Երեմիայի մարգարեության մեկնություն 31:5

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Դարձեալ այգիներ պիտի տնկէք Սամարիա լերան վրայ, տունկեր պիտի տնկէք եւ փառաբանէք,
    
    Հունարեն թարգմանության գաղափարն այն է, որ վերադառնալուց հետո դուք կվայելեք երկրի բերրիությունը՝ տիրանալով դրան: Հենց սա են շեշտում «Եփրեմի լեռներում» բառերը։ Վերոնշյալ արտահայտության մեջ նաև մասը խորհրդանշում է ամբողջ երկիրը։ Սրա միջոցով, կարծես, ասում է՝ նախանձախնդրությա՛մբ գնացեք տաճար՝ Աստծուն փառաբանելու: Իսկ ըստ եբրայերեն տեքստի՝ այսպես է ասվում. «Պիտի տնկեն և պտուղներն ուտեն: Կլինի մի օր, երբ խաղողը պահպանողները կբացականչեն. Ելե՛ք գնանք Սիոն»: Միտքը մնում է նույնը. երկու  տեքստում էլ բառերն  այնպես են օգտագործվել, որ դրանից հատուկ բարեպաշտություն է երևում:
    

Ա. Լոպուխին

«Կրկին խաղողի այգիներ պիտի տնկես Սամարիայի լեռների վրա. տնկողները, որոնք պիտի տնկեն դրանք, նրանք նույնպես պիտի օգտվեն դրանցից»։  (Սինոդական թարգմ.) [5]
    
     «Սամարիայի լեռները».  սրանք, ընդհանուր առմամբ, Եփրեմի լեռներն են, որոնք այստեղ անվանվել են Իսրայելի թագավորության մայրաքաղաքի անունով: «Նրանք իրենք էլ կօգտագործեն»: Ըստ Մովսեսի օրենքի՝ առաջին երեք տարում նոր բնակեցված տարածքի խաղողի պտուղները համարվել են անմաքուր և որպես կերակուր չեն օգտագործվել: 4–րդ տարում դրանք զոհաբերվել են Աստծուն, և միայն 5–րդ տարուց են սկսել սովորականի պես օգտագործվել  (Ղևտ. 19:23–25): Քանի որ հին ժամանակներում թշնամիները հաճախ են ավերել Իսրայելի երկիրը, ուստի հաճախ է պատահել, որ որթատունկը տնկողը չի կարողացել սպասել 5–րդ տարուն, քանի որ մինչև այդ ժամանակի լրանալը խաղողի որթերը ոչնչացվել են թշնամիների կողմից: Այն ժամանակ, երբ Տերը իսրայելացիներին վերադարձնի իրենց երկիրը, այդպիսի տխուր իրադարձություններ այլևս տեղի չեն ունենա:
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 31:1

------------------------------

[5](Էջմիածին թարգմ.) Դարձեալ այգիներ պիտի տնկէք Սամարիա լերան վրայ, տունկեր պիտի տնկէք եւ փառաբանէք, "
(Արարատ թարգմ.) Սամարիայի լեռների վրա կրկին խաղողի այգիներ պիտի տնկես. տնկողները պիտի տնկեն, նաև պիտի վայելեն նրա պտուղը։
(Գրաբար) Դարձեալ տնկեսջիք այգիս ի լերին Սամարեայ. տնկեսջիք տունկս՝ եւ աւրհնեսջիք։