Աբդիուի մարգարեության մեկնություն 1:20

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

Եվ Իսրայելի որդիների զորքից տեղահանվածները պիտի տիրեն քանանացիների երկրին մինչև Սարեփթա, իսկ Երուսաղեմից տեղահանվածները, որ Եփրաթայում են, պիտի տիրեն հարավի քաղաքներին: (Սինոդական թարգ․) [20]
   
   20−րդ համարում շարունակվում է 19−րդ համարի նոր աստվածպետական թագավորության սահմանների ընդլայնման մասին միտքը: 20−րդ համարի բովանդակությունը նույնպես որոշակի շփոթություն է առաջացնում և ռուսերենում փոխանցված է ենթադրաբար: «Իսրայելի որդիների զորքից (uchel hasseh) տեղահանվածները (vegaluh) պիտի տիրեն քանանացիների երկրին մինչև Սարեփթա»: Այս խոսքերի թարգմանության ժամանակ ռուսերեն տեքստում բաց է թողնված «hasseh» դերանունը, ավելացվել է «irschu» (տիրելու են) բայը: Իսկ «hachel» բառը, ինչպես նաև Վուլգաթայում, ընդունված է «զորք» իմաստով (ենթադրվում է, որ «hachel»-ը պարզապես 11-րդ համարի «hachejl»-ի այլ գրություն է)»։ Հավանաբար, «hachel» արտահայտությունը «chalal»−ից ծագեցնելով՝ Յոթանասնիցն այն «harch» (սկիզբ) բառով է թարգմանել, և ամբողջ արտահայտությանը մասորեթական տեքստից տարբերվող իմաստ է հաղորդել։ Սլավոներենում «Իսրայելի առաջին աքսորյալները կժառանգեն» տարբերակն է: Սովորաբար, ժամանակակից մեկնաբանները ևս (Շեգգ, Օրելի, Կոնդամին) «hachel» արտահայտությունը «զորք» իմաստով են ընկալում: Սակայն ոմանք այս բառին այլ իմաստ են տալիս՝ «ամրոց» (Հիտցիգ), «ավազ» (ըստ Էվալդի` «chel»=«chol», «այդ ավազից, այսինքն՝ այդ ափերից վերաբնակեցվածները): Սակայն նշված բոլոր տարբերակներում միտքը ոչ հստակ է մնում. անհասկանալի է, թե ինչու է «զորք»  բառին «hasseh−այդ» ցուցական դերանունն ավելացվում, և թե ինչու է առաջ քաշվում միայն զորքերի վերաբնակեցումը, երբ ամբողջ ժողովուրդն էր վերաբնակեցվել: Այս հանգամանքը հաշվի առնելով` Մարտին առաջարկում է «hachel hasseh» արտահայտության ներքո տեսնել այն տեղանքի պատմական անվանումը, որտեղից մարդիկ վերաբնակեցվել էին: Հոոնակերը «hachel hasseh» արտահայտության փոխարեն առաջարկում է «hachalah seh» ընթերցել: Հոոնակերը «hachalah» բառը դիտում է որպես «chul» բայից առաջացած (որոշյալ հոդով),  դերբայ, որն ունի «սպասել» իմաստը (տե՛ս Ծննդ. 8:10, Դատ. 3:25) և այդ հիմքով եբրայերեն տեքստի «vegaluth hachel−hasseh» արտահայտությունը թարգմանում է  «և Իսրայելի որդիներից սպասող գերիները» տարբերակով: [Նմանատիպ ընկալման պարագայում] մարգարեն դիմում է նրանց, ովքեր, ըստ նրա կանխատեսման, դեռևս հայրենիք չէին վերադարձել և սպասում էին դրան:

   Հաջորդիվ Աբդիուն առանձին−առանձին խոսում է Իսրայելի որդիների և Երուսաղեմից գերի տարվածների մասին: «Քանանի երկիրը». եբրայերենում «ascher kanaanim» անհասկանալի տարբերակն է, Յոթանասնիցում` «gh twn Cananaiwn», Վուլգաթայում`  «omnia loca Chananeorum» («քանանացիների բոլոր վայրերը»): Ներկա կիրառման պարագայում անհասկանալի «ascher» (որը) դերանունը Նովակին և Հոոնակերին հիմք է տալիս ենթադրելու, որ «ascher»-ից հետո, ըստ 20−րդ համարի երկրորդ հատվածի (որոնք Սարեփթայում են),  սկզբնական տեքստում եղել է այն վայրի անվանումը, որտեղ բնակվում էին գերիները, իսկ հաջորդիվ տեղադրված է եղել այն բայը, որի համար «kanaan» (այսինքն՝ Փյունիկիա, Ես. 23:8) արտահայտությունը իբրև լրացում է ծառայում: «Մինչև Սարեփթա». Սարեփթան Տյուրոսի ու Սիդոնի միջև գտնվող փյունիկյան քաղաք է, որն էլ հայտնի էր Եղիա մարգարեի այստեղ կատարած աղքատ ու այրի կնոջ որդու հարության հրաշքով (տե՛ս Գ Թագ. 17:17−23): «Իսկ Երուսաղեմից վերաբնակեցվածները (vegaluth), որոնք (аscher) Եփրաթայում են (bisepharad), պիտի տիրեն (irschu) հարավային (hannegev) քաղաքներին (eth araj)»: Այստեղ խոսքը Սեփարդայում բնակվող Երուսաղեմից գերեվարվածների մասին է: Ասվում է, որ նրանք, Հակոբի տան հետ միանալով, պիտի տիրեն հարավային քաղաքներին: Հստակ հայտնի չէ, թե մարգարեն ինչ նկատի ունի Սեփարդա անվան ներքո: Այս անվան փոխարեն Յոթանասնիցում «ewj Efraqa» (սլավ.` «մինչև Եփրաթա») է ընթերցվում։ Թարգումը, ասորերեն թարգմանությունը, սուրբ Եփրեմ Ասորին, միջնադարյան ռաբբիներն ու քրիստոնյա որոշ մեկնիչներ «Սեֆարդա»−ն որպես մի հեռավոր երկրի, մասնավորապես Իսպանիայի, անվանում են ընդունում: Վուլգաթայում «bisepharad» արտահայտությունը «in Bosphoro» տարբերակով է թարգմանված: Երանելի Հերոնիմոսն իր մեկնության մեջ հայտնում է, որ Եփրաթայի ու Բոսֆորի նույնը լինելու հանգամանքի մասին նա տեղեկացել է այն հրեայից, ում օգնությունն օգտագործել է իր ուսումնասիրությունների ժամանակ: Ժամանակակից մեկնիչները Սեֆարդա անվանումը նույնացնում են պարսկական արձանագրություններում հիշատակվող Սպարադ կամ Սպարդա անվան հետ։ Սա ազգության կամ տարածաշրջանի անվանում է, որի ներքո հասկացվում են Մարաստանը կամ էլ Սարդի քաղաքը (Հիտցիգ, Կնաբենբաուեր). Եփրաթա անվանումը նույնացվում է նաև Սպարտա քաղաքի հետ (Քեյլ), որի անվանումը հրեաներին կարող էր հայտնի լինել փյունիկեցիների միջոցով: Լենորմանն ու Շրադերը Սեպարադ անվանումը նույնացնում են Սարգոնի արձանագրություններում հիշատակվող Մարաստանի հարավ-արևելյան հատվածում գտնվող «Schaparda» շրջանի հետ (Sayce A.H. The Land of Sepharad. Expos. Times.1902, vol. 4, p. 308): Հոոնակերը «Sepharad» անվան փոխարեն առաջարկում է ընթերցել «Sepharah», և դա Աստվածաշնչում հիշատակվող Սեփարուիմ քաղաքի կամ էլ բաբելոնյան Սիպարա բնակավայրի անվան եզակի թվով ընթերցման ձևը համարել (Դ Թագ. 17:24, 18:34): Վինկլերը և նրանից հետո նաև Մարտին Սեփարդան նույնացնում են սեպագիր արձանագրություններում հիշատակվող Separda անվան հետ և կարծում են, որ այն պարսկական տիրապետության հաստատումից ի վեր  Փոքր Ասիայի և հատկապես Փռյուգիայի անվանումն է եղել: «Հարավային քաղաքները» (hannegev) արտահայտության փոխարեն Յոթանասնիցի հետ համընկնող սլավոներեն տեքստում «Նագեբի քաղաքները» տարբերակն է:

--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Իսրայէլի առաջին աքսորեալները կը ժառանգեն Քանանացիների երկիրը մինչեւ Սարփաթ, իսկ Երուսաղէմի աքսորեալները, որոնք Եփրաթայում էին, կը ժառանգեն Նագեբի քաղաքները:
(Արարատ թարգ․) Իսրայելի որդիների՝ գերության գնացած այս զորքը պիտի ժառանգի քանանացիների երկրից մինչև Սարեփթա։ Եվ Երուսաղեմի գերիները, որ Սեփարաթում են, հարավային քաղաքներին պիտի տիրեն։
(Գրաբար) Եւ գերութեան սկիզμն ա՛յն իցէ որդւոցն Իսրայելի. երկիր Քանանացւոց մինչև ի Սարփաթ. և գերութիւնն Երուսաղեմի մինչև յԵփրաթա. և ժառանգեսցեն զքաղաքս Նագեբայ։