Սուրբ Եփրեմ Ասորի
Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Վա՜յ Նաբաւին, որ կործանուեց, Կարիաթիմն ամօթահար եղաւ, գրաւուեց. ամօթահար եղաւ Մոսոգամբն ու պարտութեան մատնուեց:
Փղշտացիներից հետո մարգարեն դիմում է մովաբացիներին և հարևան արաբական ժողովուրդներին, հայտարարում է բաբելոնացիների արշավանքի դեպքում նրանց պարտության մասին և նրանց խոսքերով բացատրում է այն, ինչը նա նախկինում պատկերավոր կերպով ներկայացնում էր մովաբական դեսպաններին, որոնք գնացել էին Սեդեկիա թագավորի մոտ, իրենց համար կապանքներ և լուծ էին ստեղծել ու դրանք դրել էին իրենց պարանոցին (Երեմ. 27:2–3): Որպես մովաբացիների անկման պատճառ՝ Եզեկիել և Սոփանիա մարգարեները ներկայացնում են նրանց հպարտությունը (Եզեկ. 25:7, Սոփոն. 2:8), որովհետև մովաբացիները, իրենց ամբարտավանությամբ, բարձրացան Աստծո ժողովրդի առջև, ովքեր ընկել էին ստրկության ծանր լծի տակ, և անիծեցին այն արհավիրքների համար, որ կրում էին հրեաները: Դրանից կարելի է եզրակացնել, որ աղետները, որոնց ենթարկվեցին մովաբացիները, նրանց էին հասել այն բանից հետո, երբ երկու թագավորներն էլ (և՛ Սամարիայի, և՛ Երուսաղեմի) պարտություն էին կրել ասորեստանցիներից ու բաբելոնացիներից և զրկվել էին իրենց թագավորություններից ու ազատությունից: «Վա՜յ, Նաբավին, որ կործանվեց, Կարիաթիմն ամոթահար եղավ, գրավվեց»: Մովաբի այս երկու քաղաքները հենց պատերազմի սկզբում գրավվեցին և ավերվեցին քաղդեացիների կողմից:
Ա. Լոպուխին
1-47. «Մովաբի մասին այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Վա՜յ Նեվոյին. այն կործանվեց. Կարիաթեմն ամոթահար եղավ ու գրավվեց. Միզգավը ամոթահար եղավ ու ջախջախվեց»»։ [1] «Մովաբի փառքն այլևս չկա. Եսեբոնում նրա դեմ չարիք են նյութում. «Գնանք, վերացնենք նրան ժողովուրդների միջից»։ Եվ դու էլ, Մադմե´ն, պիտի կործանվես. սուրը հետապնդելու է քեզ»։ «Աղաղակի ձայն է լսվում Որոնայիմից, ամայություն և մեծ ավերածություն»։ «Մովաբը ջախջախվեց. նրա մանուկներն աղաղակ բարձրացրին»։ «Ղուիթի զառիվերի վրա լաց ու կոծ է բարձրանում. և Որոնայիմի զառիվայրի վրա թշնամին կործանման աղաղակ է լսում»։ «Փախե՛ք, փրկե՛ք ձեր կյանքը և անապատի մերկ ծառի պե՛ս եղեք»։ «Քանի որ դու ապավինել ես քո գործերին և քո գանձերին, ուստի դո՛ւ էլ պիտի գրավվես, և Քամովսը գերության պիտի տարվի իր քահանաների և իր իշխանավորների հետ»։ «Եվ կործանողը պիտի գա ամեն քաղաքի դեմ, և քաղաքը չպիտի փրկվի. և հովիտը պիտի ոչնչանա, ու դաշտը պիտի ամայանա, ինչպես ասել է Տերը»։ «Թևե՛ր տվեք Մովաբին, որպեսզի նա կարողանա թռչել. նրա քաղաքները պիտի ամայանան, որովհետև ոչ ոք չպիտի բնակվի դրանց մեջ»։ «Անիծյա՛լ լինի Տիրոջ գործն անփութությամբ անողը, և անիծյա՛լ լինի Նրա սուրն արյունից հետ պահողը»։ «Մովաբն իր երիտասարդությունից ի վեր հանգիստ էր, գինու պես հանդարտ հանգչում էր իր թթխմորի վրա և անոթից անոթ չթափվեց ու գերության չգնաց. դրա համար նրա համն իր մեջ մնաց, և նրա բուրմունքը չփոխվեց»։ «Ուրեմն, ահա, օրեր են գալիս, - ասում է Տերը, - երբ Ես նրա մոտ փոխադրողներ կուղարկեմ, որոնք կհեղեղեն նրան ու կդատարկեն նրա անոթները և կկոտրտեն նրա կարասները»։ «Եվ Մովաբը կամաչի Քամովսից, ինչպես որ Իսրայելի տունն ամաչեց Բեթելից` իր ապավենից»։ «Ինչպե՞ս եք դուք ասում. «Մենք քաջ և կտրիճ մարդիկ ենք պատերազմի համար»»։ «Մովաբն ավերվեց, և նրա քաղաքներն այրվում են, ու նրա ընտիր երիտասարդները գնացել են մորթվելու, - ասում է Թագավորը. - Զորությունների Տեր է Նրա անունը»։ «Մովաբի կործանումը մոտալուտ է, և խիստ շտապում է նրա աղետը»։ «Ողբացե՛ք նրա վրա, նրա բոլո՛ր հարևաններ, և ամենքդ, որ գիտեք նրա անունը, ասացե՛ք. «Ինչպե՜ս կոտրվեց զորության գավազանը, փառքի ցուպը»։ «Իջի՛ր մեծության բարձունքից և նստի՛ր ծարավի, դո´ւստր, Դիբոնի բնակիչ, որովհետև Մովաբը կործանողը գալու է քեզ վրա և քարուքանդ է անելու քո ամրությունները»։ «Կանգնի´ր Ճանապարհի մոտ և դիտի՛ր, Արոերի´ բնակիչ, հարցրո՛ւ փախչողին և խույս տվողին. «Ի՞նչ պատահեց»»։ «Մովաբն ամոթահար եղավ, որովհետև ջախջախվեց. ողբացե՛ք և աղաղակե՛ք, հայտարարե՛ք Առնոնում, որ ավերվեց Մովաբը»։ «Եվ դատաստան եկավ հարթավայրի վրա, Քաղոնի վրա և Հասսայի վրա ու Մոփաթի վրա»: «Եվ Դիբոնի վրա ու Նեվոյի վրա և Բեթդիբլաթայիմի վրա»: «Եվ Կարիաթայիմի վրա և Բեթ-Գամուվղի վրա ու Բեթ-Մավոնի վրա»: «Եվ Կերիոթի վրա ու Բոսորի վրա և Մովաբի երկրի բոլոր քաղաքների վրա՝ հեռավոր և մոտակա»։ ««Կոտրվեց Մովաբի եղջյուրը, և նրա բազուկը փշրվեց, - ասում է Տերը»։ «Արբեցրե՛ք նրան, որովհետև նա բարձրացավ Տիրոջ դեմ. և թող Մովաբը թավալվի իր փսխունքի մեջ, և ինքը ևս ծաղրի առարկա դառնա»։ «Մի՞թե քեզ համար ծաղրի առարկա չեղավ Իսրայելը. արդյո՞ք նա գողերի մեջ գտնվեց, որ դու, երբ նրա մասին ես խոսում, տարուբերում ես գլուխդ»։ «Թողե՛ք քաղաքները և բնակվե՛ք ժայռերում, Մովաբի´ բնակիչներ, և նմա՛ն եղեք աղավնիների, որոնք բույն են դնում քարայրի բացվածքի եզրերին»։ «Մենք լսել ենք Մովաբի հպարտության, չափազանց հպարտության, նրա մեծամտության և նրա ամբարտավանության ու նրա գոռոզության և նրա սրտի բարձրամտության մասին»։ «Ես գիտեմ նրա լրբությունը, - ասում է Տերը, - բայց դա անհուսալի է. ընդունայն են նրա խոսքերը. այդպես չեն անելու»։ «Դրա համար պիտի ողբամ Մովաբի վրա և պիտի աղաղակեմ ամբողջ Մովաբի վրա. պիտի հառաչեն Կիրհարեսի մարդկանց համար»։ «Պիտի լամ քեզ վրա Սեբամայի որթատունկ, լաց կլինենք Հազերի վրա. քո շառավիղները երկարեցին մինչև ծովը, հասան մինչև Հազեր լիճը։ Կործանողը հարձակվեց քո ամառային պտուղների և քո հասած խաղողի վրա»։ «Ուրախությունն ու ցնծությունը վերացվելու են Կարմելոսից ու Մովաբի երկրից: Ես դադարեցնելու եմ գինու հոսքը հնձաններից. այլևս երգերով չպիտի տրորեն դրանք (խաղող). նախատինքի աղաղակ պիտի լինի, և ոչ թե ուրախության աղաղակ»։ «Եսեբոնի աղաղակից մինչև Եղեաղե ու մինչև Հասսա նրանք կբարձրացնեն իրենց ձայնը Սեգովրից մինչև Որոնայիմ՝ մինչև երրորդ Էգլա, որովհետև Նեմրիմի ջրերն էլ ցամաքելու են»։ «Մովաբից պիտի վերացնեմ, - ասում է Տերը, - բարձրադիր վայրերում զոհ մատուցողներին և նրա աստվածներին խունկ ծխողներին»։ «Ուստի Մովաբի համար սիրտս հնչում է սրինգների պես. Կիրհարեսի բնակիչների համար իմ սիրտը հնչում է սրինգների պես, որովհետև այն հարստությունը, որը նրանք վաստակել էին, ոչնչացել է»։ «Բոլորի գլուխները մերկ են, և բոլորի մորուքները՝ կարճացված. բոլորի ձեռքերի վրա կտրվածքներ կան, և մեջքների վրա՝ քուրձ»։ ««Մովաբի բոլոր կտուրների վրա և նրա փողոցներում համատարած ողբ կա, որովհետև Ես Մովաբին կոտրեցի մի անպիտան անոթի պես, - ասում է Տերը»։ ««Ինչպե՜ս փշրվեց նա», -պիտի ասեն ողբալով. «ինչպե՜ս է Մովաբն ամոթահար եղել` թիկունք դարձնելով»։ Եվ Մովաբը ծաղրի ու սարսափի առարկա պիտի լինի բոլոր իրեն շրջապատողների համար»։ «Որովհետև այսպես է ասում Տերը. «Ահա, նա արծվի պես պիտի սավառնի և իր թևերը պիտի տարածի Մովաբի վրա»»: «Քաղաքները պիտի գրավվեն, և բերդերը նվաճվեն, ու քաջ մովաբացիների սիրտն այդ օրը երկունքի ցավ քաշող կնոջ սրտի պես պիտի լինի»։ «Եվ Մովաբը պիտի բնաջնջվի ժողովուրդների միջից, որովհետև նա ապստամբեց Տիրոջ դեմ»։ ««Սարսափ, գուբ և որոգայթ կա քեզ համար, Մովաբի՛ բնակիչ, - ասում է Տերը»։ ««Ով փախչի սարսափից, գուբը պիտի ընկնի. իսկ ով դուրս ելնի գուբից, որոգայթի մեջ պիտի բռնվի, որովհետև Ես նրա վրա՝ Մովաբի վրա, պիտի բերեմ այցելության տարին, - ասում է Տերը»։ «Եսեբոնի հովանու տակ կանգ առան փախչողները` ուժասպառ եղած. բայց Եսեբոնից կրակ դուրս եկավ, և բոց` Սեհոնի միջից, ու խժռեց Մովաբի ճակատը և ապստամբների որդիների գագաթը»։ «Վա՜յ քեզ, Մովա՛բ, կործանվեց Քամովսի ժողովուրդը, որովհետև քո որդիները գերեվարվեցին, և քո դուստրերը գերության տարվեցին»։ «Բայց վերջին օրերին գերությունից պիտի վերադարձնեմ Մովաբին», - ասում է Տերը։ - Մինչև այստեղ է Մովաբի դատաստանը»։ ««Ինչպե՜ս փշրվեց նա», -պիտի ասեն ողբալով. «ինչպե՜ս է Մովաբն ամոթահար եղել` թիկունք դ: (Սինոդական թարգմ.)
Մարգարեն հայացքով հետևում է Մովաբի երկիր ներխուժած թշնամական զորքերի մի տեղից մյուսը տեղափոխվելուն: Թշնամին գալիս է հյուսիսից՝ Եսեբոնից, և ոչ մի մովաբական քաղաք չի կարող դիմակայել նրան: Մովաբացիները փախչում են հարավ: Մովաբական երկրի այս ավերածությունը մարգարեն համարում է Աստծո արդար դատաստանը այն ամբարտավանության համար, որով Մովաբը վերաբերվում էր ընտրյալ ժողովրդին: Մահ, ունեզրկում, գերություն. ահա՛, թե ինչ է սպասում մովաբացիներին: Սակայն հեռավոր ապագայում մարգարեն տեսնում է մովաբական պետության վերականգնումը:
«Մովաբ»–ի մասին ընթերցի՛ր Ես. 15:1 համարի մեկնաբանությունը:
«Նաբավ»–ի մասին ընթերցի՛ր Ես. 15:2 համարի մեկնաբանությունը:
«Կարիաթիմ»–ը Մեդևայից 10 հռոմեական մղոն դեպի արևմուտք գտնվող քաղաք էր:
«Մոսոգամբ»–ը ամրոց է, հավանաբար, Կիրխարեսի` Մովաբի գլխավոր ռազմական ամրության (Ես. 15:1) մեկ այլ անվանումն է:
-----------------------------------
[1](Էջմիածին թարգմ.) Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Վա՜յ Նաբաւին, որ կործանուեց, Կարիաթիմն ամօթահար եղաւ, գրաւուեց. ամօթահար եղաւ Մոսոգամբն ու պարտութեան մատնուեց:
(Արարատ թարգմ.) Մովաբի մասին այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Վա՜յ Նաբավին, որ կործանվեց, Կարիաթեմն ամոթահար եղավ ու գրավվեց. ամրոցն ամոթահար եղավ ու խորտակվեց։
(Գրաբար) Ի վերայ Մովաբու։ Այսպէս ասէ Տէր զաւրութեանց Աստուած Իսրայէլի. Վայ ի վերայ Նաբաւայ, զի կորեաւ։ յամաւթ եղեւ՝ առաւ Կարիաթեմ. յամաւթ եղեւ Մասոդամբ. ի պարտութիւն մատնեցաւ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: