէր և մահից էլ ավելի ծանր էր թվում: Նրանք միայնակ էին մնացել, ինչպես գառները բազում գայլերի մեջ: Անհրաժեշտ էր կա՛մ սովից տառապել, կա՛մ մահվան գնալ, կա՛մ արգելված սնունդ ուտել: Ի՞նչ են անում նման հրաման ստացած այս որբ, գերի, օտարերկրացի, ստրուկ երիտասարդները: Նրանք չեն մտածում, որ անհրաժեշտությունն ու քաղաքի կառավարչի բռնությունը կարող են բավարար արդարացում լինել իրենց համար. այլ նրանք գործադրում են բոլոր միջոցներն ու ջանքերը մեղքից խուսափելու համար, թեև լիովին անպաշտպան էին: Նրանք  ո՛չ փողով կարող էին իրենց կողմը գրավել ներքնապետին (ինչպես հնարավոր էր գերիների պարագայում), ո՛չ բարեկամությամբ և ծանոթությամբ (ինչպես հնարավոր էր օտարերկրացինների պարագայում), ո՛չ իշխանությամբ կարող էին ստիպել (ինչպես  հնարավոր էր ստրուկների պարագայում), ո՛չ էլ բազմաթիվ լինելու միջոցով հաղթահարելու (ինչպես  հնարավոր էր միայն երեքի պարագայում): Ուստի նրանք եկան և սկսեցին խոսքերով համոզել այն ներքինուն, որն այստեղ իշխանություն ուներ:
   

Ա. Լոպուխին

«Դանիելն իր սրտում որոշեց, որ իրեն չպղծի թագավորական սեղանի կերակուրներով և թագավորի խմած գինով, ու դրա համար էլ ներքինապետին խնդրեց, որ թույլ տա՝ դրանցով իրեն չպղծի»։ (Սինոդական թարգ․) [8]
   
   Թագավորական սեղանից կերակուր և գինի ճաշակելուց Դանիելի հրաժարվելը պայմանավորված էր պղծվելու վախով, քանզի դրանով նա կխախտեր հրեաների համար անմաքուր համարվող կերակուրների մասին Մովսիսական օրենքի սահմանումները։ Պղծող կարող էին լինել հենց Մովսեսի կողմից արգելված կենդանիների և թռչունների մսից պատրաստված (Ղևտ. 11։4–19, Բ Օր. 14։7–18) և, գուցե, նույնիսկ զոհաբերված կենդանիների արյունով ցողված ուտեստները. դրանց պատրաստման օրենքին չհամապատասխանող մեթոդը (Ղևտ. 11։32–38) և, վերջապես, սնունդ ճաշակելու բոլոր հանգամանքները. նախքան դրա ճաշակումը կուռքերին կոչեր էին ուղղվում, նրանց պատվին զոհաբերություններ էին մատուցվում, իսկ ընթրիքի ժամանակ աստվածներին փառաբանող հիմներ էին երգվում (Դան. 5։4): Պղծվելուց խուսափելու Դանիելի ցանկությունը կարող էր մարգարեների կողմից նրա մասին կանխատեսվածից ավելի ուժեղ լինել (Ովս. 9։3, Եզեկ. 4։13–14):
--------------------------------
[8] (Էջմիածին թարգ․) Դանիէլը որոշեց չճաշակել թագաւորի սեղանից եւ ոչ էլ խմել այն գինուց, որ նա էր խմում, եւ խնդրեց ներքնապետին թոյլ տալ, որ ինքը չուտի:
(Արարատ թարգ․1։8) Դանիելն իր սրտում որոշեց, որ իրեն չպղծի թագավորի կերակուրով և նրա խմած գինով, և ներքինապետին խնդրեց, որ թույլ տա՝ դրանցով իրեն չպղծի։
(Գրաբար) Եւ ե՛դ Դանիէլ’ի մտի իւրում չճաշակել’ի սեղանոյ թագաւորին, և ո՛չ’ի գինւոյ ըմպելւոյ նորա. և աղաչեաց զներքինապետն զի մի՛ ճաշակեսցէ։
   
   Պատմամշակութային մեկնություն

   Արքայական (սեղանի) կերակուրների մերժումը: Հետազոտողների շրջանում լայն քննարկումներ են ընթանում և բազում ենթադրություններ  են արվում Դանիելի և նրա ընկերների կողմից արքայական սեղանի կերակուրներից հրաժարվելու պատճառների շուրջ: Շատերը համաձայն են այն կարծիքին, որ այստեղ խոսվում է մսի և բուսական սննդի հակադրություն մասին (այս մասին ընթերցի՛ր նաև 1։5 և 1։12 համարների մեկնաբանությունները): Իհարկե, արքայական սեղանից սնունդ ընդունելը վկայում էր թագավորի հանդեպ որոշակի հավատարմության մասին, սակայն միևնույն ժամանակ նշանակություն չուներ, թե հատկապես ինչ էին ուտում երիտասարդները: Սննդի մասին հրեական օրենքների (կոշեր) համաձայն, միսը, հավանաբար, անմաքուր սնունդ էր համարվում, սակայն ոչ պատշաճ պահպանումը կամ պատրաստումը կարող էր անմաքուր դարձնել նաև սննդի մյուս տեսակները: Ավելին, հրեական օրենսդրությունը չէր արգելում գինու օգտագործումը: Թագավորի սեղանին, անկասկած, ամենալավ միսը մատակարարվում էր տաճարներից, որտեղ կուռքերին զոհեր էին մատուցվում (աստվածների առաջ նաև գինի էին հեղում), սակայն այդ ճանապարհով կարող էր նաև տարբեր տեսակի սնունդ գալ: Իհարկե, երիտասարդների որոշումը ոչ մի կապ չուներ բուսակերության կամ հատուկ նպատակներով բարձր կալորիականությամբ կերակուրներից խուսափելու ցանկության հետ (10։3): Երկու կտակարանների միջև եղած դարաշրջանի գրականության մեջ կան բազմաթիվ օրինակներ այն մասին, թե ինչպես են հրեաները հրաժարվել հեթանոսների պատրաստած կերակուրներից (Տոբիթ, Հուդիթ, Հոբելյանների գիրք): Պղծում էր ոչ այնքան սնունդը, որքան ձուլման ամբողջ ծրագիրը: Փաստորեն, սա նշանակում էր, որ Բաբելոնի իշխանությունները լիակատար վերահսկողություն են իրականացրել նրանց առօրյա կյանքի վրա: Հրեաները բռնի ձուլմանը դիմադրելու շատ քիչ հնարավորություն ունեին: Ցանկանալով պաշտպանել իրենց ազգային ինքնությունը՝ նրանք օգտվեցին այն սակավաթիվ հնարավորություններից մեկից, որտեղ դեռ նրանք ընտրելու հնարավորություն ունեին: