Ա. Լոպուխին
1-10. «Հեքոնիայի` Հովակիմի որդու փոխարեն թագավորեց Սեդեկիան՝ Հովսիայի որդին, որին Նաբուգոդոնոսորը՝ Բաբելոնի թագավորը, թագավոր կարգեց Հուդայի երկրում»։ [1] «Ո՛չ նա, ո՛չ նրա ծառաները և ո՛չ էլ երկրի ժողովուրդը չհնազանդվեցին Տիրոջ խոսքերին, որոնք Նա ասաց Երեմիա մարգարեի միջոցով»։ «Սեդեկիա թագավորը Հուքալին՝ Սեղեմիայի որդուն, և Սոփոնիա քահանային՝ Մաասիայի որդուն, ուղարկեց Երեմիա մարգարեի մոտ՝ ասելու. «Աղոթի՛ր մեզ համար մեր Տեր Աստծուն»»։ «Երեմիան այդ ժամանակ դեռևս ազատորեն մտնում ու դուրս էր գալիս ժողովրդի մեջ, որովհետև նրան դեռ չէին բանտարկել բանտում»։ «Այդ ընթացքում փարավոնի զորքը դուրս եկավ Եգիպտոսից, և քաղդեացիները, որոնք պաշարել էին Երուսաղեմը, լսելով այդ լուրը՝ հեռացան Երուսաղեմից»։ «Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիա մարգարեին»: «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. Այսպե՛ս ասացեք Հուդայի թագավորին, որը ձեզ ուղարկել է Ինձ մոտ՝ Ինձ հարցնելու համար. «Ահա, փարավոնի զորքը, որը դուրս էր եկել ձեզ օգնելու, պիտի վերադառնա իր երկիրը՝ Եգիպտոս»»։ «Իսկ քաղդեացիներն էլ նորից պիտի գան ու պատերազմեն այս քաղաքի դեմ, և պիտի գրավեն ու կրակով այրեն այն»:«Այսպես է ասում Տերը. §Մի՛ խաբեք ինքներդ ձեզ՝ ասելով. «Քաղդեացիներն անշուշտ հեռանալու են մեզնից», որովհետև նրանք չեն հեռանալու»»։ «Եթե նույնիսկ ջախջախեք էլ քաղդեացիների ամբողջ զորքին, որը պատերազմում է ձեր դեմ, և նրանցից միայն վիրավորները մնան, դարձյալ նրանցից յուրաքանչյուրն էլ իր վրանից վեր պիտի ելներ ու այս քաղաքը պիտի այրեր կրակով»։ (Սինոդական թարգմ.)
1–10–րդ համարներում Երեմիայի մարգարեությունն է Երուսաղեմի պարիսպներից հեռացած քաղդեացիների դեպի Հուդա կատարելիք երկրորդ արշավանքի մասին: 11–16–րդ համարներում խոսվում է մարգարեին կալանքի տակ առնելու մասին: Իսկ 17–21–րդ համարներում` Նրա զրույցն է Սեդեկիա թագավորի հետ:
Այն ժամանակ, երբ հրեաներին օգնելու եկած եգիպտական բանակի մոտենալու շնորհիվ քաղդեացիները ստիպված եղան ժամանակավորապես դադարեցնել Երուսաղեմի պաշարումը, Սեդեկիան, հույս ունենալով, որ Երեմիա մարգարեն հրեաների համար այլևս ոչ մի տխուր բան չի ասի, դեսպաններ է ուղարկում նրա մոտ և խնդրում, որ աղոթի հրեաների համար, իսկ հետո նրանց ինչ–որ մխիթարական բան ասի: Բայց Երեմիան նախկինի պես հայտարարում է քաղդեացիների կողմից Երուսաղեմի կործանման մասին:
----------------------------------------
[1](Էջմիածին թարգմ.) Յովակիմի որդի Յեքոնիայի փոխարէն թագաւորեց Յոսիայի որդի Սեդեկիան, որին Յուդայի երկրի վրայ թագաւոր կարգեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան:
(Արարատ թարգմ.) Հովակիմի որդի Հեքոնիայի փոխարեն թագավորեց Հովսիայի որդի Սեդեկիա թագավորը, որին Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը Հուդայի երկրում թագավոր դրեց։
(Գրաբար) Եւ թագաւորեաց Սեդեկիա որդի Յովսիայ փոխանակ Յեքոնիայ որդոյ Յովակիմայ, զոր թագաւորեցոյց Նաբուքոդոնոսոր արքայ բաբելացւոց՝ թագաւորել ի վերայ Յուդայ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: