Երեմիայի մարգարեության մեկնություն 17։22

Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի

Շաբաթ օրը ձեր տներից դուրս բեռ մի՛ բերեք և ոչ մի գործ մի՛ արեք, այլ սրբացրե՛ք շաբաթ օրը, ինչպես որ հրամայել եմ ձեր հայրերին:
   
    Սակայն, բացի այդ, նաև ասում է. «Ոչ մի գործ մի՛ արեք և շաբաթ օրը սո՛ւրբ պահեցեք». սրանով, ինչպես մենք հաճախ ասել ենք, ցույց է տալիս այդ և այլ ժամանակների, ինչպես նաև Քրիստոսին նվիրված տոնակատարությունները կատարելու համար նախատեսված բոլոր սուրբ ժամանակների հանգիստն ու խաղաղությունը։
    Մենք շաբաթ օրը չպետք է բոլորովին անտեղի աշխատենք, այլ, ընդհակառակը, պետք է մեզանից հեռացնենք ու ազատվենք մեզ աշխատելու և սպառվելու կանչող ամեն ինչից: Սա կարող ենք սովորել նաև այլ օրենսդրություններից:  Նույն կերպ էլ «Ելից» գրքում է ասվում. «Վեց տարի կմշակես քո հողը և կհավաքես դրա բերքը: Յոթներորդ տարում չես մշակի այն և կթողնես, որ հանգստանա» (23:10–11)։ Նաև Ղևտականում. «Իսրայելի որդիներին ասա՛. «Եթե մտնեք այն երկիրը, որ ես տալու եմ ձեզ, թող հանգստանա նաև այդ հողը, քանի որ Տիրոջ շաբաթն է: Վեց տարի կմշակես քո արտը, վեց տարի կէտես քո այգին և կհավաքես բերքը: Յոթներորդ տարին հանգստյան շաբաթ թող լինի այդ հողի համար, քանի որ շաբաթը Տիրոջն է պատկանում» (25:2–4)։ Իհարկե, հողին չէ, որ աշխատանքից ազատ լինել է թույլատրում, և այդ օրենքը նրա համար չէ, այլ հողը հանգիստ թողնելու միջոցով փորձում է այն օգտագործողներին հանգստություն տալ: Այսքան բազմազան կերպերով մատնանշում է Քրիստոսի տոնը, որի ժամանակ Աստծո երկյուղով ապրածները սրբության մեջ հասնելու են կատարյալ և ամբողջական ազատության ու Հոգու առատ շնորհների: Սա կարող ենք իմանալ նաև Մովսիսական պատվիրաններից։ «Եթե եբրայեցի քո եղբայրը կամ եբրայեցի մի կին վաճառվի քեզ, ապա վեց տարի նա թող ծառայի քեզ, իսկ յոթներորդ տարում նրան ազատ կարձակես քեզնից» (Բ Օրին. 15:12): Այսինքն՝ ժամանակին մեղքին ստրկացածները և այլասերված հաճույքներով ինչ–որ կերպ սատանային վաճառվածները հավատի միջոցով Քրիստոսի մեջ արդարանալով՝ կմտնեն ճշմարիտ և սուրբ խաղաղության մեջ, վերին օգնության միջոցով կհայտնվեն ազատության մեջ և կփայլեն աստվածային բարիքներով:
   

Ա. Լոպուխին

«Եվ ձեր տներից բեռ դուրս մի՛ բերեք շաբաթ օրը և ոչ մի գործ մի՛ արեք, այլ սրբացրե՛ք շաբաթ օրը, ինչպես որ Ես պատվիրել եմ ձեր հայրերին»:(Սինոդական թարգ․)[22]
--------------------------------
[22] (Էջմիածին թարգ․) շաբաթ օրը ձեր տներից բեռներ մի՛ հանէք, ոչ մի գործ մի՛ արէք եւ շաբաթ օրը սո՛ւրբ պահեցէք, ինչպէս պատուիրեցի ձեր հայրերին:
(Արարատ թարգ․) Շաբաթ օրը ձեր տներից դուրս բեռ մի՛ բերեք և ոչ մի գործ մի՛ արեք, այլ սրբացրե՛ք շաբաթ օրը, ինչպես որ հրամայել եմ ձեր հայրերին:
(Գրաբար) եւ մի հանէք բեռինս ի տանց ձերոց յաւուր շաբաթուց. եւ զամենայն գործ մի գործէք. եւ սրբեցէք զաւրն շաբաթուց որպէս պատուիրեցի հարցն ձերոց։