Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
1-2․ «Արդ, ձեզ համար է այս պատվիրանը, քահանանե՛ր.»: [1] «Եթե չլսեք և սրտանց չփառաբանեք Իմ անունը, - ասում է Զորությունների Տերը,- ապա ձեզ վրա անեծք կուղարկեմ և կանիծեմ ձեր օրհնությունները։ Արդեն իսկ անիծում եմ, որովհետև չեք կամենում այդ ամենը սրտով ընդունել»: (Սինոդական թարգ․)
Եթե արդեն առաջին խոսքում մարգարեն նախևառաջ հանդիմանում էր քահանաներին՝ աստվածապաշտության հանդեպ նրանց ցուցաբերած անփութության համար, ապա այստեղ նա Աստծու անեծքով ուղղակիորեն սպառնում է ղևտական քահանայական դասին, քանի որ [դրա ներկայացուցիչները], ներկայիս քահանաների նախնիների նման Տիրոջ մեծ անունը ժողովրդին պատվել սովորեցնելու փոխարեն, անարգում էին Տեր Աստծու անունը:
Քանի որ քահանաները, թույլ տալով աստվածապաշտական կանոնների խախտումներ, ձգտում էին շահել ժողովրդի համակրանքը, Աստված հայտնում է նրանց, որ նման գործողությունների արդյունքն ամբողջովին հակառակ է լինելու քահանաների ակնկալիքներին. նրանք կատարյալ արհամարհանքի են արժանանալու ժողովրդի կողմից։
Հաշվի առնելով քահանաների անփույթ վերաբերմունքն իրենց պարտականությունների հանդեպ` Տերը նրանց տալիս է պատվիրան, այսինքն` հետևյալ բովանդակությամբ որոշում կամ վճիռ․ նրանք կա՛մ պետք է ուղղվեն, կա՛մ, հակառակ դեպքում, Աստծուց պատիժ ընդունեն։ Պատիժն ինքնին արտահայտվելու է այն անեծքով, որ Աստված կուղարկի նրանց վրա։ Իսկ Սուրբ Գրքում անեծք ասելով նկատի են առնվում տարբեր տեսակի դժբախտությունները (Բ Օր․ 29։20)։ Ավելին, Աստված անիծելու է նույնիսկ քահանաների «օրհնությունները»։ Սա նշանակում է, որ իրենց օրհնություններով նրանք օրհնվողների վրա բերելու են միայն դժբախտություններ և անհաջողություններ (քահանայական օրհնությունների մասին ընթերցի՛ր Թվ․ 6։23−27 համարների մեկնաբանությունները)։ Արդեն իսկ Տերն սկսել էր այդպես վարվել քահանայական օրհնությունների հետ։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Եւ արդ, այս է իմ պատուիրանը ձեզ, քահանանե՛ր:
(Արարատ թարգ․) «Արդ ձեզ համար է այս նախազգուշացումը, ո՛վ քահանաներ։
(Գրաբար) Եւ արդ, այս պատուէր է իմ առ ձեզ, քահանայքդ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: