Դանիելի մարգարեության մեկնություն 4(3):6

Ա. Լոպուխին

6-7․ «Իսկ ով չընկնի և չերկրպագի, իսկույն կնետվի կրակով բորբոքված հնոցի մեջ»։ [6] «Ուստի երբ բոլոր ժողովուրդները լսեցին փողի, սրնգի, քնարի, ջութակի, տավիղի և ամեն տեսակի երաժշտական գործիքների ձայնը, բոլոր ժողովուրդները, ցեղերը և լեզուները վայր ընկան և երկրպագեցին այն ոսկե արձանին, որ կանգնեցրել էր Նաբուգոդոնոսոր թագավորը»։ (Սինոդական թարգ․)
   

   Արձանի երկրպագությունը Նաբուգոդոնոսորին թշնամիների վրա տիրելու հնարավորություն տված աստվածների զորության հանդիսավոր հռչակումն էր: Այս տեսանկյունից, թագավորի հրամանին հակառակվելը ապստամբություն էր թագավորի աստվածների և անձամբ նրանց երկրպագողի դեմ, ուստի դա պատժվում էր հնոցում այրելով (ասորա–բաբելոնացիների շրջանում սա ապստամբների և ընդվզողների մահապատժի սովորական ձևն էր)։ Սա կիրառվում էր, օրինակ, Սալմանասեր II և Աշուրբանիպալ արքաների կողմից, որոնք  այրում էին գերիներին, նույնիսկ երեխաներին չէին բացառում: Վերջինս իրեն վրդովվեցնելու համար այրեց նույնիսկ իր եղբայր Սամուգասին: Ասորեստանցիներից մահապատժի այս տարբերակը փոխանցվեց քաղդեացիներին. Երեմիա մարգարեի վկայության համաձայն՝ Նաբուգոդոնոսորն այրում է երկու հրեա կեղծ մարգարեների՝ Սեդեկիային և Աքաաբին, որոնք  գերի հրեաների  շրջանում քարոզում էին Բաբելոնի մոտալուտ անկման, հայրենիք վերադառնալու մասին,  և այդպիսով գերիներին գրգռում էին նրա իշխանության դեմ (Երեմ. 29։21–22):
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Եւ նա, ով գետին չընկնի ու չերկրպագի, նոյն ժամին կը նետուի բորբոքուած կրակի հնոցը»:
(Արարատ թարգ․ 3։6) Ով նկնի և չերկրպագի, իսկույն կգցվի կրակով բորբոքված հնոցի մեջ»։
(Գրաբար) Եւ որ ո՛չ անկեալ երկի՛ր պագանիցէ՝ ’ի նմին ժամու ընկեսցի ի հնոցն հրո՛յն բորբոքելոյ ։
   
   Պատմամշակութային մեկնություն

   Վառարաններ։ Հատուկ վառարանները նախատեսված էին կավե անոթներ կամ շինարարության մեջ օգտագործվող աղյուսներ թրծելու, ինչպես նաև մետաղ հալեցնելու համար: Մերձավոր Արևելքում վառարանների մասին քիչ տեղեկություններ են պահպանվել, բայց հայտնի է, որ շատ հին վառարաններ կահավորված են եղել օդափոխման համար նախատեսված հատուկ անցքերով (դռներով): Դրանք կառուցվում էին աղյուսներից կամ կավից, մինչդեռ վառարանի ներքին խցիկը երեսպատվում էր հրակայուն  հատուկ  քարանյութով: Տրամաբանական է ենթադրել, որ այս տարածքում վառարաններն օգտագործվել են այն բանի համար, ինչ նպատակով, որ ստեղծվել են (հնարավոր է նաև՝ կուռքերի պատրաստման համար), այլ ոչ թե որպես պատժի գործիք: Հին գրականության մեջ վառարանների՝ հատուկ պատժի համար օգտագործելու մասին տեղեկատվություն չկա: Որպես միակ բացառություն՝ կարող է ծառայել մոտավորապես մ.թ.ա. 1800 թվականին Լարսի թագավոր Հռոմ–Սինայի հրամանը, որն ասում էր, որ եթե ինչ–որ մեկը ուրիշի ստրուկին վառարան նետի, ապա նրա ստրուկը նույնպես պետք է վառարան  նետվի: Ընդհանուր առմամբ, սակայն, այրումը մահապատժի ձև էր, որն արդեն նշվում է Համմուրապիի օրենքներում: Պարսկաստանում մ.թ.ա. 5–րդ դարում (Արտաքսերքսեսի որդի Դարեհ II–ի կառավարման ժամանակ) և մ.թ.ա. 2–րդ դարում (Բ Մակ. 13։4–8) մահվան դատապարտվողներից ոմանց նետում էին ծխացող մոխրով լցված փոսի մեջ: