Ա. Պ. Լոպուխին. «Բացատրական աստվածաշունչ»
«Վա՜յ անմաքուր և պղծված քաղաքին՝ այդ կեղեքողին»:1 (Սինոդական թարգ․)[1]
Համարի եբրայերեն տեքստը՝ «հոյ մորեա վենիգալա հաիր հայոնա» (ռուս.՝ «горе городу нечистому и оскверненному, притеснителю») և Յոթանասնիցի հունարեն թարգմանությունը՝ «ὢ ἐπιφανὴς καὶ ἀπολελυτρωμένη πόλις ή περιστερὰ» (սլավ.՝ «о Светлый и избавленный граде, голубице! 2), հակադիր իմաստ և նշանակություն ունեն. եբրայերեն տեքստը ներկայացնում է Երուսաղեմի բարոյական վիճակի մռայլ պատկերը, իսկ հունարեն տեքստը, ընդհակառակը, բարձրացնում է Երուսաղեմը՝ որպես աստվածային երկյուղի և փառքի քաղաք: Վուլգաթան այս դեպքում ավելի շատ հետևում է Յոթանասնիցին, իսկ մասորեթական տեքստին մոտենում է ընդամենը միայն երկրորդ բառով. «vae provocatrix et redempta civitas, columba»: Սակայն, մարգարեի խոսքի համատեքստին, հատկապես անմիջապես հաջորդող 2−4 համարներում Երուսաղեմի բնակիչներին տրված բնութագրին, համապատասխանում է մասորեթական տեքստի 1−ին համարը, և հետևաբար այդ տեքստն իր ամբողջ բառակազմով արժանի է նախապատվության: Այսպիսով, առաջին հերթին, Երուսաղեմի և Հուդայի ժողովրդի ընդհանուր բնութագրին (2−4-րդ համարներ) լիովին ներդաշնակ է Երուսաղեմին տրված «անհնազանդ» և «ապստամբ» անվանումը (եբր.՝ «մորեա»), որը Յոթանասնիցի կողմից անհաջող կերպով փոխանցվել է «επιφανής» բառով։ Վերջին բառը ծագում է «մարա» բայից, որի հիմնական իմաստը (Բ Օր. 21։18−20) շատ հաճախ Աստծու հանդեպ ունեցած վերաբերմունքի մեջ մարդկանց ըմբոստ և համառ լինելն է (Թվ. 20։24, Ա Թագ. 12:15, Գ Թագ. 13։21 և այլն): Երանելի Հերոնիմոսն իր մեկնության մեջ այս բառի իմաստը բացատրում է այսպես. «Վա՜յ հանդուգն քաղաքին, ինչն ավելի հստակ է արտահայտվում եբրայերեն «մարա», այսինքն՝ «παραπικραίνουσα» բառով։ Սա մենք կարող ենք արտահայտել նաև որպես «Աստծուն վշտացնող», այսինքն՝ իր ախտերով ողորմած Տիրոջը դառնություն պատճառող: Այնպես, որ Նա, Ով ցանկանում է ողորմած լինել, հարկադրված է պատժել» (Երանելի Հերոնիմոս․«Սոփոնիայի մարգարեության մեկնության մեկ գիրք», մաս 14, Կիև, 1898 թ., էջ 293): Նմանապես «գաալ» բայը, որից դերբայի միջոցով կազմում է «նիգալա» բառը, այս հատվածում պետք է տալ ոչ թե «փրկագնել, ազատել» իմաստը (որը նրան բնորոշ է այլ տեղերում), ինչպես դա անում են Յոթանասնիցը, Վուլգաթան և սլավոներեն թարգմանությունը, այլ «աղտոտել, պղծել» նշանակությունը, իհարկե՝ բարոյական իմաստով (ինչպես Մաղ. 1:7, 12 համարներում) (հմմտ. Ես. 59:3): Եվ վերջապես «հայոնա» բառի թարգմանությունը «աղավնի» բառով, ամբողջովին անհամատեղելի է այս հատվածի հետ («աղավնին» Աստվածաշնչում, սովորաբար, բարեմտության և անարատության խորհրդանիշն է): Հետևաբար, նորագույն հետազոտողներն արդարացի կերպով այս բառը ծագեցնում են «յանա» (ճնշել, կեղեքել, հարստահարել) բայից (Երեմ. 22:3, Եզեկ. 18:7, 12, 16), այնպես որ «հայոնա» բառը կարելի է փոխանցել որպես «կեղեքումների քաղաք» կամ «կեղեքող քաղաք», ինչը լիովին հաստատվում է 3-րդ համարում, որտեղ խոսվում է Երուսաղեմի իշխանավորների կողմից արդարության աղաղակող խախտումների մասին:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Ո՛վ երեւելիդ՝ փրկեա՛լ քաղաք, աղաւնի, որ ո՛չ ականջ դրեց Տիրոջ ձայնին եւ ո՛չ խրատն ընդունեց:
(Արարատ թարգ․) Վա՜յ ապստամբին և պիղծին, կեղեքող քաղաքին։
(Գրաբար) Ով երեւելիդ փրկեալ քաղաք, Յովնանու. ոչ լուաւ ձայնի, եւ ոչ ընկալաւ զխրատ,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: