Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Եվ Ես կգամ ձեզ մոտ դատաստանի համար և արագ մերկացնող ու դատապարտող կլինեմ կախարդներին, շնացողներին, սուտ երդվողներին, վարձկանի վարձը պահողներին, այրիին ու որբին ճնշողներին, օտարականին մերժողներին և Ինձից երկյուղ չունեցողներին,- ասում է Զորությունների Տերը»։ (Սինոդական թարգ․) [5]
Ինչ վերաբերում է սովորական հրեաներին, ապա Տեր Աստված նրանց ևս պիտի դատի՝ Մովսեսի օրենքի դեմ գործած տարբեր տեսակի հանցանքների համար։ Այդ դատաստանի ժամանակ Աստված հրեաների դեմ հանդես է գալու որպես մեղադրող կամ, ավելի ճիշտ, որպես վկա։ Նա է դատելու և Նա էլ, որպես ամենագետ, հաստատելու է ամբաստանյալների մեղքը։ Այդ կերպ դատական գործընթացը կլինի արագ (արագ մերկացնող)։ Կախարդության մեղքի մասին ընթերցի՛ր Ղևտ․ 20։27, պոռնկության մասին՝ Ղևտ․ 20։10, սուտ երդման մասին՝ Ելք 20։7, վարձու աշխատողի իրավունքները ոտնահարելու մասին՝ Ղևտ․ 19։13, այրիներին, որբերին և օտարականներին ճնշելու մասին՝ Բ Օր․ 24։17 համարների մեկնությունները։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Եւ ձեզ վրայ պիտի գամ դատաստանով ու արագ վկայ պիտի լինեմ կախարդների եւ շնացած կանանց դէմ, նաեւ նրանց դէմ, ովքեր սուտ երդում են անում իմ անուամբ, որոնք կտրում են վարձկանի վարձը, որոնք նեղում են այրիներին եւ ծեծում որբերին, որոնք խեղաթիւրում են պանդխտի իրաւունքը եւ որոնք չեն վախենում ինձնից, - ասում է Ամենակալ Տէրը:
(Արարատ թարգ.) Եվ ձեզ մոտ կգամ դատաստանի համար և արագ վկա կլինեմ կախարդների ու շնացողների, սուտ երդում անողների դեմ, նաև վարձկանի վարձը պահողների, այրուն և որբին զրկողների և օտարականին ճնշողների դեմ, որոնք ինձանից երկյուղ չունեն»,- ասում է Զորքերի Տերը։
(Գրաբար) Եւ հասից ի վերայ ձեր դատաստանաւ, եւ եղէց վկայ արագ ի վերայ կախարդաց եւ կանանց շնացելոց, եւ ի վերայ այնոցիկ՝ ոյք երդնուցուն յանուն իմ ստութեամբ. եւ որոց հատանիցեն զվարս վարձկանի, եւ որ յաղթահարեն զայրիս, եւ կռփեն զորբս, եւ խոտորիցեն զիրաւունս պանդխտին, եւ որ ոչ երկնչիցին յինէն՝ ասէ Տէր ամենակալ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: