Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Ով մարգարեին իբրև մարգարեի է ընդունում, մարգարեի վարձ կստանա, և ով արդարին իբրև արդարի է ընդունում, արդարի վարձ կստանա»։
Վերևում Հիսուս պատժով էր սպառնում Իր աշակերտներին չընդունողներին, իսկ այստեղ պարգև է սահմանում ընդունողների համար։ Եվ որպեսզի դու իմանաս, որ հենց այդ վերջինների՛ մասին է Տերն առավել մեծ հոգածություն տածում, դրա համար էլ Նա պարզապես չի ասում՝ «ով մարգարեին է ընդունում» կամ «ով արդարին է ընդունում», այլ ավելացնում է՝ «իբրև մարգարեի» և «իբրև արդարի» (Մատթ. 10:41)։
Այսինքն՝ եթե մարդ մեկին ընդունում է ոչ թե աշխարհիկ հյուրընկալության կամ որևէ այլ աշխարհիկ նկատառումներից ելնելով, այլ միայն այն պատճառով, որ նա մարգարե է կամ արդար, այս ընդունողը մարգարեի վարձատրություն կստանա, արդարի վարձ։ Կամ էլ՝ այնպիսի վարձատրություն, որին արժանի է դառնում մարգարեին կամ արդարին ընդունողը, կամ էլ այնպիսի վարձատրություն, որն ինքը մարգարեն կամ արդարը կստանան, ինչպես որ Պողոսն էլ է ասում. «Ձեր առատությունը թող լցնի նրանց պակասությունը, որ նրանց առատությունն էլ լցնի ձեր պակասությունը» (Բ Կորնթ. 8:14)։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Ով մարգարէին ընդունում է իբրեւ մարգարէի, մարգարէի վարձ կը ստանայ. ով արդարին ընդունում է իբրեւ արդարի, արդարի վարձ կը ստանայ:
Ով մարգարեին ընդունում է հանուն մարգարեի, մարգարեի վարձ կստանա: Ով արդարին ընդունում է հանուն արդարի, արդարի վարձ կստանա:
Սրանից առաջ սպառնաց չընդունողներին, իսկ այժմ հանգիստ ու բարիքներ է խոստանում ընդունողներին և նրանց գովաբանում է նաև այս անուններով՝ «մարգարե» ու «արդար» կոչելով: Բայց ինչո՞ւ չասաց՝ «[ով] ընդունում է մարգարեին ու արդարին», այլ՝ «հանո՛ւն մարգարեի» և «հանո՛ւն արդարի»: Սա՛ է [նշանակում]. ով ընդունում է [նրանց] ոչ թե այս աշխարհային բաների պաշտպանության և մարդկային անցավոր փառքի համար, այլ որ մարգարե են և արդար, նրանց վարձը կստանա: Եվ եթե նույնիսկ արդար կամ մարգարե չեն, սակայն նա հանուն նրանց է ընդունում, նույնպես կարժանանա մարգարեների ու արդարների փառքին, իսկ եթե իսկապես արդար ու մարգարե են, պատիվն է՛լ ավելի մեծ կլինի: [Նշանակում է] նաև, որ ով մարգարեին ու արդարին ընդունում է այնպես, ինչպես հարկ է ընդունել, այսինքն՝ հնազանդվում է նրանց խոսքերին, այդպիսին այդ քարոզիչների շնորհը կժառանգի: Այլև ով ընդունում է հանուն Տիրոջ արդարացած արդարին և հանուն Տիրոջ մարգարեացած մարգարեին, նրանց վարձը կընդունի:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Ով մարգարէին ընդունում է իբրեւ մարգարէի, մարգարէի վարձ կը ստանայ. ով արդարին ընդունում է իբրեւ արդարի, արդարի վարձ կը ստանայ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:17
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: