Երեմիայի մարգարեության մեկնություն 15:1

Ա․ Լոպուխին

1-9. «Եվ Տերն ասաց ինձ. «Եթե նույնիսկ Մովսեսն ու Սամուելը կանգնեին Իմ առաջ, Իմ հոգին չի խոնարհվի այս ժողովրդի առաջ. նրանց քշի՛ր Իմ աչքերի առաջից, թող որ նրանք գնան»։  [1]  «Եթե քեզ ասեն. «Մենք ո՞ւր գնանք», ապա ասա' նրանց. «Այսպես է ասում Տերը. «Ով դատապարտված է մահվան՝ թող գնա դեպի մահը, և ով սրի տակ է՝ դեպի սուրը. և ով սովի համար է՝ դեպի սովը. և ով գերության համար է՝ դեպի գերություն»»։ «Եվ նրանց վրա ուղարկելու եմ չորս տեսակի պատիժներ, - ասում է Տերը, - սուրը՝ սպանելու համար, և շներին՝ պատառոտելու համար, և երկնքի թռչուններին ու դաշտի գազաններին՝ խժռելու և ոչնչացնելու համար»։ «Եվ նրանց պիտի մատնեմ երկրի բոլոր թագավորությունների չարությանը Հուդայի թագավոր Եզեկիայի որդի Մանասեի պատճառով, ա'յն բանի համար, ինչը որ նա արեց Երուսաղեմում»։ «Որովհետև ո՞վ պիտի գթա քեզ, Երուսաղեմ, և ո՞վ ցավակից պիտի լինի քեզ, և ո՞վ պիտի գա քեզ մոտ՝ հարցնելու քո որպիսության մասին»։ «Դու լքեցիր Ինձ, - ասում է Տերը, - հետ ընթացար. ուստի Ես Իմ ձեռքը երկարացնելու եմ քեզ վրա և կործանելու եմ քեզ. Ես հոգնել եմ գթալուց»։ «Եվ հեծանոցով ծածանում եմ նրանց երկրի դարպասներում. նրանց զրկում եմ իրենց զավակներից, կործանում եմ Իմ ժողովրդին. բայց նրանք հետ չեն դառնում իրենց ճանապարհներից»։ ««Նրանց այրիներն Ինձ մոտ ծովերի ավազից ավելի շատ եղան. նրանց դեմ, երիտասարդների մոր դեմ կեսօրին կործանիչին եմ բերելու. նրանց վրա հանկարծակի հարձակվելու են վախն ու սարսափը։ Յոթ զավակ ծնած մայրը նվաղեց, նրա շունչը կտրվում է. դեռ ցերեկով նրա արևը մայր մտավ, նա ամաչեց ու խայտառակվեց: Եվ նրանց մնացորդին սրի եմ մատնելու իրենց թշնամիների աչքի առաջ», - ասում է Տերը»։ «Վա՜յ ինձ, մա'յր իմ, որ դու ինձ ծնեցիր որպես մի մարդ, որը կռվում և վիճում է ամբողջ երկրի հետ. ոչ մեկին պարտք չեմ տվել, և ոչ ոք ինձ պարտք չի տվել, բայց բոլորն անիծում են ինձ»։ (Սինոդական թարգմ.)
   
    Տերը չի ցանկանում ներել Իր ժողովրդին, որովհետև վերջինս արժանի չէ դրան: Ժողովրդին մնում է ընդունել Աստծո արդար դատաստանով իր համար սահմանված բոլոր պատիժները, և մարգարեն արդեն տեսնում է այդ վճռի իրականացումը:

    Մովսեսն ու Սամուելը, ինչպես Սաղմոս 98:6 համարում, այնպես էլ այստեղ ներկայացվում են որպես ժողովրդի համար բարեխոսողներ, քանի որ ժամանակին նրանց բարեխոսությունը ընդունվել էր Աստծո կողմից (Ելք 32:11, Թվեր 14:13, Ա Թագ. 7:9, 12:18): Բայց հիմա նույնիսկ այդ բարեխոսները չեն կարող լսելի լիներ  Աստծո կողմից, քանի որ Աստծու առաջ այդչափ մեծ է հրեա ժողովրդի մեղքը:

    «Թող նրանք հեռանան»։ Ըստ երևույթին, ներում խնդրելու համար հրեաներն իրենք էին տաճար եկել:

---------------------------------------

[1](Էջմիածին թարգմ.) Տէրն ինձ ասում է. «Եթէ Մովսէսն ու Սամուէլն իսկ իմ դիմաց կանգնեն, ես հոգով այդ ժողովրդի հետ չեմ լինի. այդ ժողովրդին հեռո՛ւ վանիր ինձնից, թող հեռանա՛:

(Արարատ թարգմ.) Եվ Տերն ասաց ինձ. «Եթե Մովսեսն ու Սամուելը կանգնեին իմ առաջ, իմ սիրտն այս ժողովրդին չի դառնալու. նրանց քշի՛ր իմ աչքերի առաջից. թող որ գնան։

 (Գրաբար) Եւ ասէ ցիս Տէր. Եթէ կացցեն Մովսէս եւ Սամուէլ առաջի երեսաց իմոց, ոչ եղիցի անձն իմ ընդ նոսա. իբաց արձակեա զժողովուրդդ զայդ յերեսաց իմոց՝ եւ ելցեն։