Ա. Լոպուխին
27–32. «Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիային այն բանից հետո, երբ թագավորն այրեց մագաղաթը և այն խոսքերը, որոնք Բարուքը գրել էր Երեմիայի բերանից, և նրան ասվեց»:[27] «Քեզ համար կրկին մի ուրի՛շ մագաղաթ վերցրու և նրա վրա գրի՛ր այն բոլոր նախկին խոսքերը, որոնք կային առաջին մագաղաթի վրա, որն այրեց Հովակիմը՝ Հուդայի թագավորը»։ «Իսկ Հուդայի Հովակիմ թագավորին ասա՛. «Այսպես է ասում Տերը. «Դու այրեցիր այս մագաղաթը՝ ասելով. «Ինչո՞ւ ես դու գրել նրա վրա՝ անպատճառ պիտի գա Բաբելոնի թագավորը և պիտի ավերի այս երկիրն ու կործանի մարդկանց և անասուններին»»։ «Դրա համար այսպես է ասում Տերը Հովակիմի՝ Հուդայի թագավորի մասին. «Նրանից Դավթի գահի վրա բազմող չպիտի լինի, և նրա դիակը պիտի նետվի ցերեկվա տապի ու գիշերվա սառնամանիքի մեջ»»: «Եվ պիտի այցելեմ նրան և նրա սերնդին ու նրա ծառաներին իրենց անիրավության համար և նրանց վրա ու Երուսաղեմի բնակիչների և Հուդայի մարդկանց վրա պիտի բերեմ այն ամբողջ չարիքը, որի մասին Ես ասացի նրանց, բայց նրանք չլսեցին»։ «Եվ Երեմիան վերցրեց մի ուրիշ մագաղաթ ու տվեց Բարուք դպրին՝ Ներիայի որդուն, և նա դրա վրա Երեմիայի բերանից գրեց ա՛յն մագաղաթի բոլոր խոսքերը, որը Հովակիմը՝ Հուդայի թագավորը, այրել էր կրակով. և դեռ դրանց վրա դրանց պես շատ խոսքեր էլ ավելացվեցին»։ (Սինոդական թարգմ.)
Երեմիան Աստծուց իր մարգարեությունները կրկին գրելու և Հովակիմին այն հայտնելու հրաման է ստանում, որ Աստծո խոսքի հանդեպ իր հանդուգն վերաբերմունքի համար Տերը թույլ չի տալու, որպեսզի նրա հետնորդները նստեն Դավթի գահին, իսկ անձամբ թագավորին զրկելու է պատվավոր հուղարկավորությունից:
----------------------------------------------------------
[27](Էջմիածին թարգմ.) Այն բանից յետոյ, երբ թագաւորն այրեց մատեանը, ուր Բարուքը Երեմիայի բերանից գրի էր առել նրա բոլոր խօսքերը, Տէրը խօսեց Երեմիայի հետ՝ ասելով.
(Արարատ թարգմ.) Երբ թագավորն այրեց այն մագաղաթը և այն խոսքերը, որոնք Բարուքը գրել էր Երեմիայի բերանից, Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղեւ բան Տեառն առ Երեմիայ յետ այրելոյ թագաւորին զքարտէսն, եւ զամենայն բանս զոր գրեաց Բարուք ի բերանոյ Երեմիայի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: