Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Երբ ձեզ մի քաղաքում հալածեն, դեպի մեկ ուրի՛շը փախեք։ Որովհետև, ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք Իսրայելի քաղաքները սպառած չեք լինի մինչև Մարդու Որդու գալուստը»։
Քրիստոս Իր խաչելությունից, հարությունից և համբարձումից հետո Իր առաքյալների գալիք ճակատագրին վերաբերող սոսկալի, սարսռեցուցիչ և նույնիսկ ադամանդի կարծրությունը ճեղքող կանխագուշակություններից հետո կրկին անցում է կատարում առավել մխիթարական բնույթի խոսքի՝ այս պայքարող քաջամարտիկներին շունչ քաշելու հնարավորություն տալով և մեծ ոգևորություն պարգևելով նրանց։ Հենց այդպես՝ Նա հալածյալներին չի պատվիրում մարտնչել հալածիչների հետ, այլ փախչել նրանցից։ Մասնավորապես, Փրկիչը հալածվողներին չի հրամայում պայքարել իրենց հալածողների դեմ, այլ փախչել նրանցից։
Եվ քանի որ սա նրանց համար դեռ միայն սկիզբն ու նախապատրաստությունն էր, ուստի Փրկիչը նրանց հետ խոսում է շատ ավելի մեղմորեն։ Տերը խոսում է ոչ թե այն հալածանքների մասին, որոնք պետք է լինեին հետագայում, այլ ա՛յն փորձությունների մասին, որոնք պետք է լինեին դեռևս Իր խաչելությունից և չարչարանքներից առաջ, ինչը և Քրիստոս մատնացույց է անում հետևյալ խոսքերով. «Դուք Իսրայելի քաղաքները սպառած չեք լինի մինչև Մարդու Որդու գալուստը» (Մատթ. 10:23)։ Այսպիսով, որպեսզի աշակերտները չասեն՝ իսկ եթե մենք հալածիչներից մի ինչ-որ տեղ փախչենք, իսկ նրանք այնտեղ էլ գտնեն մեզ և կրկին հետապնդեն, Փրկիչը, վերացնելով այսօրինակ վախը, ասում է. «Դուք չեք էլ հասցնի շրջել ամբողջ Պաղեստինով մեկ, քանի որ Ես շուտով կգամ ձեզ մոտ։
Կրկին տե՛ս, թե ինչպես նաև այս դեպքում Քրիստոս չի վերացնում աղետները, այլ միայն իբրև օգնական է հանդես գալիս այդ պատուհասների ժամանակ։ Հիսուս չի ասում՝ Ես կազատեմ ձեզ և կդադարեցնեմ հալածանքները։ Իսկ ի՞նչ է ասում. «Դուք Իսրայելի քաղաքները սպառած չեք լինի մինչև Մարդու Որդու գալուստը»։ Եվ իսկապես, առաքյալներին մխիթարելու համար միայն Փրկչին տեսնելն արդեն իսկ բավական էր։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ երբ ձեզ հալածեն այս քաղաքում, կը փախչէք դէպի մէկ ուրիշը. եւ եթէ ձեզ դրանից էլ հալածեն, կը փախչէք դէպի այն միւսը: Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայէլի քաղաքները դեռ վերջացրած պիտի չլինէք, նախքան մարդու Որդու գալը:
Երբ ձեզ հալածեն այս քաղաքում, մի ուրի՛շը փախեք, և եթե այնտեղից էլ ձեզ հալածեն, փախեք մյո՛ւսը:
Նախ մոտակա [վայրերում] քարոզեցին, ապա՝ հեռավոր, ուստի [Տերն] ասում է. «Երբ այս քաղաքում հալածեն, մի ուրի՛շը փախեք», այսինքն՝ ընդդիմադարձ մի՛ եղեք, այլ փախե՛ք: Քանի որ դեռ սկիզբն էր, մեղմությամբ զիջում է նրանց, բայց ո՛չ հենց սկզբից փախեք, ասում է, այլ երբ հալածեն, և ոչ թե հեռու տեղ գնացեք, այլ Իսրայելի և ոչ թե հեթանոսների քաղաքները՝ [արդեն] նշված պատճառով (Տես 10:6-ի մեկնության մեջ): Ահա այստեղ ևս ոչ միայն շնորհին է ապավինել տալիս, այլև սեփական ջանքերին, որովհետև երբ վախենաք, ասում է, փախե՛ք:
Վերջին հալածանքների մասին չի ասում սա, այլ նրանց, որ նախքան Նրա խաչելությունն էին պատահելու: Որովհետև եթե չփախչեին, ինչպես Ստեփանոս Նախավկայի օրերին (Գործ. 8:1), ամենքը բռնվելու, չարչարվելու և մեռնելու էին: Ուստի [Տերը] նախ փախչել թելադրեց, որպեսզի զորանային և Նրա մահվամբ քաջալերվեին, իսկ հետագայում ընդդեմ կանգնեին՝ վկայելու և [նահատակության] պսակին արժանանալու համար, քանի որ սկզբում փախածներից շատերը հետագայում վկաներ դարձան և իրենց անձերն իբրև գոհության զոհ մատուցեցին: Նաև՝ քանի որ [Տերը] մեծ իշխանություն էր տվել նրանց, ուստի որպեսզի չհամարձակվեին իրենց իշխանությամբ մոտենալու [քաղաքացիներին],- ինչպես այն ժամանակ, երբ Նրա հետ էին, ասացին. «Ուզո՞ւմ ես՝ ասենք, կրակ իջնի և նրանց ոչնչացնի», և Նա չհամաձայնեց՝ ասելով. «Չգիտեք՝ ի՛նչ հոգի ունեք» (Ղուկ. 9:54-55),- այդպես էլ այստե՛ղ խոնարհության ու հեզության մեջ կրթեց [նրանց՝ ասելով]. «Երբ հալածեն, փախե՛ք»:
Ճշմարի՛տ եմ ասում ձեզ. չեք սպառի Իսրայելի քաղաքները, մինչև կգա Մարդու Որդին:
Սա Նրա շնորհի օգնությունն է, որ ոչ թե վերացնում է վշտերը, այլ տանջանքի մեջ զորավիգ լինում: Որպեսզի [առաքյալները] չասեին, թե՝ «Երբ Իսրայելի քաղաքները սպառենք, ի՞նչ ենք անելու», ասում է. «Չեք վերջացնի Իսրայելի քաղաքները և չեք անցնի Պաղեստինից, մինչև Ես գամ հասնեմ ձեզ», քանի որ Նրան միայն տեսնելն իսկ բավական մխիթարություն էր նրանց համար: Կամ էլ հարությունից հետո էր գալու նրանց մոտ, և երեք օրից նրանց հասնելու էր Նրա զորությունը, որովհետև հենց Ինքն է Իր գալուստը:
Իսկ այլաբանորեն՝ Իսրայելի քաղաքներ ենք հասկանում Քրիստոսի քաղաքները, որովհետև Քրիստոսն «Իսրայել» կոչվեց մարգարեի կողմից. «Իմ ընտրյալ Իսրայելը» (Ես. 45:4): Իսրայելի այս քաղաքները, որոնք երկրի բոլոր բնակիչներն են (քանի որ «Տիրոջն է երկիրն իր ամբողջությամբ» (Սաղմ. 23:1)), աշակերտածների բոլոր դասերը լուսավոր վարդապետությամբ անկարող են սպառել մինչև Նրա գալուստը: Կամ էլ՝ չեն սպառվի Իսրայելի, որ սուրբ Եկեղեցին է, քաղաքները, մինչև Երկրորդ գալուստը՝ ըստ այսմ. «Այս սերունդը չի անցնի» (Մատթ. 24:34):
Ստեփանոս Սյունեցի (†735)
Եւ երբ ձեզ հալածեն այս քաղաքում, կը փախչէք դէպի մէկ ուրիշը. եւ եթէ ձեզ դրանից էլ հալածեն, կը փախչէք դէպի այն միւսը: Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայէլի քաղաքները դեռ վերջացրած պիտի չլինէք, նախքան մարդու Որդու գալը
«Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայելի քաղաքները դեռ վերջացրած պիտի չլինենք, նախքան մարդու Որդու գալը»:
Արդյոք որո՞նք են Իսրայելի քաղաքները, որոնք առաքյալները չեն կարող սպառել մինչև Քրիստոսի գալուստը: Քանզի եթե Իսրայելի քաղաքներ է անվանում այն երկիրը, որը իսայելացիներին բաժանեց Նավեի որդի Հեսուն, [դրանք] առաքյալները երեք կամ չորս տարում հեշտությամբ կսպառեին: Ուստի և ովքեր համրեցին Իսրայելի ժողովրդին՝ ըստ թագավորի հրամանի, և ոչ [իսկ] մեկ ամբողջ տարի անցկացրին շրջագայության մեջ:
Իսկ եթե Իսրայելի քաղաքներ ասաց, գլխավորաբար Աստծուն տեսնող ամբողջ երկիրը՝ Քրիստոսի ժամանակվա նախկին բոլոր քաղաքները, [ապա] Քրիստոսի առաքյալները չհասան բոլոր [այդ] քաղաքները, թեպետև պատասխանում ենք այդպես, թե հասան, համաձայն ասողի. «Նրանց ձայնը ամբողջ երկիրը բռնեց, և նրանց խոսքը հասավ աշխարհի ծագերին» (Սաղմ. 18:5): Սակայն տասներկուսից ոչ ոք Իսրայելի քաղաքներում չշրջեց մինչև Քրիստոսի գալուստը:
Արդ, ինչպես ինձ է թվում, «Իսրայելի քաղաքներ» [ասելով]՝ պետք է հասկանալ «Քրիստոսի քաղաքներ», քանզի Քրիստոս մարգարեի [կողմից] Իսրայել կոչվեց. «Հակոբն իմ ծառան է. օգնական պիտի լինեմ նրան: Իսրայելն Իմ ընտրյալն է, որը հաճելի եղավ Իմ Հոգուն: Իմ շունչը կտարածեմ Նրա վրա, և նա հեթանոսների դատաստանը կտեսնի» (Ես. 42:1): Այս Իսրայելի քաղաքները, այսինքն՝ երկրի ամբողջ բնակչությանը չեն կարող սպառել, այսինքն՝ լուսավորել բոլոր աշակերտածներին տասներկուսի վարդապետությամբ մինչև Քրիստոսի գալուստն Իր փառքով:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ երբ ձեզ հալածեն այս քաղաքում, կը փախչէք դէպի մէկ ուրիշը. եւ եթէ ձեզ դրանից էլ հալածեն, կը փախչէք դէպի այն միւսը: Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայէլի քաղաքները դեռ վերջացրած պիտի չլինէք, նախքան մարդու Որդու գալը
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:17
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: