Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
(եբր․ 3)․ «Որովհետև Տերը պիտի վերականգնի Հակոբի փառքը, ինչպես նաև Իսրայելի փառքը, քանի որ ավերողներն ամայացրին նրանց և ոչնչացրին նրանց որթատունկի ճյուղերը»։ (Սինոդական թարգ․)[2]
Այժմ ցույց է տրվում Նինվեի թշնամիների մահացու ուժի և նրա ինքնապաշտպանական բոլոր ջանքերի ապարդյուն լինելու հիմնական պատճառը։ Նրա թշնամին հենց Ինքը՝ Տեր Աստված է: Աստծու թագավորության հանդեպ թշնամաբար տրամադրված Նինվեի կործանման միջոցով, Տերը կվերականգնի վերջինս [այսինքն՝ Աստծու թագավորությունը], կվերադարձնի Հակոբ−Իսրայելի, այսինքն՝ Աստծու ողջ ընտրյալ ժողովրդի արտաքին գեղեցկությունը և ներքին սրբազան մեծությունը (եբր.՝ «գաոն», Վուլգաթա՝ «Superbiam»)։
«Պետք է իմանալ,– այստեղ նշում է երանելի Թեոդորիտոս Կյուրոսացին (նույն տեղում, էջ 12),− որ Հակոբին Հակոբ անունը տրվել է ծնողների, իսկ Իսրայել անունը՝ Աստծու կողմից, և երկու անուններն էլ ընդունվել են Հակոբից սերած ժողովրդի կողմից։ «Ուստի,−ասում է Աստված,− ասորեստանցիներից կրած նեղությունների համար, Հակո՛բ, Ես կպատժեմ նրանց՝ հանուն նախահոր առաքինությունների, որի համար էլ Ես նրան նաև Իսրայել անունն եմ տվել»։ Հենց Նինվեի կործանման միջոցով պետք է վերականգնվի Աստծու ժողովրդի փառքը, Աստծու թագավորության մեծությունը, որովհետև հենց Նինվեն՝ ի դեմս իր Թիգլաթպալասար, Սալմանասար, Սենեքերիմ և այլ թագավորների, տվեց Իսրայելի մեծագույն ավերիչներին: Իսկ Իսրայելը Աստծու ճշմարիտ որթատունկն էր (Ես. 5:1), որը տնկվել էր Աստծու ձեռքով, սակայն անխնա ոչնչացվել թշնամիների կողմից (Սաղմ. 79։9-14)։ Այժմ՝ Հակոբի գեղեցկության և Իսրայելի փառքի վերականգնման այս պահին, եկել է նրան ստրկացնողներից, այսինքն՝ ասորեստանցիներից վրեժ լուծելու ժամանակը (Ես․ 33։1)։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) քանզի Տէրը վերադարձրեց Յակոբի հպարտութիւնը Իսրայէլի հպարտութեան նման, քանի որ բոլորովին թօթափեցին նրանց եւ նրա ճիւղերը ապականեցին:
(Արարատ թարգ․) Որովհետև Տերը վերադարձրել է Հակոբի վայելչությունը Իսրայելի վայելչության պես, թեև ավարառուները դատարկել են նրանց և ոչնչացրել նրանց որթատունկի ճյուղերը։
(Գրաբար) զի դարձոյց Տէր զհպարտութիւնն Յակովբայ իբրեւ զհպարտութիւնն Իսրայէլի։ Զի թաւթափելով թաւթափեցին զնոսա, եւ զուռս նորա ապականեցին.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: