Միքիայի մարգարեության մեկնություն 2։4

Ա․ Լոպուխին

Այդ օրը ձեր համար առակ կհորինեն, և ողբաձայն լացով կարտասվեն և կասեն․ «մենք ամբողջովին ավերված ենք։ Իմ ժողովրդի ճակատագիրը ուրիշներին է տրվել։ Ինչպես կվերադառնա ինձ մոտ։ Մեր արտերն արդեն բաժանված են այլազգիներին»։(Սինոդական թարգ․)[4]
   

   Մարգարեն շարունակում է ժողովրդին սպասվելիք պատժի պատկերումը։ Մարգարեի խոսքով՝ ժողովրդի աղետն իր արտահայտությունն է գտնելու եղերերգի մեջ, որը միևնույն ժամանակ ժողովրդի մասին ասված առակ կամ երգիծանք է լինելու։ Մարգարեն հետևյալ կերպ է ձևակերպում այդ առակը։ «Այդ օրը», այսինքն՝ այն օրը, երբ պատիժը վրա կհասնի ժողովրդին։ «Եւ ողբաձայն լացով կարտասվեն». «Nahah nehi nibjah» եբրայերեն արտահայտությունը դժվար է հասկացվում և տարբեր կերպ է թարգմանվում։ Յոթանասնիցը և Վուլգաթան «nihjah» բառը գոյական են համարել ու «μέλοя» (սլավոներեն` «ողբաձայն երգով լաց կհնչի», «ἐἐ μέλει») և «suavitas» (Վուլգաթա` «cum suavitate») բառերով թարգմանել։ Նորագույն մեկնաբանները «nihjah» արտահայտությունը «hajah» (լինել) բայի դերբայական ձև (նիֆալ) են համարում և «արվեց, եղավ, իրականացավ» տարբերակով են թարգմանում։ Հաջորդող «аmar» (ռուսերեն` «կասեն») բային լատիներեն inquit (սա ցույց է տալիս, որ ինչ−որ իրադարձություն արդեն «կատարվել է») իմաստ են հաղորդում` «կասեն, մենք ամբողջովին ավերված ենք» (Էվալդ, Հիտցիգ, Կնաբենբաուեր)։ Ռուս թարգմանիչները «nihjah» բառը որպես «nehi» (լաց) գոյականի այլ ձև են ընդունել, և ամբողջ «նահա նեհի նիհյա» արտահայտությունը «և ողբաձայն լացով կլացեն» կամ «ողբաձայն լացով» տարբերակներով են թարգմանել։ Հրեաների մոտ, ինչպես հայտնի է, հերոսների մահվան կամ էլ քաղաքների անկման մասին (Ամ․ 5։1) ողբաձայն երգեր կամ էլ «կինոտ» հնարելը սովորույթ էր։ Այդ սովորույթից է փոխառված նաև մարգարեի պատկերը։ «Մենք ամբողջովին ավերված ենք»․ Յոթանասնիցը և սլավոներենը բառացի են փոխանցում եբրայերեն տեքստի արտահայտությունը և այն «աղետից կտուժենք» իմաստով են թարգմանում։ «Իմ ժողովրդի ճակատագիրը ուրիշներին է տրվել («jamir»)»․ խոսքը, ըստ ռուսերեն տեքստի իմաստի, աղբյուրի կամ էլ ողբաձայն երգը հորինողի անունից է։ Յոթանասնիցը, հավանաբար, «jamir» (հեռացել է) բառի փոխարեն ընթերցել է «jamid−κατεμετρήθη» (ծագում է «madad»՝ «չափել» բառից) և պարզության համար ավելացրել է «ἐν σχοινίω» («լարով, պարանով») բառը. այստեղից էլ ծագում է սլավոներեն «իմ ժողովրդի մի մասին լարով կչափեմ» տարբերակը։ «Ինչպե՜ս (եբրայերեն` «ech») կվերադառնա ինձ մոտ»․ Յոթանասնիցը, հավանաբար, «ech» բառը ընթերցել է որպես «ain» (ոչ), և այդ պատճառով արտահայտությունը «καὶ οὐκ ῆν» տարբերակով է թարգմանել։ «Li»՝ (ինձ) բառի փոխարեն Յոթանասնիցը ընթերցել է «lо» (նրան)։ Հաջորդ նախադասությանը վերաբերող «leschovev» բառը Յոթանասնիցը ընդունել է որպես «schuv» (վերադարձնել) բառի infinitivus տարբերակ։ Այստեղից էլ ծագում է սլավոներենի «և չկար մեկը, որ արգելեր նրան հետ դարձնելու», այսինքն՝ նրա զրկանքին արգելք չկար։ «Մեր արտերն արդեն բաժանված են այլազգիներին» (leschovev)․ վերջին բառը Յոթանասնիցը առնչել է նախորդ նախադասությանը և որպես բայ է հասկացել։ Այդ պատճառով էլ համարի վերջը սլավոներենում «ձեր հանդերը բաժանված են եղել» տարբերակով է ընթերցվում։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․)Այն օրը ձեր մասին առակ կը յօրինեմ, ողբ կը հնչեցնեն, կ՚ողբան եւ կ՚ասեն. «Ամբողջութեամբ թշուառացանք, իմ ժողովրդի բաժին հողը լարով չափուեց, եւ մէկը չկար, որ արգելէր այդպէս անել, մեր հանդերը բաժանուեցին»:
(Արարատ թարգ․)Այն օրը ձեզ կործանման օրինակ են բերելու և դառնագին ողբով սգալու են՝ ասելով. Բոլորովին կործանվեցինք, նա փոխեց իմ ժողովրդի բաժինը. ինչպե՜ս է այն վերցնում ինձանից, ապստամբին է բաժանում մեր դաշտերը։
(Գրաբար) Յաւուր յայնմիկ առից ի վերայ ձեր առակ. ողբասցեն ո՛ղբս ձայնիւ՝ և ասասցեն. Թշուառութեա՛մբ թշուառացաք։ Մասն ժողովրդեան իմոյ լարո՛վ չափեցաւ. և ո՛չ ոք էր որ արգելոյր զնա դարձուցանել. անդք մեր բաժանեցան.