Ա. Պ. Լոպուխին (†1904)
Դժոխքի իշխանությունից Ես կփրկեմ նրանց, մահվանից կազատեմ նրանց։ Մա՛հ, ու՞ր է քո խայթը, դժո՛խք, որտե՞ղ է քո հաղթանակը։ Դրանում զղջում չի լինի Ինձ մոտ։ [14]
Շատ մեկնիչներ (Շմոլլեր, Սիմոն, Նովակ և այլն) 14−րդ համարը մեկնում են այն իմաստով, որ Իսրայելի կործանման գաղափարն անփոփոխ է («Այդ բանում զղջում չի լինի Ինձ մոտ»)։ Միևնույն ժամանակ 14−րդ համարի սկզբի նախադասությունները համարվում են հարցական։ Ավելին, դրանք այնպիսի հարցական նախադասություններ են, որոնք ժխտական պատասխան են ենթադրում (Կփրկե՞մ արդյոք, կազատե՞մ արդյոք)։ Իսկ համարի երկրորդ հատվածի «Մա՛հ, ո՞ւր է քո խայթը, դժո՛խք, ո՞ւր է քո հաղթանակը» խոսքերում Իսրայելին կործանելու համար մահին և դժոխքին ուղղված կոչ կամ հորդոր են տեսնում։ Սակայն 14−րդ համարի ներկայացված ըմբռնումը ամբողջովին հարմոնիկ չէ խոսքի համատեքստին։ 13−րդ համարում մարգարեն Եփրեմի վիճակը համեմատում է ծննդաբերող կնոջ ցավերի հետ, և այն միտքն է արտահայտում, որ այդ աղետները Իսրայելի համար նոր կյանքի սկիզբ են լինելու։
Այդ պատճառով 14−րդ համարում պետք է սպասել փրկության մասին խոսքի, այլ ոչ թե վերջնական կործանման։ Ըստ նորկտակարանյան (Ա Կորնթ․ 15։54, 55) և հայրաբանական (սբ Կյուրեղ Ալեքսանդրացի, սբ Եփրեմ Ասորի, երանելի Թեոդորոս Կյուրացի) մեկնության՝ 14−րդ համարում մարգարեն դժոխքի և մահվան ուժի ու իշխանության կործանման մասին խոստում է տալիս։ «Եվ երբ որ մահկանացու մարմինը,−ասում է մարգարեն,− զգեստավորվի անմահությամբ, այդ ժամանակ կիրականանա գրված խոսքը․ «մահը կուլ գնաց հաղթանակին»։ Մա՛հ, ո՞ւր է քո խայթը, դժո՛խք, որտե՞ղ է քո հաղթանակը»։
Առաջին իմաստով մարգարեի խոստումը վերաբերում է գերությունից Իսրայելի ազատագրմանը։ Իսկ ամբողջապես այն կիրականանա այն ժամանակ, երբ բոլորին, ովքեր մահվան և դժոխքի զոհ են դարձել, կյանք կվերադարձվի, այսինքն՝ մարգարեությունն ամբողջությամբ կիրականանա մեռելների հարության իրողությամբ։
Սլավոներեն տեքստում «ո՞ւր է քո խայթը» բառերի փոխարեն ընթերցվում է «ո՞ւր է քո վեճը»։ Եբրայերեն «debarejcha» բառը, որը նշանակում է «չարչարանք», «վարակ», «համաճարակ», Յոթանասնիցը ազատորեն թարգմանել է «δίκη»՝ «վեճ», «գործընթաց» բառով (Ելք․ 18։16, 24։14)։
«Ո՞ւր է քո հաղթանակը» (սլավոներեն՝ «որտե՞ղ է քո խայթոցը», եբրայերեն՝ «katab(e)lcha», հունարեն՝ «κέντρον») նշանակում է «քո կործանումը», «քո ավերածությունը», «քո վարակը» (Բ Օր․ 33։24, Ելք․ 28։2)։
«Դրանում («նոհամ»)զղջում չի լինի Ինձ մոտ» (եբրայերեն՝ թաքնված է իմ աչքերից)․ այսինքն՝ քավության մասին Աստծու որոշումն անփոփոխելի է։ Սլավոներենում «մխիթարությունը ծածկված է Իմ աչքերից» տարբերակն է։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Ես դժոխքից կ՚ազատեմ նրանց եւ մահից կը փրկեմ նրանց: Որտե՞ղ է քո յաղթանակը, մա՛հ, որտե՞ղ է քո խայթոցը, դժո՛խք:
(Արարատ թարգ․) Մեռելների աշխարհի զորությունից պիտի ազատեմ նրանց, մահից պիտի փրկեմ նրանց. ո՞ւր է ժանտախտդ, ով մա՛հ. ո՞ւր է ավերումդ, ո՜վ դժոխք. գութը պիտի ծածկվի իմ աչքերից։
(Գրաբար) Ի ձեռաց դժոխոց ապրեցուցի՛ց զնոսա. և ի մահուանէ փրկեցի՛ց զնոսա։ Ո՞ւր է յաղթութիւն քո մահ. ո՞ւր է խայթոցք քո դժոխք։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: