ՎԱՆԱԿԱՆ ՕՐԵՐ

Վանահայրն իր աշխատասենյակից     դուրս եկավ: Սեպտեմբերի  վերջն  էր,  ոսկե  աշունը  սկսել  էր  դեղին  գույն  ներարկել  ծառերին:  Արևը  մեղմ  շողում  էր,  ևամպերն ավելի հաճախ էին նրա ճամփան կտրում: Կոլոտի և մյուս պատվիրակների մեկնումից անցել էր մեկ ամիս: Գրիգոր  վարդապետի  երեսը  խնդուն  էր:  Մի  հայ  վաճառականի միջոցով  հասել  էր  Կոլոտի  հանգանակությունների  առաջին բաժինը: Գումարը բավարար էր պարտքերի անմիջական տոկոսները  մարելու  համար:  Գոնե  մի  քանի  ամիս  կարող  էր հանգիստ շունչ քաշել: Սանդուղքներով վեր բարձրացող մի  դեմք  է՛լ  ավելի  ժպիտ  շնորհեց  վանահոր  երեսին:  Ջեմալը,  ավելի  ճիշտ`  շեյխ  Ջեմալը`  նույնպես  խնդումերես  ու գրկաբաց,  արագ  քայլերով  նրան  էր  մոտենում:  Ջերմորեն փաթաթվեցին,  և  Ջեմալը  վեր  կանչեց  ներքևում  կանգնած երեք ծառաներից մեկին, որ հինգ-վեց տարեկան մի մանկան էր գրկել:

- Հասանը տղաս  է,  հա՛յր  սուրբ,  ուզում  էի  նրա  համար մատաղ անել և քեզ մոտ բերեցի, որպեսզի Սուրբ Վարդանի խաչով աղոթես նրա համար:

Գրիգորը զարմացավ, որ այդ այլազգին «սուրբ» է անվանում  Վարդան  վարդապետին.  նույնիսկ  իր  աշակերտներից առավել ճշգրիտ հորջորջումով, որոնք առհասարակ «երանելի»  էին  կոչում  նրան:  Վանահայրը  մանկանը  գիրկն  առավ, համբուրեց, գլուխը շոյեց:

-Իր հոր  նման  անուշիկ  է,–  ասաց,–  բայց  ե՞րբ  ունեցար այս մանկանը:

-Ես արդեն  քսանմեկ  տարեկան  եմ,  հա՛յր  սուրբ:  Հայրս (Աստված հոգին լուսավորի) հիվանդությունիցս բուժվելուց անմիջապես հետո ինձ ամուսնացրեց, երկու կին և չորս երեխա ունեմ:

Գրիգորը ներս` իր սենյակ հրավիրեց Ջեմալին, իսկ ծառաները  դրսում  մնացին:  Դրամարկղից  հանեց  խաչը,  որը Ջեմալը  համբուրեց,  և  Գրիգոր  վարդապետն  օրհնության աղոթք արեց մանկան համար:

–        Գիտե՞ս,  երեք  շաբաթ  առաջ  Բաղեշ`  Ամրդոլ  վանքն այցելեցի`  Սուրբ  Վարդանի  գերեզմանի  առաջ  աղոթելու: Այնտեղ հրաշքի մասին պատմեցի, և երբ վանահայրը` Եղիա սրբազանը,  պատմությունը  լսեց,  լաց  եղավ:  Երկու  օր  այնտեղ  մնացի:  Երբ  վանահայրն  ինձ  տեսնում  էր,  մանուկների պես սկսում էր դառնագին լաց լինել: Ձեզ նման բարի մարդ էր, սակայն շատ տառապածի տեսք ուներ: Պարզվում է` Ձեր ընկերն է, Ձեզ բարևներ ուղարկեց:

Գրիգորը  միշտ  ուշադիր  էր  իր  սրտի  ձայնին:  Զգաց,  որ գոհ չմնաց իր վաղեմի հակառակորդի մասին լսելուց: Հաս- կացավ,  որ  Եղիա  վարդապետին  դեռ  ամբողջովին  չի  ներել, և  նրա  պատճառած  վերքերը  սրտի  վրա  դեռ  չեն  սպիացել: Կրկին  բարկության  մի  ալիք  բարձրացավ  կուրծքն  ի  վեր: Նույնիսկ այս իսլամը կարող էր Վարդանի գերեզմանն այցելել,  իսկ  ինքն  ու  Կոլոտը  չէին  կարող:  Յոթը  տարուց  ի  վեր Եղիայի պատճառով իրենց հոգևոր հոր շիրիմը չէին այցելել: Ակամա նրա աչքերից երկու կաթիլ արցունք հոսեց:

–        Ահա դու էլ նրա պես սկսեցիր լաց լինել, երբ նրա մասին լսեցիր: Երևում է` իրար շատ եք սիրում:

–        Այո՛,– ասաց վանահայրը ժպտալով,– շատ էինք սիրում, բայց հիմա շատ-շատ հեռու ենք իրարից:

–        Ո՛չ, ո՛չ, ընդամենը երեք օրվա ճանապարհ է:

Ջեմալն  իր  գրկում  հանգիստ  նստած  իր  զավակի  գլուխն էր շոյում: Սակայն նրա աչքերը հաճախ էին սառչում. Նման այն  մարդկանց,  որ  իրենց  մտքում  մեծ  մտահոգություն  են ունենում: Այս հոգեվիճակը փորձառու խոստովանահոր աչքից չէր կարող վրիպել:

–        Ջեմա՛լ, տղա՛ս, մտահոգ ես, ի՞նչ խնդիր ունես, կարո՞ղ եմ իմանալ:

–        Պատերազմի հովեր են մեր շուրջը փչում, հա՛յր սուրբ: Մեր խաղաղ հովիտները կրկին արյամբ պիտի ողողվեն:

–        Ի՞նչ պատերազմ, ես որևէ բանից լուր չունեմ:

–        Մոտ օրերս կլսես: Գիտես, այս տարի բերքը հաջող չէր, իսկ  պետությունն  այս  տարի  կրկնապատիկ  տուրք  է  մեզանից  պահանջում.  սուննի  իսլամներից  ու  քրիստոնյաներից` անցյալ  տարվա  չափ,  իսկ  մեզնից`  ալավիներիցս`  կրկնապատիկ: Անցյալ շաբաթ Անատոլիայի բոլոր ալավի մեծերս` քուրդ,  թուրքմեն,  արաբ,  հավաքվեցինք  ու  որոշեցինք  այս տարի ոչ մի տուրք չվճարել:

–        Բայց դա ապստամբություն է, և Օսմանական կայսրությունը  ձեզ  ծանրորեն  կպատժի:  Գիտեք,  պատերազմը  պահանջված տուրքից շատ ավելի թանկ կնստի ձեր վրա: Հազարավոր հոգիներ կկորցնեք:

–        Գիտենք,  հա՛յր  սուրբ,  բայց  այս  շարժումը  պարզապես պատրվակ է պետության համար: Նույնիսկ եթե իրենց ուզածը  վճարենք,  նրանք  արդեն  որոշել  են  մեզ  ջարդել,  ինչպես միշտ անցյալում եղել է: Ենիչերներն արդեն ոտնձգություններ  են  սկսել  մեր  դեմ.  մեր  աղոթատեղիները  պղծում  են,  և սուննի հրոսակախմբերը մեր գյուղերի վրա են հարձակվում, կանանց առևանգում, այգիներն այրում, բայց անպատիժ են մնում: Այս բոլորը ծրագրված նախաքայլեր են` մեզ մաքրագործելու: Պիտի դիմադրենք, ուրիշ ճար չունենք:

–        Ինչո՞ւ  եք  պատերազմի  մեջ  մտնում,  որի  արդյունքը հայտնի է. չեք կարող աշխարհի մեծագույն պետուժին հաղթել:

–        Դուք`  հայերդ,  այդ  չեք  կարող  հասկանալ,  ձեր  վրա դրված  ամեն  պայման  ընդունում  եք:  Առանց  առարկելու վճարում  էիք  պահանջվող  կրկնապատիկ  տուրքը,  ձեր  մա- նուկները սովից մեռնում էր, իսկ ժողովրդի կեսն ուրիշ տեղ էր  գաղթում`  այնտեղ  հանգիստ  փնտրելու:  Սակայն  փոքր-ինչ  նրանց  հանգստանալուց  հետո  ուրիշներն  էին  գալիս` նրանց  հարստությունը  կողոպտելու:  Մենք  այդպես  չենք: Մենք  իսլամ  ենք  և  Աստծուց  անարդարության  դեմ  կռվե- լու հրաման ունենք, ինչքան էլ թշնամին հզոր լինի: Նաև ոչ մի պատերազմի արդյունք հնարավոր չէ նախապես կռահել, սիրելի՛  հայր  սուրբ:  Իր դատին  հավատացող  մարդը  բոլոր հաշիվները գլխիվայր կարող է շրջել: Եթե նույնիսկ օսմանյան ենիչերները մեր դաշտերը ողողեն, լեռները միշտ մեզ են պատկանում, և մենք ուրիշ հայրենիք չունենք տեղափոխվելու:  Եթե  մեզ  ջարդեն,  փաշաները  լավ  գիտեն,  որ  մեր  երեք գլխի փոխարեն մենք էլ նրանցից նվազագույնը երկու գլուխ կվերացնենք: Իրենք ևս հաշվի պիտի նստեն այս իրականության հետ: Դրանից բացի, մեզ հարևան ունենք շահին` թագավորների  թագավորին:  Հրեշտակի  նման  միշտ  հասնում  է մեզ օգնելու: Երիտասարդ  շեյխի  խոսքերից  հետո  լռություն  տիրեց:

Գրիգորը  լավ  գիտեր  պատմությունը,  հայոց  թագավորությունների ոսկե շղթան, որ իրար ետևից ընկան` քրիստոնյա մի ժողովրդի իսլամական ծովի մեջ անպաշտպան, առանձին ու  անճար  թողնելով:  Այդ  հողերը  հազարավոր  տարիներով հայերի  հայրենիքն  էին  եղել,  իսկ  հիմա  հայոց  վաղեմի  հողերն  ուրիշներն  էին  «հայրենիք»  կոչում:  Հարյուր  հիսուն տարի  առաջ  օսմանցիները  հարավից  հյուսիս  էին  բերել, լցրել քրդական և արաբական ցեղախմբեր, որպեսզի մարդեղեն  պատ  հյուսեին  այնտեղ`  Հայոց  աշխարհը  երկուսի  բաժանելով:  Քրդերը  բազմանում  էին  և  Եփրատից  հետո  Փոքր ու  Մեծ  Հայքերի  միջև  հայության  արևելյան  և  արևմտյան հատվածները   մասնատող   երկրորդ   պատնեշի   էին   վերածվում: Ջեմալը շատ ճիշտ էր: Մեծ երկրաշարժից հետո Տարոնից  տասնյակ  հայկական  գյուղեր  էին  դատարկվել`  արտագաղթելով  այլ  վայրեր,  նրանց  փոխարեն  քրդերն  էին  լցվել: Ջեմալի տխրությունը փոխանցվեց Գրիգորին՝ ապագայի սև ալիքներով հարվածելով նրա նուրբ հոգուն:

–        Ինչո՞ւ են մեզ ուզում ջարդել, հա՛յր սուրբ, մենք էլ նրանց նման մահմեդական ենք, պարզապես տարբեր ձևերով ենք  նույն  Աստծուն  պաշտում:  Սուննիները  մեզ  ավելի  են ատում, քան ձեզ` քրիստոնյաներիդ: Երբեմն ձեզ նախանձում եմ, հա՛յր սուրբ: Դուք` քրիստոնյաներդ, իրար նկատմամբ ավելի խաղաղ ու մարդասեր եք, իսկ մենք` իսլամներս, իրար ենք ուտում դարեր շարունակ:

–        Դու այդպես կարծիր,– ժպտաց Գրիգորը,– այս վայրկյանին  Եվրոպայում  կաթոլիկ  քրիստոնյաներն  ու  բողոքական քրիստոնյաներն  իրար  կոկորդ  են  կտրում:  Երբ  կաթոլիկ  մի թագավոր բողոքական մի քաղաք մտնի, մի օրվա մեջ տասը հազար  մարդու  գլուխ  կտրել  կտա  և  ձողերի  վրա  հարյուրավորների  այրել  կտա`  քաղաքը  քարուքանդ  անելով:  Երբ բողոքական  թագավորը  դա  լսի,  մինչև  ինքն  էլ  քսան  հազար կաթոլիկի գլուխը թռցնել չտա, երբեք չի հանգստանա: Անցյալ տարի մի գերմանացի կաթոլիկ էր մեր վանք այցելել, և  նրա  պատմած  կատակն  եմ  հիշում.  «Մի  թունդ  բողոքական,  ով  իր  ամբողջ  կյանքը  կաթոլիկների  դեմ  պայքարելով էր  անցկացրել,  մահվան  անկողնում  պատվիրում  է`  կաթոլիկ  քահանայի  կանչեն,  որովհետև  ինքն  ուզում  է  կաթոլիկ դառնալ:  Բոլորը  նրա  դեմ  բարկությամբ  են  լցվում`  իրենց ականջներին  չհավատալով:  Բողոքականը  հոգեվարքի  մեջ պատասխանում է. «Գիտեմ, որ քիչ հետո մեռնելու եմ, թող մեկ ավելի կաթոլիկ մեռնի»:

Սրտագին  խնդացին:  Մանուկն  էլ  նրանց  ուրախությանը մասնակցեց` ձեռքերը ծափ տալով, և հոր այտի վրա մի մեծ համբույր  դրոշմեց:  Հոր  գրկից  իջավ  ու  սկսեց  սենյակում շրջել` աջ ու ձախ զննելով:

–        Կրոնները, որ խաղաղության ու մարդասիրության եղանակներ պետք է լինեն, ինչո՞ւ են այսքան վայրագություններով լեցուն և հավատացյալներին էլ իրար կոտորել են տալիս:

–        Պատասխանատուները  կրոնները  չեն,  այլ  հավատացյալների  հիմարությունն  է,  որ  քաղաքական,  տնտեսական, ազգային և այլ խնդիրները շփոթում է կրոնի հետ:

–        Հավատացյալների  հիմարությո՞ւն,  այդ  ինչպե՞ս  է  լինում:

–        Հավատացյալի  մի  կողմը  միշտ  պակաս  է,  ամեն  բանի շուտ հավատում է, մանավանդ երբ իր կրոնի մասին է խոսվում:  Իրեն  դրախտ  խոստացողին  ամեն  ինչ  պատրաստ  է զոհելու,  նույնիսկ  իր  կյանքը:  Խելացի  մարդիկ  էլ,  հատկապես քաղաքագետները, իրենց նպատակներին հասնելու համար օգտագործում են այս վիճակը: Սուլթանները  պետք  է  նոր  հողեր  գրավեին,  բայց  դյուրին չէր, իհարկե, մարդկանց համոզել կռվելու և իրենց միակ կյանքը զոհելու գնով ուրիշի հողին տիրել, որով սուլթանների փառասիրությանը պիտի գոհացում տրվեր, իսկ նրանց գանձանակը`  թալանով  լցվեր:  Սուլթաններն  իրենց  արշավանքները`  ընդդեմ  սատանայի  և  անաստվածների,  Ալլահի  անունով  «Ջիհաթ»  կոչեցին:  Եթե  մեռնեին,  ինչ  խոսք, անպայման   դրախտ   էին   գնալու`   քառասուն   հուրիներով վարձատրվելու:  Իսկ  երբ  Եվրոպայում  ժողովուրդը  բազմացավ, և իշխաններն աղքատացան, շատերն ուզեցին Արևելքի հողերը գրավել ու հարստանալ: Սակայն չէին կարող այդպես խոստովանել և միլիոնավոր մարդկանց համոզել իրենց տները թողնելով` իսլամ երկրների վրա հարձակվել: Հետևաբար նրանք իրենց  արշավանքները`  մղված  սուտ  կրոնի  դեմ, հանուն  Քրիստոսի  «խաչակրություն»  կոչեցին.  սուրբ  պատերազմ  և  ազնվագույն  իդեալ  կռվելու  և  մեռնելու:  Մեռնողի համար Աստծո արքայության դռներն իսպառ բաց պիտի լինեին,  և  նրանք  նահատակի  իրենց  արյամբ  պիտի  սրբվեին իրենց բոլոր մեղքերից:

–        Նոր  բաներ  ես  ասում,  հա՛յր  սուրբ,  սրանից  առաջ  չէի լսել: Մեր կռիվը, սակայն, կրոնի համար է` սուննիների դեմ:

–        Ձեր կռիվը պարզապես Պարսկական և Օսմանական կայսրությունների  վաղեմի  հակամարտության  մեկ  երանգն է: Օսմանցիները կասկածում են շիաներին որպես Պարսկաստանի համակիրների և հալածում են նրանց: Պարսիկներն էլ հալածում  են  իրենց  իշխանության  տակ  գտնվող  սուննիներին: Կաթոլիկներն ու բողոքականները նույնպես կրոնի համար չեն կռվում: Երբ իշխանավորները համաձայնության են գալիս  իրար  հետ,  պատերազմներն  անմիջապես  դադարում

են`  անսրբագրելի  ատելություն  և  ոխ  թողնելով  հավատացյալների մեջ:

Ջեմալը ոտքի ելավ գնալու, վարդապետի ձեռքը համբուրեց և մանկանը գրկելով` դուրս ելավ: Հավանաբար չէր ուզում  ավելի  բան  լսել  վարդապետից:  Դաժան  պայքար  կար առջևում, և չէր ուզում լսել, որ իրենց դիմադրությունը լինելու է հանուն պարսիկ շահի իրենց կյանքը զոհելու գնով: Մահմեդական  իր  մտքում  քաղաքականությունն  ու  կրոնն անբաժանելի էին:

Գրիգորը   մինչև   վանքի   դուռը   ճանապարհեց   Ջեմալին ու  սպասեց  այնքան,  մինչև  նրանք  անհետանային  տեսադաշտից:  Լուրից  իրապես  ցնցված  էր:  Դիտեց  խաղաղ  շրջապատը. այգիները, ամառվա ամբողջ արևը ծծելով, արևին էին  նմանվել  արյան  կաթիլների  նման  վառ  ողկույզներով: Արյո՞ւն,  մարդկային  արյո՞ւն:  Ի՞նչ  կարիք  կար,  կամ  ո՞ւմ էր մարդու արյուն հարկավոր: Աստված մարդկությանը խաղող էր տվել և սրա արյունը` կյանքը տոնելու համար: Թող մարդիկ արևի արյունը խմեն և ուրախանան, արևահամ գինին  խմեն  և  եղբայրական  սեղանների  շուրջ  բոլորված  սիրեն իրար: Ո՞վ կամ ո՞վքեր են մարդկությանը համոզելու, որ մարդու արյուն խմելիս են նրանք հանգստանում:

Զեփյուռը սկսեց երեսը լիզել, և վեղարը թեթևակի շարժվեց: Թռչունները հարավ էին գաղթում: Վանահայրը կռունկներին  ձեռքով  նշան  արեց  ու  մանկությունը  հիշեց:  Ընկերներով փռվում էին դաշտի վրա և մեջքի վրա պառկում` ավելի  լավ  դիտելու  գաղթական  երամները:  Դեպի  երկինք  էին գոռում, ոմանք կռունկի երգ էին երգում` իրենց կոկորդները պատառոտելով, և երազում էին այն հեռու երկրների մասին, ուր կռունկներն էին գաղթում. անտեսանելի, դյութիչ, հեքիաթային քաղաքներ:  Վանահայրն  ուզեց  մանուկ  դառնալ... Վանքի  դռնից  դուրս  ելավ,  մի  փոքր  ներքև  գտնվող  չորա- ցած մարգագետնի վրա պառկեց ու մանկությունից մնացած մի երգ մռմռաց` շատ բառեր մոռանալով: Գալիք պատերազմի մասին մտածեց. բոլոր հայերն էլ իսլամական ներքին պատերազմների  աղետալի  արդյունքների  մասին  լավ  գիտեին: Ի  վերջո,  այդ  պատերազմից  իրենց  էլ  դառը  բաժին  պիտի ընկներ: Հայերը երկու կողմերի միջև կմնային, հրոսակախմբերն ու զինվորները, առիթից օգտվելով, անխնա կհարվածեին անպաշտպան հայ գյուղերին: Սիրտը դարձյալ կծկվեց, և մանկական մի աղոթք ուղղեց կռունկներին.

–        Ո՛վ  սիրուն  կռունկներ,  առեք,  մեր  երկրից  շատ  հեռու տարեք  ատելությունը  և  անվերադարձ  թափեք  ծովը:  Թող մեր երկնակամարը մաքուր մնա: Ո՛վ անտեսանելի հրեշտակներ,  խնդրում  եմ,  սակայն  դուք  շատ  հեռու  մի՛  գնացեք, մնացեք  մեր  երկրում  և  պաշտպանեք  անմեղներին  ու  մանուկներին: Տե՛ր, խնամիր քո զավակներին: Թող այս տարվա անուշ գինին խաղաղությամբ խմենք:

«Խաղաղական ժամերգության» զանգը հնչեց. յոթ ժամերգություններից նախավերջինն էր: Հայկական վանքերում բոլոր ժամերգություններն էլ կանոնավոր կերպով կատարվում էին:  Գրիգորը  պառկած  տեղում  իրեն  խաչակնքեց:  Վանահայրը պետք է եկեղեցի գնար, բայց չգնաց. այդ պահին ուրիշ աղոթք  էր  ուզում  անել:  Երկնակամարի  տակ  սիրտը  խորան դարձրեց և «հոգով ու ճշմարտությամբ» պաշտեց երկնքի և երկրի Արարչին: Աչքերով համբուրեց «մնաք բարով» ասող արեգակի  վերջին  լույսերը:  Արևամուտը  նրան  բաժանում- ներ  հիշեցրեց:  Կոլոտին  և  մյուս  միաբան  եղբայրներին  հիշեց.  նրանց,  ովքեր  հանգանակության  համար  Պարսկաստան ու  Վրաստան  էին  մեկնել:  Հորիզոնի  կարմրությունը  արյան կաթիլների  նման  թափվեց  նրա  վրա  և  կարմիր  պատերազմ հիշեցրեց: Պատերա՞զմ. ինչո՞ւ:

Մի  պահ  ուղղվեց,  նստեց  խռովված  ու  սրտակեզ:  Մտո- րումների  մեջ  ընկղմված`  ոտքի  ելավ  ու  վանք  վերադար- ձավ.  քիչ  հետո  վանքի  մայր  դարպասը  փակվելու  էր:  Ճիշտ դարպասի  մոտով  էր  անցնում,  երբ  պահակ  միաբանը,  ձեռքին հեռադիտակ բռնած, հզոր ձայնով վերևից գոչեց.

–        Երեքհոգիանոց   մի   խումբ   է   մոտենում,   աբբահա՛յր, երկուսը`   վեղարավոր:   Մինչև   այստեղ   հասնեն,   կես   ժամ կտևի:  Ի՞նչ  անենք.  սպասե՞նք  նրանց,  թե՞  դարպասը  փակենք:

–        Փակե՛ք, բայց կողքի փոքր դուռը թող բաց մնա, նրանց այնտեղով կընդունեք:

Սակայն ինքը ևս հետաքրքրված վեր ելավ պահակի մոտ, հեռադիտակով   մի   քանի   անգամ   ստուգեց   ճանապարհը ու  սպասեց,  մինչև  տեսողությունը  պայծառանա:  Ի  վերջո,ճանաչեց եկողներին, և երեսն ուրախությունից փայլեց:

–        Սրանք  մերոնք  են`  հայր  Աբրահամը,  հայր  Գևորգն  ու Հայկ Սարկավագը:

Գրիգորը  ներքև  վազեց`  եղբայրներին  դիմավորելու,  որ հանգանակության   համար   Պասկաստան   էին   ուղարկվել: Վաղ էին վերադառնում: Նրանց դանդաղ ու համրաքայլ մոտենալը  մտահոգեց  վանահորը,  ում  շտապ  քայլվածքը  վերածվեց սրընթաց վազքի: Իրար փաթաթվեցին, և բոլորը սկսեցին արտասվել: Որքա՜ն դյուրին էր այս բարի մարդկանց համար լաց լինելը: Երբ վանահայրը տեսավ Հայկ սարկավագի փաթաթված գլուխը, հայր Գևորգի կաղալը, անմիջապես հասկացավ.  ճամփորդության  ընթացքում  ինչ-որ  սխալ  բաներ էին տեղի ունեցել:

–        Ի՞նչ է ձեզ պատահել, սիրելինե՛ր:

–        Ավազակները   մեզ   վրա   հարձակվեցին,   աբբահա՛յր,– պատասխանեց  հայր  Աբրահամը,  որ  պատվիրակության  ղե- կավարն էր և Գրիգոր վարդապետի քեռորդին:

Աբրահամ Հոշեփեցին Կոլոտի ավագ դասընկերներից էր, որ լինելով Ամրդոլից հեռացող հինգ վարդապետների խմբի մեջ, ովքեր հետևել էին Գրիգոր և Հովհաննես վարդապետներին, ի վերջո, հաստատվել էր Սուրբ Կարապետ վանքում: Այսպիսով,  Վարդանի  յոթ  աշակերտ  վարդապետները  հայկական այդ մեծագույն վանքում նոր շրջան էին թթխմորում: Աբրահամն աչքի էր ընկնում իր մտքի կարողություններով: Դեմքով  շփոթվելու  աստիճան  նման  էր  իր  քեռուն,  և  նրան տեսնողները  միշտ  պիտի  հիշեին  ժողովրդական  առածը,  թե «Տղան նման է իր քեռուն, իսկ աղջիկը՝ հորաքրոջը»: Քեռուց ազդվելով` մտել էր վանական կյանք, բայց կարողություններով և աշխուժությամբ Կոլոտին էր հիշեցնում: Աբրահամ Հոշեփեցին եկեղեցականի իր ընտիր հատկությունների շնորհիվ հայոց ապագա կաթողիկոսներից մեկը պիտի դառնար:

–        Պարսկաստանը  վհուկի  կաթսայի  նման  եռում  է`  քաղաքական  մեծ  շփոթությունների  մատնվելով:  Այդ  երկրին անհայտ ապագա է սպասում: Կայսրության մեջ ապրող բոլոր  ազգերը,  ներառյալ  հայերը,  պատրաստվում  են  ապս- տամբելու: Այնտեղ ամեն բան անապահով էր. տնտեսությունը`  քայքայված,  կաշառակերությունը`  վերջին  աստիճանին հասած,  ամեն  կառավարիչ`  իր  իշխանությամբ  տարված,  և կենտրոնական   իշխանությունը`   գրեթե   կորստյան   մատնված: Թագավորի հեղինակությունը միայն մայրաքաղաքով է սահմանափակվում:  Պարսկաստանն  իր  պատմության  տկարագույն  պահերն  է  ապրում`  դժբախտաբար,  ներքաշվելով պատերազմի փոսը:

Մի պահ կանգ առան զառիվայրի վրա և դդմի սափորներից մի կում ջուր խմեցին: Հայր Աբրահամը շարունակեց իր խոսքը.

