Ա․ Լոպուխին
«Այն օրը, երբ դու կանգնած էիր հակառակ կողմում, այն օրը, երբ օտարները նրա զորքը գերության էին տանում և օտարազգիները ներս էին մտնում նրա դարպասներից ու վիճակ էին գցում Երուսաղեմի վրա, դու կարծես թե նրանցից մեկը լինեիր»: (Սինոդական թարգ․) [11]
11−14−րդ համարներում մարգարեն մանրամասն մատնանշում է Իսրայելի դեմ Եդոմի գործած հանցանքները և, ավելին, ընդգծվում են Իսրայելի և Եդոմի ազգակցական կապերը, ինչն ավելի է ծանրացնում Եդոմի մեղքը: «Օտարները նրա զորքը (chelo) գերության էին տանում (schevoth)». «chel» բառը Աբդիուի մարգարեության 13−րդ համարում «հարստություն, ունեցվածք» իմաստով է կիրառվում։ Այն վերոհիշյալ իմաստով է ընկալվել նաև ռուս թարգմանիչների կողմից (Ես. 8:4, 10:8): Բազմաթիվ մեկնաբանների կողմից «chel» արտահայտությունն այս իմաստով է ընկալվում նաև 11−րդ համարում: Թեև «schabah» բայը (ռուսերեն տեքստում` «գերության էին տանում») սովորաբար «մարդկանց տանելու, քշելու» իմաստով է ընկալվում, սակայն Բ Մնաց. 21:17−րդ համարում այն նաև «ունեցվածքը բռնազավթելու» իմաստով է կիրառվում՝ չնայած որ 11−րդ համարում Յոթանասնիցն ու Վուլգաթան խնդրո առարկա արտահայտությունն առնչում են իսրայելական զորքի գերության տարվելու հանգամանքին: «Երուսաղեմի վրա վիճակ էին գցում», այսինքն՝ Երուսաղեմի գերեվարված բնակիչների և նրանց ունեցվածքի բաժանման համար (Հով. 3:3, Բ Մնաց. 21:17): Սլավոներեն տեքստի 11−րդ համարը հունարենի բառացի թարգմանությունն է. «այն օրվանից, որ հակառակվեցիր, երբ օտարազգիները սպառեցին նրա ուժը, օտարները մտան ներս, վիճակ էին գցում Երուսաղեմի համար, ու դուք նրանցից մեկն էիք»:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) այն օրուանից, որ հակառակուեցիր, երբ օտարազգիները սպառեցին նրա ուժը, օտարներ մտան նրա դռներից, վիճակ էին գցում Երուսաղէմի համար, եւ դուք նրանցից մէկն էիք:
(Արարատ թարգ․) Այն օրը, երբ նրա դեմ կանգնած էիր ձեռնածալ, այն օրը, երբ օտարները նրա հարստությունը հափշտակեցին, և օտարազգիները մտան նրա դարպասներով և Երուսաղեմի վրա վիճակ գցեցին, դու էլ կարծես նրանցից մեկի պես էիր։
(Գրաբար) յօրէ յորմէ կացեր հակառակ, յաւուրն գերելոյ այլազգեաց զզօրութիւն նորա. և օտարք մտին ընդ դրունս նորա. և ի վերայ Երուսաղեմի վիճակս արկանէին. և դուք էիք իբրև զմի ի նոցանէն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: