Նավումի մարգարեության մեկնություն 1:14

Ա. Պ. Լոպուխին. «Բացատրական աստվածաշունչ»

«Իսկ քո մասին, Ասորեստա՛ն, Տերը սահմանել է. «Քո անունով այլևս սերունդ չի լինի. քո աստծու տնից Ես պիտի վերացնեմ ձուլածո կուռքերն ու պատկերները, այնտեղ քեզ համար գերեզման պիտի պատրաստեմ, որովհետև դու արհամարհված պիտի լինես»»: (Սինոդական թարգ․)[14]
 
       
Ասորեստանի կործանումը այստեղ նույնացվում է նրա թագավորական տան անկման հետ, քանի որ արքան ամբողջ ժողովրդի ներկայացուցիչն էր։ Բացի այդ, այստեղ Ասորական պետության անկման հետ է կապվում նաև Ասորեստանի աստվածների ոչնչացումը։ Ըստ հնագույն ժամանակների և հատկապես Արևելքի պատկերացումների՝ անկախ ազգային պետականության գոյության դադարումը նաև նրա աստծու զորության անկում էր նշանակում (Ես․ 36։18)։ Մարգարեն ասես Ասորեստանին ասում է. «Քո կործանմանը քեզ հետ միասին կմասնակցեն նաև քո ձեռակերտ աստվածները, որոնց դու կթաքցնես հողի մեջ և կթաղես ինչպես գերեզմաններում, որպեսզի թշնամիներին ավար չդառնան» (Երանելի Թեոդորետոս. «Տասներկու մարգարեների մեկնությունը», Մ․, 1857, գիրք 3, էջ 10)։

    Աստծու դատաստանի ահեղ վճիռը, ակնհայտորեն, վերաբերում է բոլոր ասորեստանցիներին, որոնք Տեր Աստծու և Նրա ժողովրդի դեմ միահամուռ թշնամությամբ ներկայացվում են որպես մեկ անձ՝ ամբողջ ժողովրդի մարմնավորումը հանդիսացող Ասուրը։ Ասուրի կործանման վերջին պատճառը նրա՝ ամեն ինչ քննող Աստծուն հայտնի ոչնչությունն է: Եբրայերեն «քի հալլոթա» նշանակում է՝ «դու թեթև ու աննշան գտնվեցիր» (Աստծու ճշմարտության կշեռքին, ինչպես հետագայում Բաբելոնը, տե՛ս Դան․ 5։27)։ Նույն իմաստով է փոխանցված նաև Վուլգաթայում՝ «quia inhonoratus es»։ Յոթանասնիցի ընդունված տեքստում «οτι ταχεις» (սլավ.՝ «քանզի արագորեն») արտահայտությունն է, որը, ըստ երանելի Հերոնիմոսի, արդարացի դիտարկման («Մեկ գիրք՝ Նավում մարգարեի մեկնության», Կիև, 1896, մաս 13, էջ 270), հատուկ իմաստ չի ունենա, եթե չառնչվի հաջորդ համարի՝ «ռագլե−oi ποδες−ոտքերը» բառին (15, ըստ եբրայերեն տեքստի՝ 2։1)։ Ակնհայտորեն Յոթանասնիցի թարգմանիչներն ընթերցել են «kallot» և այն ընդունել որպես ածական՝ «kcal−թեթևորեն, արագորեն» իմաստով։ Տվյալ համարում մասորեթական տեքստի ընթերցումն առավել արժանահավատ է, քան Յոթանասնիցի ընթերցումը։ Վերջինիս որոշ ձեռագրերում (22, 36, 51, 288, 95, 114, 185, Հոլմսի մոտ) ընթերցվում է «οτι ητιμωθης» տարբերակով, որը եբրայերեն «ki kallot» արտահայտության փոխակերպված ձևն է։

--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Տերը քո մասին հրամայել է. քո անունը շարունակող սերունդ չի լինի, քո աստվածների տնից պիտի վերացնեմ քանդակած և ձուլածո բոլոր կուռքերը, քո գերեզմանը պիտի պատրաստեմ, որովհետև դու անարգ եղար։
(Գրաբար) Եւ պատուիրեսցէ վասն քո Տէր. եւ ոչ եւս սերմանեսցի յանուանէ քումմէ։ Ի տանէ Աստուծոյ քումմէ ջնջեցից զդրաւշեալս, եւ զձուլածոյսն արարից ի գերեզման քեզ։