Երեմիայի մարգարեության մեկնություն 51։44

Սուրբ Հովհան Ոսկեբերան

«Բաբելոնում վրէժխնդիր պիտի լինեմ Բէլից, եւ ինչ որ նա կուլ տուեց, նրա բերանի՛ց պիտի հանեմ: Ազգերն այլեւս նրա մօտ չեն հաւաքուի: Բաբելոնի պարիսպներն էլ պիտի խորտակուեն:
     
     Խոսքի հաջորդականության համաձայն սա պետք է առնչել բաբելոնացիներին, որովհետև կուռքերի հետ միասին կործանվելու է նաև նրանց զորությունը: Սակայն բառացիորեն տեքստում  միայն  խոսվում է կուռքերի կործանման մասին: Իսկ ոմանք մարգարեի խոսքերը հետևյալ կերպ են հասկանում. «Կհանեմ կուլ տվածը, այնպես կկործանեմ Բելի գուշակությունը (ենթադրաբար` գուշակության վայրը` տաճարը), որ այն բոլորի կողմից կարհամարհվի»:
     

Սուրբ Եփրեմ Ասորի

«Բաբելոնում վրէժխնդիր պիտի լինեմ Բէլից, եւ ինչ որ նա կուլ տուեց, նրա բերանի՛ց պիտի հանեմ: Ազգերն այլեւս նրա մօտ չեն հաւաքուի: Բաբելոնի պարիսպներն էլ պիտի խորտակուեն:
     
     Բելը քաղդեացիների հնագույն աստվածն է, որին բաբելոնացիները հարգում և պաշտում էին մեծ ակնածանքով: Նա էր թագավորը, որը հիմնել և կառուցել էր նրանց քաղաքը: Երբ Նաբուգոդոնոսորը քանդեց Տիրոջ տաճարը, այլ ազգերից հավաքված ավարի հետ միասին նաև Երուսաղեմի տաճարի սրբազան անոթները Բելի տաճար բերեց: Աստված այդ անոթների մասին ասում է, որ դրանք դուրս կհանի Բելի բերանից, այսինքն՝ Բելի տաճարից: Այս մարգարեությունն իրականացրին մարերն ու պարսիկները,  որոնք  Բաբելոնը գրավելուց հետո կողոպտեցին քաղաքի բոլոր պալատները և ներխուժեցին Բելի տաճար, որն ավելի հոյակերտ և փառահեղ էր, քան Բաբելոնում գտնվող մյուս բոլոր կուռքերի տաճարները, և թալանեցին այս տաճարի բոլոր զարդարանքները:
     

Ա. Լոպուխին

«Եվ պիտի այցելեմ Բելին` Բաբելոնում, ու նրա բերանից պիտի հանեմ նրա կուլ տվածը, և ժողովուրդներն այլևս չեն գնա նրա մոտ, նույնիսկ Բաբելոնի պարիսպներն էլ պիտի տապալվեն»։ (Սինոդական թարգմ.) [44]
     
     Տերը Վիլից (Բել) կվերցնի իր կուլ տվածը (բալահ): Այստեղ ակնհայտ բառախաղ է օգտագործված: Հեթանոսները սովորաբար համարում էին, որ իրենց ձեռք բերած պատերազմական ավարը իրենց աստվածների սեփականությունն է: Այստեղ կարող եք նաև այն բանի մատնանշումը տեսնել, որ Բաբելոնում բնակվող բոլոր օտարերկրացիները կփախչեն այնտեղից:
     «Բաբելոնի պարիսպները»: Բաբելոնը ուներ երկու պարիսպ` արտաքին և ներքին, երկուսն էլ նվիրված էին Բիլին կամ Բելին:  Արտաքին պարիսպն ուներ 430 ստադիա (այսինքն` ասպարեզ) երկարություն, հիսուն կանգուն հաստություն և 200 կանգուն բարձրություն: Բացի այդ, Նաբուգոդոնոսորի օրոք Եփրատի և Տիգրիսի ստորին հոսանքների երկայնքով ամբողջ Բաբելոնը պաշտպանված էր հսկայական «մեդական պարսպով», որը կառուցվել էր մեդացիների (այս կառույցն ուներ 12–15 մղոն երկարություն, 20 ոտնաչափ հաստություն և 100 ոտնաչափ բարձրություն) հարձակումներից պաշտպանվելու և Տիգրիսը Եփրատին միացնելու համար:
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 51:1

--------------------------------------------

[44](Էջմիածին թարգմ.) «Բաբելոնում վրէժխնդիր պիտի լինեմ Բէլից, եւ ինչ որ նա կուլ տուեց, նրա բերանի՛ց պիտի հանեմ: Ազգերն այլեւս նրա մօտ չեն հաւաքուի: Բաբելոնի պարիսպներն էլ պիտի խորտակուեն:
(Արարատ թարգմ.) Բելին պիտի պատժեմ Բաբելոնում ու նրա կուլ տվածը պիտի հանեմ նրա բերանից, և ազգերն այլևս նրա մոտ չեն գնա. Բաբելոնի պարիսպն էլ պիտի տապալվի։
(Գրաբար) Եւ խնդրեցից զվրէժ ի Բելայ ի Բաբելոն, եւ հանից զոր եկուլն ի բերանոյ նորա, եւ մի եւս ժողովեսցին առ նա ազգք. նաեւ պարիսպքն բաբելացւոց անկան։