Ովսեեի մարգարեության մեկնություն 11:1

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Լուսաբացին պիտի կործանվի Իսրայելի թագավորը։ Երբ Իսրայելը երիտասարդ էր, Ես սիրում էի նրան և Եգիպտոսից կանչեցի Իմ որդուն։ (Սինոդական թարգ․)[1]
   
       «Լուսաբացին պիտի կործանվի Իսրայելի թագավորը» խոսքերը եբրայերեն Աստվածաշնչում առնչվում են 10− րդ գլխի վերջին։ Դրանք 10−րդ գլխին են պատկանում նաև իմաստային առումով։ Մարգարեն խոսում է ոչ թե ինչ−որ մի թագավորի, այլ ընդհանրապես թագավորական իշխանության կամ էլ թագավորության կործանման մասին։ Այդ կործանումը վրա կհասնի լուսաբացին, այսինքն, ըստ երևույթին, սկսվող բարօրության ժամանակ։ Իսրայելի հանդեպ Տիրոջ սերն սկսվել է դեռևս վերջինիս երիտասարդության օրերից (սլավ․ «քանի դեռ Իսրայելը մանուկ էր»), այսինքն՝ այն ժամանակից, երբ Իսրայելն առաջին անգամ հանդես եկավ որպես ժողովուրդ։ Իսրայելի հանդեպ Տիրոջ սերը նախ և առաջ արտահայտվել է Եգիպտոսից նրա ազատագրմամբ (ըստ Գոոնակերի, Եգիպտոսի ժամանակներից է Տերն սկսում կոչերով դիմել Իսրայելին)։ «Եգիպտոսից կանչեցի Իմ որդուն» (beni)․ Յոթանասնիցում «τα τέκνα αυτοΰ»՝ «նրա որդիներին» տարբերակն է։

    Բոլոր հնագույն թարգմանությունները և այս հատվածը մեջբերած Մատթեոս ավետարանիչն (Մատթ. 2։15) այն ընթերցում են՝ համաձայն եբրայերեն Աստվածաշնչի։ Այդ պատճառով պետք է ենթադրել, որ Յոթանասնիցը եբրայերեն «beni» բառը սխալմամբ հոգնակի թվով և 3−րդ դեմքի ածանցով է թարգմանել։ Մատթեոս ավետարանիչը Ովսեե մարգարեի դիտարկվող բառերը մեջբերում է որպես Եգիպտոսից մոր հետ մանուկ Հիսուսի վերադարձի մասին մարգարեություն։ Իհարկե, առաջին հայացքից, մարգարեն խոսում է Իսրայելի մասին։ Սակայն փրկչական տնօրինության համար Սինայական Ուխտի միջոցով (Ելք․ 4։22)

    Աստծու կողմից որդեգրված Իսրայելը մարդկության փրկության համար մարմնավորված Մեսիայի՝ Աստծու Որդու նախատիպն է։ Այդ պատճառով էլ Իսրայելի պատմության մեջ տեղի ունեցած բոլոր կարևորագույն իրադարձություններն այնպես էին ուղղորդվում, որ դրանք վերածվում էին խոստացյալ Մեսիայի մասին կանխատեսումների։

    «Ինչպես Իսրայելի Եգիպտոսում լինելն էր անհրաժեշտ, որ մանուկ հասակում գտնվող և որպես Աստծու ընտրյալ ժողովուրդ ձևավորվող Իսրայելը հեռացվեր քանանացիների կործանարար ազդեցությունից, այդպես էլ Փրկչի Եգիպտոսում լինելն էր անհրաժեշտ, որպեսզի դեռևս մանուկ և Աստծու կողմից մեծ առաքելության համար նախասահմանված Քրիստոս փրկվեր Հերովդեսի դաժան կոտորածից։

    Ինչպես Եգիպտոսում Իսրայելի մնալը պետք է շարունակվեր այնքան, որ լցվեր նրանց համար կործանարար ամորհացիների անօրենությունների չափը (Ծննդ․ 15։16), և ապա Աստված Եգիպտոսից դուրս բերեր Իր անվանակոչած որդուն /Իսրայելի որդիներին/, այդպես էլ Եգիպտոսում Փրկչի մնալը պետք է շարունակվեր այնքան, քանի դեռ չէր մահացել Իր համար վտանգավոր Հերովդեսը (Մատթ․ 2։19-20), և ապա այդ ժամանակ Աստված Եգիպտոսից վերադարձներ Իր Ճշմարիտ Որդուն» (Բրոդովիչ․  էջ 379)։

--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Առաւօտեան նրանք ընկան, ընկաւ Իսրայէլի թագաւորը: Քանի դեռ մանուկ էր Իսրայէլը, ես սիրեցի նրան եւ Եգիպտոսից կանչեցի նրա որդիներին:
(Արարատ թարգ․) «Երբ Իսրայելը մանուկ էր, ես սիրում էի նրան և Եգիպտոսից կանչեցի իմ որդուն։
(Գրաբար) Ընդ առաւօտս. ընկեցաւ թագաւորն Իսրայէլի։ Քանզի տղա՛յ էր Իսրայէլ, և ես սիրեցի զնա, և յԵգիպտոսէ՛ կոչեցի զորդիս նորա։