Երեմիայի մարգարեության մեկնություն 4:15

Ա․ Լոպուխին

15-16․«Որովհետև արդեն մի ձայն է գալիս Դանից և մի աղետալի լուր` Եփրեմի լեռից»։ [15] «Հայտնե՛ք ժողովուրդներին, հայտարարե՛ք Երուսաղեմին, որ մի հեռավոր երկրից պաշարողները գալիս են և իրենց աղաղակներով են լցնում Հուդայի քաղաքները»։ (Սինոդական թարգ․)
   
   Պաղեստինի հյուսիսային սահմանամերձ Դան քաղաքից (Նեփթաղիմի ցեղին պատկանող տարածքում է)  Երուսաղեմ է հասնում  առաջին սարսափելի լուրը, սակայն ոչ ուղիղ կերպով, այլ Երուսաղեմի մոտակայում գտնվող կետից՝ Եփրեմի լեռից։ Հյուսիսից դեպի Եգիպտոս տանող բոլոր ճանապարհներից (քանզի քաղդեացիները հատկապես Եգիպտոս հասնել էին ձգտում) թշնամին ընտրում է Երուսաղեմի համար ամենից վտանգավորը․ դա Եփրեմի լեռների միջով անցնող ճանապարհն էր, որն ուղիղ  դեպի Երուսաղեմ էր տանում։

   «Հայտարարե՛ք ժողովուրդներին», այսինքն՝ քաղդեացիների արշավանքը պետք է վերաբերի Պաղեստինում բնակվող բոլոր ժողովուրդներին, այլ ոչ թե միայն եբրայեցիներին (երանելի Հերոնիմոս)։

   «Պաշարողներ» կամ, ավելի ճիշտ, գազաններին որջերից իրենց աղաղակներով դուրս հանող որսորդներ։ Նույն կերպ էլ հրեաները ստիպված կլինեն փախչել իրենց քաղաքներից, իսկ այդ փախուստի ժամանակ թշնամիները կորսան նրանց։ Բերնարդ Դումն այստեղ դրված «նոցէրիմ» բառը կարդում է որպես «նէմեմրիմ» և այդ պատճառով էլ «պաշարողների» փոխարեն թարգմանում է «ընձառյուծ»։ Հետևաբար, հաջորդիվ դրված «աղաղակներով» բառը փոխարինում է «մռնչյունով» բառով։
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 4:5
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Բօթաբեր ձայն է հնչում դրանից, թշուառութեան աղաղակներ են լսուելու Եփրեմի լեռից:
(Արարատ թարգ․) Որովհետև մի կանչ է գալիս Դանից և թշվառություն է հայտարարում Եփրեմի սարից։
(Գրաբար) Զի ձայն գուժկանի ի Դանայ, եւ լուիցին ցաւք ի լեռնէ Եփրեմի։