–        Երբ  մի  քանի  օր  էր,  ինչ  մտել  էինք  Պարսկաստանի սահմաններից  ներս,  մի  խումբ  զինված  մարդիկ  մոտեցան ու  կողոպտեցին  մեր  ամեն  ինչը՝  մեզ  պարզ  հագուստներով թողնելով:  Այդ  պահին  պիտի  ազատ  արձակեին  մեզ,  սակայն  իսլամացած  մի  հայ  ավազակապետին  ասաց,  որ  մենք կրոնավորներ ենք, և եթե մեզ գերի վերցնեն, հայ վաճառականներից  առատ  փրկագին  կարող  են  պոկել:  Եվ  այսպես` պատանդ վիճակում, ամենադաժան պայմանների տակ երկու շաբաթ  նրանց  հետ  անցկացրինք:  Մասնավորապես  այդ  իսլամացած  հայն  էր  մեզ  չարաչար  տանջում,  որպեսզի  մենք էլ  իր  նման  մուսուլման  դառնայինք:  Մեր  բախտից  ճանապարհին  Ջուղայեցի  մի  հայ  վաճառական  հանդիպեց`  Հարություն Տեր-Ադամյան անունով, որ Սուրբ Կարապետ եկել էր, ծանոթ էր մեզ և ուզեց մեզ փրկել: Սակայն անզգամները շատ փող ուզեցին, և նա հրաժարվեց փրկագինը վճարելուց: Մեր հույսը գրեթե կորցրել էինք, երբ հանկարծ զինվորների  մի  խումբ  հրոսակախմբի  վրա  հարձակվեց`  ծուղակի  մեջ գցելով նրանց:

Դիմադրող  մի  քանի  ավազակներ  սպանվեցին`  ներառյալ ավազակապետն ու իսլամացած հայը: Սպայապետը մեզ մոտեցավ, մեղմ ձևով ու հարգալից քանդեց մեր կապերը և մեզ մոտիկ  մի  խանի  մոտ  տարավ  խնամվելու:  Այնտեղ  հասկացանք,  որ  խելացի  վաճառականը  չնչին  գումարով  կաշառել էր սպայապետին ու համոզել` ավազակների վրա հարձակվելու, որից հետո իրեն ծանոթ միջոցներով կրկին համոզել էր սպայապետին, որպեսզի մեզ չորս զինվոր տրամադրեր` մեզ ընկերանալու և պահպանելու մինչև օսմանյան սահմանը:

Երբ վանք մտան, եղբայրներն արդեն լուրը ստացել էին ու հավաքվել եկողներին դիմավորելու: Ողջագուրվելու արարողությունը  երկար  տևեց,  որից  հետո  միասնաբար  ճաշարան մտան:  Այնտեղ  բոլոր  միաբանները  մանրամասնորեն  լսեցին նրանց արկածների մասին:

Երկու  օր  հետո  աբբան  միաբանական  ժողով  գումարեց` գալիք պատերազմի վերաբերյալ խնդիրների շուրջ խոսելու: Ժողովը  որոշեց  հայր  Աբրահամին  ընտրել  փոխվանահայր (փոխվանահայրությունը  թափուր  էր  մնացել  Կոլոտի  մեկնելուց հետո) և Աբրահամի գլխավորությամբ ճգնաժամային հատուկ  հանձնախումբ  կազմել,  որ  ծրագրեր  պիտի  մշակեր՝ մոտ  ապագայում  առաջացող  խնդիրներին  դիմագրավելու: Պատերազմական   վիճակում,   բնականաբար,   կրկնապատիկ սնունդ  ապահովելու  հարց  պիտի  ծագեր,  և  դա  նշանակում էր,  որ  կրկին  մեծ  պարտքերի  տակ  են  մտնելու.  վանքը  այդ ավելորդ ծախսերը հոգալու եկամուտ չուներ: Սակայն հարցն անսպասելի կերպով լուծվեց:

Ջեմալն  իր  այցելությունից  մի  շաբաթ  հետո  կրկին  հանդիպեց  Գրիգոր  վարդապետին  և  նրան  շիա  մեծավորների հետ  տեսակցության  հրավիրեց:  Գրիգորն  Աբրահամին  իր հետ  տարավ  հանդիպման,  որ  երեք  ժամ  հեռավորության վրա  գտնվող  մի  քարայրում  տեղի  ունեցավ:  Հրավիրվածները մեկ առ մեկ եկան ձիերով և իրենց ընկերացող զինյալ պարտիզաններով:  Քարայրից  դուրս  երկու  հարյուր  հեծյալ էր հավաքվել, իսկ ներսում վարդապետների հետ միայն ինը հոգի  էր  զրուցում:  Հավաքված  շեյխերի  մեջ  ամենաերիտասարդը Ջեմալն էր: Խոսք առավ ամենածերը՝ լեռնաբնակ Ավշար  թուրքմենների  մեծավորը`  իր  խոսքը  վարդապետներին ուղղելով.

–        Դուք հայերի մեծավորներն եք, նրանց շեյխերը: Ուստի ուզեցինք  ծանոթանալ  ձեզ  հետ  և  որոշ  առաջարկներ  անել: Առանց  խոսքս  երկարեցնելու`  ասեմ,  որ  արդեն  գիտեք,  որ Անատոլիան հղի է սուննի և ալավի նոր պատերազմով, որի մեջ նաև բարեկամ հայ ժողովուրդն է ներքաշվելու: Այս պատերազմը  կարող  է  ոսկե  առիթ  դառնալ  օսմանյան  լծի  տակ տառապող բոլոր ժողովուրդների ազատագրման համար: Երբ կռիվները սկսվեն, դուք էլ ուզած-չուզած պիտի տուժեք, ուրեմն  ինչո՞ւ  մեզ  չեք  միանում  և  չեք  կռվում  ձեր  ազատության համար: Եթե մեր ուժերը միացնենք, կարող ենք ազատվել անաստված օսմանցիների անտանելի լծից:

–        Պատերազմի արդյունքը հայտնի է. հնարավոր չէ դուրս գալ աշխարհի գերուժի դեմ,– պատասխանեց Գրիգորը` փոքր-ինչ   անակնկալի   եկած:   Երբեք   չէր   սպասում   նման առաջարկի:  Ջանում  էր  ի  մի  բերել  մտածումները  և  ճիշտ պատասխաններ տալ հարցադրողներին, որովհետև չէր ուզում այդ մարդկանց գժտեցնել կամ բարկացնել:

–  Նույնիսկ Եվրոպայի կազմակերպված հզոր պետություններն անկարողեն  նրա  բանակների  հարձակմանը  դիմադրել.  ի՞նչ  կարող  է անել պարզ ժողովուրդը նրա ընկճող զորության առջև: Մեր ժողովուրդը կազմված է քաղաքների   արհեստավորներից, դաշտի հողագործներից և անասնաբույծներից` առանց զենքի և բանակի: Մեր անմեղ ժողովրդին այդպիսի պատերազմի առաջնորդելը նշանակում է իսկական կոտորածի ճիրանները հանձնել նրան, ով դարեր ի վեր ո՛չ զենք է ունեցել, ո՛չ էլ կռվի, նույնիսկ ինքնապաշտպանության փորձառություն:

–        Բացի դրանից, մենք քրիստոնյա ենք: Եթե ձեզ մեկ անգամ են պատժում, մեզ տասն անգամ ավելի կպատժեն. Մենք փորձառությամբ դա գիտենք,– միջամտեց Աբրահամը:

–        Ճիշտ է, երբեմն օսմանյան լուծը շատ ծանր է դառնում, որի  տակ,  սակայն,  մենք`  հայերս,  մեր  հավատարմության շնորհիվ  դարերով  խաղաղություն  և  ապահովություն  ենք վայելում:

–        Ոչխարների  խաղաղություն  և  ապահովություն,–  պատասխանեց  թուխ  մաշկով  ալեհեր  մի  ծերունի,  ում  խոսքից հստակ երևում էր, որ արաբ շեյխ է,–  մինչև հովիվը գա ձեզ մորթելու  և  ուտելու,  իհարկե,  խաղաղ  և  ապահով  եք  նրա գավազանի շուքի տակ:

–        Մենք  սրան  ավելի  շուտ  «եղեգների  իմաստություն» կանվանեինք,– կրկին խոսեց Գրիգորը:

–        Եղեգը  փոթորկի  առջև  չի  դիմադրում,  այլ  կքում  է, ճկուն  ձևով  խոնարհվում  և  համբերում,  մինչև  մթնոլորտը հանդարտվի,  որից  հետո  կրկին  ուղղվում  և  վերսկսում  է կյանքն ընդհատված տեղից: Սա է մեր ժողովրդի գոյության գաղտնիքը:  Մենք  մոռացել  ենք  կռվելը  և  պատճառ  էլ  չունենք  պետության  դեմ  կռվելու:  Մենք  պիտի  չեզոք  մնանք` մուսուլմանների այս ներքին պատերազմին մաս չկազմելով: Ահա սա է իմ և եղբայներիս որոշումը:

–        Մենք արդեն գիտեինք, որ այդպիսին կլինի ձեր պատասխանը: Իրականում մենք ուզում էինք ձեզ հետ ավելի գործնական հարցի շուրջ խորհրդակցել և, եթե հնարավոր լիներ, ձեր օգնությունը խնդրել: Կռիվներն ավելի շատ կենտրոնանալու են Միջին Անատոլիայում, ուր Ալավի բնակչությունը մեծամասնություն  է  կազմում:  Եթե  ստիպված  լինենք  գաղթել, Տարոնի շրջանները մեր ժողովրդի համար իԻրև ապաստարան ենք ընտրել: Եթե նման վիճակի մատնվենք, չենք ուզում,  որ  մեր  ժողովուրդը,  ուտելիք  չունենալով,  սովամահ լինի:  Կուզենայինք,  որ  հայկական  գյուղերն  ու  վանքերը նման պարագայում մեզ օգնեին:

–        Մենք իշխանություն չունենք նրանց հրամայելու: Ամեն վանք կամ գյուղ ինքն է որոշում ինչպես վարվել:

–        Մենք հատկապես նկատի ունենք Սուրբ Կարապետ վանքը և նրան պատկանող շրջակա գյուղերը: Այդ շրջանը գտնվում է մեր` դեպի Արևելք տեղափոխվելու ճանապարհի վրա, ինչպես նաև Պարսկաստանից գալիք օգնությունն այնտեղից է  մեզ  հասնելու:  Այն  մեր  հատուկ  ուշադրության  առարկան է, որովհետև հատուկ պաշտպանություն ու դիմադրություն ենք ծրագրում այնտեղ իրականացնել: Պետք է սնունդբամբարենք այնտեղ: Ալավի գյուղերը հարմար չեն այդ նպատակի համար, որովհետև անպայման պետական հարձակման և խուզարկումների կենթարկվեն: Ձեր մեծ վանքն ու հայկա- կան գյուղերը շատ հարմար են այդ նպատակի համար. այնտեղ կհավաքենք կենսական առարկաները, բացի զինամթերքից,  որոնք  երբ  մեզ  անհրաժեշտ  լինեն,  ձեզանից  ստանանք մարդկային օգնության անվան տակ:

–        Բայց դա նշանակում է, որ ձեզ օգնելու ենք, իսկ երբ պետության կողմից այն նկատվի, մենք էլ ծանր ձևով կպատժվենք: Դա նաև մեր անկողմնակալությունն է խախտում:

–        Երբ   պատերազմն  այսքան  մոտ  է,  ոչ  ոք  չի  կարող անկողմնակալ լինել: Եթե ապստամբությունը երկարի, Մուշը կլինի  մեր  դիմադրության  ամենավառ  վայրը:  Եթե  մեզ  հետ չգործակցեք, ասեմ ձեզ` ինչ է պատահելու: Երբ մեր ուտելիքը սպառվի, շրջակա հայ գյուղերն ենք թալանելու, և մենք ապրելու  ենք  հայերի  սովի  հաշվին:  Հիմա  հասկանո՞ւմ  եք, որ մեր առաջարկը շնորհ է` ձեզ ուղղված:

Երկու  վարդապետներն  էլ  գլուխները  գետին  խոնարհեցին: Գիտեին, որ նրանց ասածները ճիշտ են:

–        Ես առաջարկեցի այս տարբերակը, հա՛յր սուրբ,–լռությունն ընդհատեց Ջեմալը,– և նրանք էլ ընդունեցին, որովհետև  ուզում  ենք  ամենաքիչ  վնասը  տալ  ձեր  ժողովրդին  և այս հողերի վրա բարեկամ մնալ:

–        Վանքը լեցուն է ուխտավորներով ու լրտեսներով: Ձեր բերելիք այդքան շատ ապրանքն ու սնունդն անպայման կնշմարվի,  և  մեկը  լռելյայն  դա  կհասցնի  կառավարությանը, այդպես չէ՞,– հարցրեց Գրիգորը:

–        Մենք  դրա  մասին  էլ  ենք  մտածել:  Դուք  այդ  ամենը իբրև  թե  ձեզ  պետքական  բաներ`  կարող  եք  մեզանից  գնել, և քանի որ պատերազմական վիճակ է, որևէ մարդ չի կասկածի:

–        Ի՞նչ  դրամով  ենք  այդ  ամենը  գնելու,–  ժպտաց  Աբրահամը փոքր քահ-քահով:

–        Մեր կարիքների համար մենք նույնիսկ ի վիճակի չենք ավելորդ պահեստ ապահովելու:

–        Մենք  նաև  դրա  մասին  ենք  մտածել,–  ասաց  թուրքմեն շեյխը և նշան արեց. մարդիկ կաշվե երեք պարկ ներս բերեցին ու բոլորի առջև դրեցին:

–        Այս տոպրակները լեցուն են ոսկով: Սրանով կգնեք մեր ուղարկելիք սնունդը, և դրամը կրկին մեզ ետ կդառնա: Առաջին  պարկը  փախստական  ժողովրդի  համար  է,  երկրորդը՝ մեր պարտիզանների, իսկ երրորդը՝ ձեզ համար՝ որպես նշան մեր բարեկամության:

Մարդիկ  այս  անգամ  սավանով  փաթաթված  մի  սնդուկ ներս բերեցին:

–        Սա  մեր  ընդհանուր  գանձն  է:  Փափագում  ենք,  որ  այն ձեր  վանքի  գանձարանում  պահեք:  Երբ  պետք  լինի,  երկու մարդ կայցելի ձեզ` ունենալով երկու բանալի, և ձեր ականջին  գաղտնի  խոսք  կփսփսա,  որ  շեյխ  Ջեմալը  հետո  ձեզ կհայտնի:  Այդ  մարդիկ  անհրաժեշտ  գումարը  կվերցնեն  և ձեր ներկայությամբ սնդուկը կրկին կկողպեն:

Վերադարձին  տասնհինգ  հեծյալներ  ուղեկցեցին  նրանց: Ջեմալը   երկուսի   ականջին   էլ   փսփսաց   գաղտնի   խոսքը. «Մենք քաղցած ենք»: Երբ մոտեցան վանքին, տասը հեծյալներ  ցրվեցին  տարբեր  ուղղություններով:  Մնացածներն  էլ որոշեցին  երկու  խմբով  մուտք  գործել  վանք  ուշադրություն չգրավելու  համար:  Վարդապետներն  ու  երկու  ձիավորներ գանձով   վանահոր   սենյակը   մտան,   իսկ   Ջեմալն   ու   երեք հեծյալներ  տասը  րոպե  հետո  երեք  պարկերով  ներս  մտան:

Երբ  առանձին  մնացին,  երկու  վարդապետները  մտահոգ  ու տխուր իրար նայեցին:

–        Հուսամ` մեր գլխին մեծ փորձանք չի գա,– ասաց աբբահայրը,–  վախենամ  շատ  դյուրին  նրանց  առաջարկներն  ընդունեցինք:

–        Դժբախտաբար, երկու չարիքների փոքրագույնը սա էր: Տեսնենք` այս չարաբաստիկ պատերազմը երբ պիտի բռնկվի:

 

Հաջորդ գլուխը՝

ԿՈՐԱԾ ԷՐ, ԳՏՆՎԵՑ, ՄԵՌԱԾ ԷՐ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՎ