Ծննդոց գրքի մեկնություն 11:10

Ա. Լոպուխին

10-11․ Սեմի սերունդները սրանք են. Սեմը հարյուր տարեկանում, ջրհեղեղից երկու տարի անց ծնեց Արփաքսադին: [10] Եվ Ափրաքսադին ծնելուց հետո Սեմն ապրեց հինգ հարյուր տարի և ծնեց ուստրեր և դուստրեր և մեռավ: (Սինոդական թարգ․)

   

   Սեմի սերունդները սրանք են… Ահա մի նոր «տոլեդոտ»-ի (եբր. ազգաբանություն – ծանոթ. թրգմ.)՝ սեմական սերնդաբանության սկիզբ, որը սերտագույն և անմիջական առանչություն ունի աստվածընտիր ժողովրդի ճյուղի հետ: Սեմի սերնդաբանությունը ամբողջ 17 համար (11–27-ը ներառյալ) է ընդգրկում և իր առաջին կեսում կրկնում է արդեն վերևում ասվածը (Ծննդ. 10:22–25): Սակայն այս կրկնությունը հեռու է տառացի լինելուց, այն շատ բան բաց է թողնում. հատկապես այն ամենը, ինչն ուղիղ կապ չունի Թարայի ու Աբրահամի ճյուղի հետ, և ավելի շատ բան էլ ավելացնում է, մասնավորապես բոլոր ժամանակագրական տարեթվերը՝ համաձայն նման սերնդաբանություններում ընդունված կարգի:

   Իր բովանդակությամբ և ձևով Սեմի սերնդաբանությունը խիստ մոտ է Սեթի սերնդաբանությանը (Ծննդ. 5) և ասես նրա անմիջական շարունակությունը լինի: Դրա համար այն ամենն, ինչ մենք ասել էինք Սեթի սերնդաբանության նշանակության և իմաստի, դրա դեմքերի և թվերի մասին, միանգամայն կիրառելի է նաև սրա նկատմամբ: Այստեղ մենք ճիշտ նույն կերպ պետք է սեմական հնագույն պատմության հենքը տեսնենք, և ուշադրություն դարձնենք ոչ այնքան թվերի վրա, որքան աստվածաշնչյան անունների վերլուծության ու դրանց ընդհանուր հաջորդականության վրա: Ինչ վերաբերում է թվային տվյալներին, ապա դրանք այս սերնդաբանության մեջ ևս, ինչպես նախորդում, առանձնապես վստահություն չեն ներշնչում, քանի որ բոլոր երեք հիմնական խմբագրություններում տարբերվում են (նահապետների ծննդյան տարիներով հաշվարկելիս այդ ժամանակաշրջանի ընդհանուր տևողությունն ըստ հրեական տեքստի՝ կլինի 390 տարի, ըստ սամարիականի՝ 1040, իսկ ըստ յոթանասնիցի՝ 1270): Սա ևս մեկ անգամ համոզում է մեզ, որ Աստվածաշնչում խիստ և ճշգրիտ ժամանակագրություն չկա, իսկ եղածն էլ կա՛մ մեծապես վնասվել է տարբեր պատճառներով, կա՛մ ավելացվել է ավելի ուշ: Բարեբախտաբար, այս ամենը, կրկնում ենք, առնչություն չունի հավատքի էության հետ և որևէ հատուկ նշանակություն չունի մեզ համար:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Սէմի սերունդները սրանք են. Սէմը հարիւրամեայ հասակում, ջրհեղեղից երկու տարի յետոյ ծնեց Արփաքսադին:
(Արարատ թարգ․) Սրանք են Սեմի սերունդները. ջրհեղեղից երկու տարի հետո Սեմը հարյուր տարեկանում ծնեց Արփաքսադին:
(Գրաբար) Որդիք Յաբեթի. Գամեր, և Մագովգ, և Մադա, և Յաւան, և Ելիսա, և Թոբէլ, և Մոսոք, և Թիրաս։Եւ եղև սկիզբն թագաւորութեան նորա Բաբելովն. և Որէգ, և Աքադ. և Քաղանէ յերկրին Սենայար։