Ա․ Լոպուխին
«Ո՜վ, Հակոբի տուն կոչվածդ, մի՞թե Տիրոջ Հոգին փոքրացել է․ այսպիսի՞ն են Նրա գործերը։ Մի՞թե Իմ խոսքերը բարեբեր չեն նրա համար, ով արդարացի է վարվում»։ (Սինոդական թարգ․)[7]
7−րդ համարը, ինչպես և դրան նախորդողը, անչափ դժվարընկալելի են և տարբեր կերպ են մեկնաբանվում։ Ռուսերեն թարգմանության կազմողները, հավանաբար, 7−րդ համարում Միքիա մարգարեի կողմից կեղծ մարգարեների դատապարտումն են տեսել։ Նրանց են ուղղված նաև 6−րդ համարի խոսքերը։ Ժողովրդի անբարոյականությանը հանգստությամբ նայելով` կեղծ մարգարեները նրան պատահած դժբախտությունները այն բանով էին բացատրում, որ Եհովայի հոգին նվազել է, այսինքն՝ Նրա ուժը թուլացել է, և Նա չի կարող փրկել։ Այդպիսի տեսակետը հերքելով՝ մարգարեն դիմում է Հակոբի ամբողջ տանը և ցույց է տալիս, որ Աստծո գործողությունները այդպիսին չեն, որ դրանք ապացուցում են Նրա ամենակարողությունը, և եթե Նա չի փրկում ժողովրդին, ապա դա միայն վերջինիս մեղքի, նրա անազնվության պատճառով է։ Աստծո խոսքերը բարեբեր են, սակայն միայն նրանց համար, ովքեր արդարացի են վարվում (Յունգերով): Ըստ Վուլգաթայի և բազմաթիվ մեկնաբանների բացատրության` 7−րդ համարը կեղծ մարգարեների կամ ամբողջ ժողովրդի կողմից Միքիայի և այլ ճշմարիտ մարգարեների ահարկու մարգարեությունների դեմ ուղղված առարկությունն է։ Հակառակ մոտալուտ աղետի մասին Միքիայի մարգարեության ճշմարտացիության՝ մարգարեի ժամանակակիցները (ռուսերեն տեքստի «ո՜վ, Հակոբի տուն կոչվածդ» ընթերցման փոխարեն Վուլգաթայում «Հակոբի տունն ասում է» տարբերակն է) առաջ են քաշում այն, որ նախկինում ժողովրդին երկար հանդուրժած Տիրոջ Հոգին չի նվազել նաև այժմ (այսինքն` չի դարձել ավելի քիչ համբերատար) և, որ Աստծո գործերի մեծությունը ժողովրդին ոչնչացնելու մեջ չէ («այսպիսի՞ն են Նրա գործերը»)։ Սրան ի պատասխան՝ մարգարեն Տիրոջ անունից ասում է, որ Աստծո խոսքերը բարեբեր են միայն արդարացի վարվողների համար։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Նա ասաց, թէ Իսրայէլի տունը բարկացրեց Տիրոջ հոգին. եթէ սա լինի նրա ընթացքը, լաւ չեն լինի Տիրոջ խօսքերը նրա հետ. իմ ժողովուրդը ուղիղ չի գնում ինձ հետ:
(Արարատ թարգ․)Ասվելու է. սա՞ է Հակոբի տունը, Տիրոջ համբերությունը հատել է, կամ սա վարվելու ձև՞ է։ Մի՞թե մի բարի խոսք չկա արդարների համար։
(Գրաբար)Որ ասաց՝ թէ տուն Իսրայէլի բարկացո՛յց զՈգի Տեառն. եթէ այս գնացք նորա իցեն, ո՛չ են բարւոք բանք նորա ընդ նմա. և ո՛չ ուղիղ գնացեալ է առաջի իմ ժողովուրդ իմ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: