Երեմիայի մարգարեության մեկնություն 46։15

Ա. Լոպուխին

15-28. «Ինչո՞ւ կործանվեց քո հզորը. այն չդիմացավ, որովհետև Տերը նրան վայր գցեց»։[15] «Նա շատացրեց ընկնողներին, նույնիսկ մեկը մյուսի վրա ընկան և ասացին. «Վե՛ր կաց, և վերադառնա´նք մեր ժողովրդի մոտ` մեր հայրենի երկիրը` բռնավորի սրի պատճառով»»։ «Իսկ այնտեղ բղավում են. «Փարավոնը` Եգիպտոսի թագավորը, շփոթված է. նա բաց է թողել սահմանված ժամանակը»»։ «Կենդանի եմ Ես, - ասում է այն Թագավորը, Որի անունն է Զորությունների Տեր. ինչպես Թաբորն է լեռների մեջ, և Կարմելոսը՝ ծովեզրին, այդպես հաստատուն էլ նա պիտի գա»։ «Քեզ համար տարագրությանը անհրաժեշտ իրե´ր պատրաստիր, դո՛ւստր, Եգիպտոսի´ բնակչուհի, որովհետև Նոֆը ամայի պիտի դառնա, պիտի ավերվի, առանց բնակչի մնա»։ «Եգիպտոսը շատ գեղեցիկ մի երինջ է. բայց հյուսիսից կործանում է գալիս, գալիս»։ «Նրա վարձկան զինվորները նրա մեջ պարարտացված զվարակների նման են, և նրանք ևս հետ դարձան, բոլորը փախան, չկանգնեցին, որովհետև նրանց վրա է եկել նրանց կործանման օրը, նրանց այցելության ժամանակը»։ «Նրա ձայնը հնչում է օձի ձայնի պես. նրանք ընթանում են զորքով, նրա դեմ կացիններով են գալիս` փայտահատների նման»։ «Պիտի կտրեն նրա անտառը, - ասում է Տերը, - թեկուզև այն անչափ խիտ էլ լինի. նրանք ավելի շատ են, քան մորեխները, և թիվ չկա նրանց»։ «Եգիպտոսի դուստրն ամոթահար եղավ, մատնվեց հյուսիսային ժողովրդի ձեռքը»։ «Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Ահա, Ես այցելելու եմ Ամոնին, որ Նովհն է, նաև փարավոնին ու Եգիպտոսին և նրա աստվածներին ու նրա թագավորներին, փարավոնին և նրան ապավինողներին»։ ««Եվ նրանց պիտի մատնեմ նրանց հոգին փնտրողների ձեռքը և Նաբուգոդոնոսորի` Բաբելոնի թագավորի ձեռքը, ու նրա ծառաների ձեռքը. բայց դրանից հետո այն (Եգիպտոսը) կբնակեցվի, ինչպես նախկին օրերում», - ասում է Տերը»։ «Բայց դու մի՛ վախեցիր, Իմ ծառա Հակոբ, և մի՛ զարհուրիր, Իսրայե´լ. որովհետև ահա, Ես ազատելու եմ քեզ հեռու երկրից և քո սերնդին՝ նրանց գերության երկրից. և Հակոբը պիտի վերադառնա և հանգիստ ու հանդարտ պիտի ապրի, և ոչ ոք չի վախեցնի նրան»։ «Մի՛ վախեցիր, Իմ ծառա Հակոբ, - ասում է Տերը. - որովհետև Ես քեզ հետ եմ. Ես պիտի վերացնեմ այն բոլոր ժողովուրդներին, որոնց մեջ Ես քեզ աքսորեցի, բայց քեզ չպիտի վերացնեմ, այլ միայն պիտի պատժեմ քեզ չափավորությամբ. անպատիժ չեմ թողնելու քեզ»։ (Սինոդական թարգմ.)
   
   «Քո զորավոր» (ըստ եբրայերեն բնագրի՝ «abireicha՝ ձեր ուժեղ» է), այսինքն՝ ռազմական մարտակառքերին ամրացված ձիերը  (Երեմ. 8:16): Եբրայերեն, ինչպես նաև ռուսերեն,  տեքստերում բայը դրված է եզակի թվով, քանի որ «abireicha» բառը համարվել է «զորք» բառի համարժեքը: Յոթանասնից թարգմանության մեջ, ակնհայտորեն, «abir» բառն ընթերցվել է որպես «Apis», քանզի այստեղ եգիպտական աստծո մասին մատնանշում է նկատվել։

-------------------------------------------

[15](Էջմիածին թարգմ.) քո ընտիր ցուլը փախուստ տուեց, չմնաց, քանի որ Տէրը լքեց նրան”:
(Արարատ թարգմ.) Ինչո՞ւ կործանվեց քո հզորը. այն չդիմացավ, որովհետև Տերը նրան վայր գցեց։
(Գրաբար) ի փախուստ դարձաւ ցուլն քո ընտիր, ոչ մնաց՝ զի Տէր լքոյց զնա։