Ծննդոց գրքի մեկնություն 10:13

Ա. Լոպուխին

13-14. Մեստրեմը ծնեց Լուդիմացիներին, Սենիմացիներին, Սաղբիմացիներին, Հեփթաղիմացիներին, [13] Պատրոսնիմացիներին և Քասղոնիմացիներին, որոնցից առաջացան Փղշտացիներն ու Կափթորիմացիները. (Սինոդական թարգ․)
   
   Սույն երկու համարներում հատուկ նշվում է Քամի որդի Մեստրեմի սերունդը, այն է` եգիպտա-աֆրիկյան տարբեր նահանգների ազգաբնակչությունը:

    Լուդիմացիներ... Այս ժողովուրդը հիշատակվում է նաև Եսայի մարգարեի մոտ (Ես. 66:19), որպես լավ աղեղնավորներ և հիշատակվում են Քուս և Փուդ ցեղերի հետ միասին, այսինքն հյուսիս-արևմտյան Աֆրիկայի բնակիչների շարքում: Թարգումում այս ցեխախումբը տեղադրված է հենց Եգիպտոսի մոտ, դեպի արևմուտք, իսկ Եգիպտագետ Էվերսը, հայտնաբերելով, որ գաղափարագրերում Հին Եգիպտոսի բնակիչները կոչվում են Լուտու կամ Ռուտու, կարծում է, թե բիբլիական այս Լուդիմացիները ոչ այլ ոք են, քան Եգիպտոսի հնագույն բնիկները:

   Սենիմացիներին (Անամիմացիներ)… Էբերսի ենթադրության համաձայն սա հենց այն ժողովուրդն է, որը արձանագրություններից հայտնի է «Աամու» անվանումով և որը զբաղեցնում էր Նեղոսի հովտի արևելյան մասն ու Սուեզի պարանոցը:

   Սաղբիմացիներին (Լեհաբիմացիներ)... Կարծում են, որ սա հենց այն նույն ազգատոհմն է, որը Աստվածաշնչի այլ մասերում կոչվում են Լուդիմացիներ կամ մինչևիսկ ուղղակի Լիբեացիներ (Բ Մն.12:3, Դան. 11:43, Նավում.3:9): Սա էլ հիմք ընդունելով` մեծամասնությունն այն նույնացնում է Լիբիային, որ տարածված է Նեղոսից հյուսիս-արևմուտք, ժամանակակից Ալժիրի մերձակայքում:

   Հեփթաղիմացիներին (Նեփթուհիմացիներ) ...Բառի ստուգաբանական վերլուծությունը բացահայտում է, որ սույն անունը կրող ժողովուրդն առնչություն է ունեցել եգիպտական Ֆթա կամ Պտա աստծո հետ, և քանի որ սա Մեմֆիսի գերագույն աստվածությունն էր, արդարացիորեն եզրակացնում են, որ ի դեմս Նեփթուհիմացիների` պետք է նկատի ունենալ միջին Եգիպտոսի բնակիչներին:
Պատրոսնիմացիներին (Պաթրուսիմացիներ)… Ճիշտ այս, ինչպես նաև քիչ փոփոխված Պետրոս անվանումով կոչված այս ազգաբնակչությունը հանդիպում է Սուրբ Գրքի շատ այլ մասերում ևս, որոնցում (Ես. 11:11) ներկայացվում է Եգիպտոսի և Մեստրեմի (հայերի կողմից Մսըր է կոչվել - թարգ. կողմից) միջև և առանձնանում է Մագդողից, Տափնասից և Մեմֆիսից (Եր.44:1,15,Եզ.29:14): Ասարքադոնի սեպագիր տարեգրքերում մենք հայտնաբերեցինք, որ Եգիպտոսը նվաճելուց հետո նա ստացել է Մուսուրի, Պաթրուսի և Քուսի թագավորի տիտղոսը: Այս ամենն իրավացիորեն հանգեցնում է այն մտքին, որ ի դեմս Պաթրուսիմացիների` պետք է նկատի ունենալ վերին Եգիպտոսի բնակչությունը, որ ապրում էր Մեստրիմի ու Եթովպիայի միջև:

   Քասղոնիմացիներին (Քասլուհիմացիներ) , որոնցից առաջացան Փղշտացիները, և Կափթորիմացիները Սույն հատվածի բովանդակությունից բխում է այն, որ Քասլուհիմացիներից սկիզբ են առել ևս երկու ազգություններ` Փղշտացիներն ու Կափթորիմացիները: Սուրբ Գրքի այլ մասերում, սակայն, շատ որոշակիորեն որպես Փղշտացիների հայրենիք է մատնանշվում Կափթորը (Երկրորդ Օր. 2:23, Եր. 47:4, Ամոս, 9:7), ինչի ներքո Կրետե կղզին տեսնելը ամենից հավանականն է համարվում (Ա Թագ. 30:14, Եր. 47:4, Եզ. 25:16): Հակոտնյա այս երկու տեղեկությունները փոխհաշտեցնելու նպատակով մեկնիչները մտածում են, որ Աստվածաշունչը հաղորդում է Փղշտացիների երկու տարբեր վերաբնակության մասին, որոնցից ավելի վաղը Քասլուհիմից է եղել, այսինքն` Միջերկրական ծովի հյուսիս-աֆրիկյան ափերից, իսկ մյուսը` Կափթորից, այն է` Կրետեից: Մի բան միայն կասկածից վեր է, այն, որ հյուսիս-արևելյան Աֆրիկայի ու Կրետեի բնակիչները և փղշտացիները ընդհանուր շատ բան ունեին իրենց լեզվում, հավատալիքներում ու սովորույթներում, ինչն էլ ապացույց է սրանց ժառանգական մերձավորության: Ինչ վերաբերում է փղշտացիներին, որոնք բնակվում էին Պաղեստինում` իրենց անունը տալով այդ տարածքին, ապա հենց այդ անվան (փըղըշտ` պելեշետ, պերեսելենեց) վերլուծությունը ցույց է տալիս նրանց` վերաբնակիչ կամ եկվոր լինելը, իսկ հին ժողովրդական ասքերը սրանց ուղղակիորեն կոչում են Եգիպտոսից դուրս եկածներ:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Մեստրեմը սերեց լուդիիմացիներին, սենիիմացիներին, սաղբիիմացիներին, հեփթաղիիմացիներին,
(Արարատ թարգ․) Եվ Մեստրեմը ծնեց ղուդացիներին, անամացիներին, ղաբացիներին, նեփթուքացիներին,
(Գրաբար) Եւ Մեստրեմ ծնաւ զԼուդիիմացիս, և զՍենիիմացի՛ս և զՍաղբիիմացիս. և զՀեփթաղիիմացիս.