Ա. Լոպուխին
26-31. «Եվ հյուսիսի բոլոր թագավորներին՝ իրար մոտիկ ու հեռու, և աշխարհի բոլոր թագավորություններին, որոնք երկրի երեսին են, իսկ Սիսակ թագավորը թող խմի նրանցից հետո»։ [26] «Եվ ասա՛ նրանց. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Խմե՛ք ու հարբե՛ք և փսխե՛ք ու ընկե՛ք և մի՛ կանգնեք` տեսնելով այն սուրը, որը Ես կուղարկեմ ձեզ վրա»»։ «Իսկ եթե նրանք մերժեն քո ձեռքից բաժակը վերցնել` խմելու համար, ապա ասա՛ նրանց. «Այսպես է ասում Զորությունների Տերը. «Դուք անպատճառ պիտի խմեք»»։ ««Որովհետև ահա այն քաղաքի վրա, որը կոչված է Իմ անունով, Ես սկսել եմ չարիք բերել. և մի՞թե դուք անպատիժ կմնաք: Ո'չ, դուք անպատիժ չեք մնա. որովհետև Ես սուր եմ կանչելու երկրի բոլոր բնակիչների վրա, - ասում է Զորությունների Տերը»։ «Ուստի նրանց դեմ մարգարեացի՛ր այս բոլոր խոսքերը և ասա՛ նրանց. «Տերը բարձրից որոտալու է և Իր սուրբ բնակարանից արձակելու է Իր ձայնը. ահավոր որոտալու է Իր բնակավայրի դեմ. հնձանում տրորողների պես պիտի գոչի բոլոր նրանց դեմ, ովքեր բնակվում են երկրի վրա»»։ ««Աղմուկը հասնելու է մինչև երկրի ծայրը, որովհետև Տերը վեճ ունի ժողովուրդների հետ. Նա դատ է տեսնելու ամեն մարմնի հետ, ամբարիշտներին Նա սրի է մատնելու», - ասում է Տերը»։ (Սինոդական թարգմ.)
«Սիսակ թագավոր»–ն ակնհայտորեն Բաբելոնի արքան է: Շատ հավանական է, որ Սիսակ անունը Բաբելոն (Вabel) անվանման ձևափոխությունն է: Հնագույն շրջանի գրողները երբեմն օգտագործում էին հատուկ այբուբեն, որը կոչվում էր «ատբաշ»: Այստեղ այբուբենի առաջին տառը փոխարինվում է վերջինով, իսկ երկրորդը՝ նախավերջինով և այլն: Այսպիսով՝ Բաբելոն (Вabel) բառի փոխարեն մարգարեն կարող էր ստանալ «Սիսակ» բառը: Ոմանք ենթադրում են, որ մարգարեն այն բանի համար է Բաբելոնի մասին այդքան գաղտնի խոսում, որովհետև Բաբելոնի անկման մասին այստեղ կատարվող մարգարեությունը կարող էր քաջալերող ազդեցություն թողնել հրեաների վրա, որոնք բաբելոնացիներին հանձնվել չէին ցանկանում: Մյուսներն էլ ասում են, որ մարգարեն սա արել է, որովհետև չի ցանկացել զայրացնել բաբելոնացիների արքային, որն այդ ժամանակ արդեն գրեթե ամբողջ Պաղեստինի տիրակալն էր:
------------------------------
[26](Էջմիածին թարգմ.) նաեւ միմեանցից հեռու կամ իրար մօտ հիւսիս-արեւելքի բոլոր թագաւորներին, ինչպես նաեւ երկրի բոլոր թագաւորներին, որոնք կան աշխարհի երեսին: Իսկ ամենավերջում պիտի խմի Սիսակ թագաւորը:
(Արարատ թարգմ.) և հյուսիսի բոլոր թագավորներին՝ իրար մոտիկ թե հեռու, և աշխարհի բոլոր թագավորություններին, որ երկրի երեսին են. և նրանցից հետո թող խմի Սիսակ թագավորը։
(Գրաբար) Եւ ամենայն թագաւորացն հիւսւսոյ Արեւելից. մերձաւորաց եւ հեռաւորաց իւրաքանչիւր առ եղբաւր իւրում եւ ամենայն թագաւորաց երկրի, որ ի վերայ երեսաց երկրի։ եւ թագաւորն Սիսակ արբցէ յետ ամենեցուն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: