Սրբ. Եփրեմ Ասորի
Քանանացիների սահմանները ձգուեցին Սիդոնից մինչեւ Գերարա, որ Գազայի մօտ էր, մինչեւ Սոդոմ եւ Գոմոր, Ադամայից ու Սեբոյիմից մինչեւ Լասա:
«Եվ քանանացիների սահմանները ձգվեցին, - ասում է, - Ծուրայից Ծայդան, որն է՝ գերերացիների արևմտյան մասից մինչև գազացիներ, Սոդոմի և Գոմորի, Ադամի և Սոբոյիմի արևմտյան մասից մինչև սասացիների մուտքը» (Ծննդ. 10:19): Սրանք են Քանանի որդիները: Եվ ինչպե՞ս էր, որ Մելիքսեդեկը անիծված սահմանն օրհնված գտավ, և ո՞ւր է, որ նրանք ծառաներ եղան, քանի որ ահա Աբրահամը՝ Սեմի որդին, իր գլուխը խոնարհեցրեց Մելիքսեդեկ քանանացու առջև: Եվ ոչ այսքան միայն, այլ նաև Քեբրովնի որդիների առջև, քանի որ երբ գաբավոնացիները Տիրոջ ժողովրդի ծառաներ դարձան, նրանք դարձան փայտահատ ջրկիրներ այլ գործեր կատարողներ, այն ժամանակ, երբ Սողոմոնի օրոք տաճարն էին կառուցում:
Աբրահամն ասում է. «Ձեր մեջ ես օտարական եմ ու պանդուխտ» (Ծննդ. 23:4): Եվ Հակոբը փարավոնին ասում է. «Պանդխտության մեջ անցկացրած տարիներիս թիվը հարյուր երեսուն է» (Ծննդ. 47:9): «Եվ Մովսեսն իր որդու անունը Գերսամ դրեց, - ասում է, - քանի որ ես օտար երկրում պանդուխտ եմ, - ասում է» (Ելք 2:22): Եվ Դավիթն այնպես հաստատեց, քանի որ ասում է. «Երբ որ նրանք սակավաթիվ էին և պանդուխտ այնտեղ» (Ա Մնաց. 16:19): Եվ ո՞ւր է նա, որ ասում է. «Թող Քանանը նրա ծառան լինի» (Ծննդ. 9:25): Հենց սա է, որովհետև նրանց որպես ժառանգություն քանանացիների երկիրը տվեց, ինչպես որ կարծում են: Եվ այն ժամանակ, երբ Սողոմոնը տաճարը կառուցեց, - ասում է, - Իսրայելի մեջ հարյուր հազար օտարական պանդուխտների նշանակեց փայտահատներ և արքունի շատ ուրիշ այլ գործերի համար: Եվ երբ գնաց Աբրահամը կոտորեց սոդոմայեցիներին Քանանի որդիների համար, և նրանք դարձան Աբրահամի գերիները և Քանանը դրանից հետո ծառա եղավ: Ինչպես այն, որ ասում է. «Եվ Սեմը՝ Եբերի բոլոր որդիների նախահայրը» (Ծննդ. 10:21), եբրայեցին ասում է՝ «Եբրայեցիների բոլոր որդիների»: Ինչպես այն, որ ասում է. «Հաբեթի եղբոր» (Ծննդ. 10:21), եբրայեցին ասում է՝ «Հաբեթի եղբոր, ով նրանից մեծ է»:
Ա. Լոպուխին
.…Քանանացիների սահմանները ձգվեցին Սիդոնից մինչև Գերարա, որ Գազայի մոտ էր, մինչև Սոդոմ և Գոմոր, Ադամայից ու Սեբոյիմից մինչև Լասա: (Սինոդական թարգ․) [19]
…Քանանացիների սահմանները ձգվեցին… Նշելով, թե ինչ պատճառով է դժվար եղել քանանացիների յուրաքանչյուր ցեղախմբի բնակավայրը տեղորոշելը, Աստվածաշնչյան հեղինակը տալիս է ավելի ընդհանրական բնույթի տեղեկություններ` ցույց տալով քանանացիների զբաղեցրած ընդհանուր տարածքի սահմանները: Հյուսիսում այդպիսի սահման էր Սիդոն քաղաքը, հարավում` Գազան ու Գերարը, քաղաք, որ գտնվում էր Կադեսի և Սուրի միջև` հարավային երկրում (Ծննդ. 20:1), արևմտյան սահմանն էին` Սոդոմ, Գոմոր, Ադամա և Սեբոյիմ (Սերոիմ) քաղաքները մինչև Լասան, որոնք էլ ցածրադիր Սեգովրի հետ միասին կազմում էին այսպես կոչված` հնգաքաղաք (պենտապոլիս), որի տարածքում հետագայում առաջացավ Մեռյալ ծովը (Ծննդ. 14:2, 8): Եվ, վերջապես, արևելյան սահմանն էր համարվում Լասա քաղաքը, որը, ըստ մեծամասնության կարծիքի, հույների մեջ Կալիրոե (գեղեցկության ակունք) անվանումով հայտնի քաղաքն է` իր տաք, բուժիչ աղբյուրների շնորհիվ: Այսպիսով, քամյան ցեղերի բնակության վայրը գրավում էր առափնյա ամբողջ տարածքները` Պարսկաստանի, Պարսից ծոցի, Արաբիայի, Կարմիր ծովի` Աֆրիկային հարող, և Միջերկրական ծովի` Աֆրիկայի և Սիրիայի կողմից (Գ. Կ. Վլաստով):
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Քանանացիների սահմանները ձգուեցին Սիդոնից մինչեւ Գերարա, որ Գազայի մօտ էր, մինչեւ Սոդոմ եւ Գոմոր, Ադամայից ու Սեբոյիմից մինչեւ Լասա:
(Արարատ թարգ․) Եվ քանանացիների սահմանը ձգվում էր Սիդոնից Գերարով ու մինչև Գազա՝ անցնելով Սոդոմն ու Գոմորը, Ադման ու Սեբոյիմը մինչև Ղասան:
(Գրաբար) Եւ եղեն սահմանք Քանանացւոց, ի Սիդոնէ մինչև ի գա՛լ ի Գերարա և ի Գազա. մինչև ի գա՛լ ի Սոդոմ և ի Գոմոր, և յԱդամա՛ և ի Սեբոյիմ մինչև ի Լասա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: