Ա․ Լոպուխին
Դրա համար Սամարիային դաշտում եղող քարակույտի կվերածեմ՝ խաղող տնկելու վայր, նրա քարերը կթափեմ ձորը և կմերկացնեմ նրա հիմքերը։(Սինոդական թարգ․)[6]
Մարգարեն Սամարիայի նկատմամբ դատաստանի մասին է հայտարարում և նրան լիակատար կործանմամբ է սպառնում։ Ըստ մարգարեի խոսքի` քաղաքից միայն քարերի մի կույտ է մնալու։ Դրանք այն բլրից են ձորը նետվելու, որի վրա կանգնած էր Սամարիան։ Մերկացվելու են տների հիմքերը, և քաղաքի տեղը խաղողի այգիներն են զբաղեցնելու։ Յոթասնասնիցը եբրայերեն «lei hassadeh» (դաշտում եղող քարակույտ) արտահայտությունը «εἰς ὀπωροφυλάκιον ἀγpoῦ» տարբերակով է թարգմանել (սլավոներեն` «գյուղական բանջարեղենի պահեստ»)։ Բանջարեղենի պահեստ՝ պտուղները պահելու համար դաշտում կառուցված խրճիթ։ Սամարիան բազմիցս ավերվել է․ հատկապես մ.թ.ա. 722 թ․ Ասորեստանի թագավոր Սարգոնի կողմից (Դ Թագ․ 17), իսկ այնուհետև մոտ մ.թ.ա. 107 թ․ Հովհաննես Հյուրկանուսի կողմից, որը կործանում է քաղաքի ամրությունները և այն հողին է հավասարեցնում (Հովսեփիոս Փլավիոս, «Հրեական հնախոսություններ», XIII, 10, 2–3)։ Հյուրկանոսից հետո Սամարիան վերականգնվել է Սիրիայի պրոկոնսուլ Հաբինի (մ.թ.ա. 57−55 թթ.) կողմից, իսկ այնուհետև վերակառուցվել և ընդլայնվել է Հերովդես Մեծի կողմից, որը Օգոստոսի պատվին քաղաքը վերանվանել է Սեբաստիա։ Սակայն նույնիսկ նոր անվան ներքո քաղաքը երկար ժամանակ բարօրություն չի վայելում. աստիճանաբար այն ընկնում ու վերածվում է ավերակների։ Այժմ, հին Սամարիայի տեղում է Սեբաստ ոչ մեծ գյուղը, իսկ երբեմնի փառավոր քաղաքի տարածքի մեծ մասը զբաղեցնում են ցանքատարածություններն ու խաղողի այգիները (հմմտ․ Կեյտ Կ․ «Քրիստոնեական հավատի ճշմարտացիության ապացույցները», 1870, էջ 244–253)։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Ես Սամարիան կը դարձնեմ ագարակի մրգապահների տաղաւար, այգի հսկելու տեղ, խորխորատ կը նետեմ նրա քարերը եւ կը մերկացնեմ նրա հիմքերը:
(Արարատ թարգ․) Ուստի Սամարիան բաց տարածքում քարակույտ պիտի դարձնեմ՝ խաղողի այգի տնկելու տեղ, և նրա քարերը ձորը պիտի թափեմ և պիտի բացեմ նրա հիմքերը։
(Գրաբար)Եւ եդից զՇամրին իբսրև զտաղաւար մրգապահաց ագարակի, և ի տո՛ւնկ այգւոյ. և կործանեցից ի խորխորա՛տ զվէմս նորա, և զհիմունս նորա մերկացուցի՛ց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: