Հովհաննես Ծործորեցի
Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնուածների մէջ Յովհաննէս Մկրտչից աւելի մեծը չի ելել. բայց երկնքի արքայութեան մէջ ամենից յետինը նրանից մեծ է:
Ճշմարիտ եմ ասում ձեզ. կանանցից ծնվածների մեջ չի եղել Հովհաննես Մկրտչից մեծը: Բայց երկնքի արքայության մեջ փոքրիկը նրանից մեծ է :
Ովքեր տղամարդու սերմից են ծնվել, ասում է, և մարգարեական փառքով բարձրացել, ինչպես Մովսեսը, Եղիան, Դավիթը, Եսային, նրանից ավելի մեծ չեն: Բայց նա ինչո՞ւ է բոլորից ավելի մեծ: Նախ՝ որովհետև իր մասին մարգարեություն կա, ինչպես ասվեց, որը չենք գտնում, մյուսներից որևէ մեկի մասին: Երկրորդ՝ Տիրոջ այս պնդման պատճառով, որ ասում է, թե նրա նման մեծ մեկը չի եղել կանանցից ծնվածների մեջ. թեպետ խոստմամբ ծնվել է, ինչպես Իսահակը, Սամսոնն ու Սամվելը, բայց ի՞նչ կասես նրանց երկրավոր [վարքի] մեծության մասին՝ [Հովհաննեսի վարքի համեմատությամբ]: Եվ երրորդ՝ նրա մեծությունը ճանաչիր դեպքերից՝ նայելով սեղանին 605, նրա վարքի բարձրությանը, քանի որ մի նոր ճանապարհով ընթացավ դեպի օրհնություն. ամբողջ ժամանակը ծախսում էր աղոթքի վրա՝ Աստծո հետ խոսակցելով, ոչ խորտիկներով էր սնվում, ոչ մահճակալի վրա հանգստանում, ոչ ծածկի տակ մտնում կամ փողոցներում շրջում. միաժամանակ և խիստ էր, և հեզ, թագավորների առաջ՝ համարձակ. էլ չեմ խոսում նրա ծննդյան մասին, որը կապեց նրա հոր լեզուն ու [վերստին] բացեց 606: Ահա այս պատճառով է [Տերն] ասում, որ [նրանից մեծ մարգարե] չի եղել:
Բայց որպեսզի գովեստի մեծությունը սխալ չծնի, [այսինքն]՝ չկարծվի, թե նա Քրիստոսից էլ պատվական է, [Տերն] ավելացնում է. «Բայց երկնքի արքայության մեջ փոքրիկը նրանից մեծ է»: «Փոքրիկ» է կոչում Իրեն՝ ըստ Դավթի. «Փոքր էի ես եղբայրներիս մեջ» (Սաղմ. հավելյալ։ 1): Նախ՝ տարիքով, քանի որ Հովհաննեսից փոքր էր: Երկրորդ՝ շատերի կարծիքով, քանի որ «հյուսնի որդի» (Մատթ. 13։55) էին [Նրան] անվանում: Երրորդ՝ կոչում էին «ուտող-խմող» (Մատթ. 11։19): Չորրորդ՝ Նրա մահվան ու չարչարանքների պատճառով, քանի որ գիտենք, որ [այս կյանքում] Հիսուսը մի փոքր խոնարհվեց՝ ըստ առաքյալի 607, բայց, ասում է, հավիտենական կյանքում և հոգևոր ու երկնային բարիքներով մեծ է [Հովհաննեսից], որովհետև Ինքն է այդ պարգևները տվողն ու [Հովհաննեսի] ստեղծիչը: Սակայն թող ոչ ոք չկարծի, թե Փոքրիկի մեծությունը Հովհաննեսի մեծության համաձայն է, այլ այնպիսին է, ինչպիսին տիրոջ [մեծությունը]՝ ծառայի համեմատ կամ Արարչինը՝ արարածի [համեմատ]. այստեղ [Տերն իրողությունը] նսեմացնում է լսողների տկարության պատճառով, քանի որ այդ ժամանակ ժողովուրդը Հովհաննեսի մասին մեծ համարում ուներ:
Նաև ոմանք ասել են, թե երկնքի արքայությունում հավատացյալներիս մեջ եղած փոքրիկն է [Հովհաննեսից] մեծ, բայց մեզ քա՛վ լիցի այսպես կարծել. որովհետև ով անարգում է արքայի զինվորին, հենց արքային չի ընդունում: Այլ այս [խոսքով Տերը] կամեցավ Իր շնորհի առավելությունը ցույց տալ, թե ինչպիսի՛ իմաստություն պատրաստեց Իր աշակերտների համար: Որովհետև այն գիտությունը, որ Հովհաննեսի միջոցով տրվեց, չի կարող համեմատվել Փոքրիկի այն գիտության հետ, որը հայտնի է դառնալու Նրա արքայության մեջ՝ ըստ այսմ. «Շատից մի փոքր գիտենք ու շատից մի փոքրն ենք մարգարեանում, և ասես հայելիով ենք տեսնում, բայց երբ կատարյալը գա, շատից այս մի փոքրը կխափանվի» (հմմտ. Ա Կոր. 13։9-10, 12), և ավելի մեծը կընդունենք:
Այլև՝ «արքայություն» է Տիրոջ գալուստը. ուստի այդ վերջին քարոզիչների՝ [Սուրբ] Հոգով մկրտությունն ավելի մեծ է, քան Հովհաննեսի՝ ջրով մկրտությունը, որովհետև նրանք մկրտեցին նաև Հովհաննեսի մկրտածներին, իսկ նա այդ մկրտությունն արյամբ ընդունեց Հերովդեսի ձեռքով: Այլև [Քրիստոսին] հավատացածների (ովքեր ոչ թե կանանցից ծնվեցին, այլ Ավազանի մկրտությամբ և որդիացան Աստծուն) փոքր փառքն իսկ, որ հայտնվելու է Աստծո արքայության մեջ, ավելի մեծ է, քան Հովհաննեսի՝ այս կյանքում ունեցած փառքը՝ ըստ այսմ. «Երբ ձեր Կյանքը հայտնվի, այդժամ դուք ևս Նրա հետ կհայտնվեք փառքով» (հմմտ. Կող. 3։4), որովհետև երկրային ամեն փառք, դրա հետ բաղդատվելով, ոչինչ է համարվում:
Նաև՝ Հովհաննեսի մեծությունը ոչ թե նրա բնությանն էր պատկանում, այլ նրան Մեծացրածի. իսկ բնությամբ փոքրիկ մեկը մարդկանց մեջ, երբ կամենում է իր կամքով կատարել արքայության գործը, ինչպես Հովհաննեսը, նրանից ավելի մեծ է, որովհետև դրանով հույս է տալիս մեղավորներին: Որովհետև Հովհաննեսն ամբողջապես արդար էր, իսկ որևէ հանցավոր «փոքրիկ», երբ դարձի է գալիս և բարիքներ գործում՝ ուրախացնելով հրեշտակներին, [Հովհաննեսից] շատ ավելի մեծ ու զարմանալի է:
Այլև հրեղենների ինը դաս կա՝ բաժանված երեք քահանայապետությունների: Նրանց վերջին [դասի անդամները], որ «հրեշտակներ» են կոչվում, Հովհաննեսից մեծ են. որովհետև եթե, ըստ սաղմոսի 608, Հիսուսը հրեշտակներից փոքր-ինչ ցածր է 609, ի՞նչ ասել Հովհաննեսի մասին:
Ինչպես նաև, թեև կանանց ծնունդների մեջ [չկա] Հովհաննեսից մեծը, քանի որ արուն էգից պատվական է, բայց աստվածային ու հոգևոր բաներում, որոնցում չկա արուի [և էգի] զանազանություն, փոքր աստվածայինը Հովհաննեսից մեծ է, ինչպես որ [Հովհաննեսն] ինքն էլ երկրպագեց ոչ միայն Ծնվածին, այլև Ծնողին. որովհետև այսպես ասաց նրա մայրը. «Որտեղի՞ց է ինձ սա, որ իմ Տիրոջ Մայրը գալիս է ինձ մոտ: [Որովհետև ահա երբ քո ողջույնի ձայնը հասավ ականջներիս, մանուկս ցնծալով խաղաց որովայնումս]» (Ղուկ. 1։43-44):
Ստեփանոս Սյունեցի
Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնուածների մէջ Յովհաննէս Մկրտչից աւելի մեծը չի ելել. բայց երկնքի արքայութեան մէջ ամենից յետինը նրանից մեծ է:
«Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի եղել, բայց երկնքի արքայության մեջ ամենից փոքրը մեծ է, քան նա»:
Կանանց ծնունդն [այն] է, որ տղամարդու սերմից է ծնվում: Արդ, տղամարդու սերմից են ծնված մեծ մարգարեներից՝ Մովսեսը, Եղիան, Եղիսեն, և առաքյալներից՝ Պետրոսը, Հակոբոսը, Հովհաննեսը, սակայն այսպիսիններից և ոչ ոք մեծ չէ, քան Հովհաննես Մկրտիչը, թեկուզև մեկը նրանց հավասար համարի, բայց երկնքի արքայության մեջ [ամենից] հետինը մեծ է, քան նա:
«Փոքր» ասելով կամ Իր մասին ասաց, քանզի կրտսեր էր, քան Հովհաննեսը: Ես, -ասում է, -կույսից ծնվածս, կրտսերագույն և փոքրագույն, կարծվածս, քան Հովհաննեսը, նրանից մեծ եմ:
Կամ էլ ինչպես ոմանք մեկնեցին, թե [խոսել է] երկնավորների բազում դասերի [մասին], որոնց [վերաբերյալ] ասվում են, թե երկնքի արքայության մեջ են՝ քերովբեները, սերովբեները, աթոռները, [տերությունները, զորությունները], իշխանությունները, պետությունները, հրեշտակապետները և հրեշտակները: Այս երկնավորներից [մեկը], որ փոքր է թվում, մեծ է, քան Հովհաննեսը, քանզի եթե Հիսուս չարչարանքների և մահվան պատճառով փոքր համարվեց, քան հրեշտակները, ապա որչա՜փ ևս առավել՝ Հովհաննեսը:
Ես կարծում եմ, եթե մեկը Աստվածածնին փոքր համարի Հովհաննեսից, ո՛չ թե ժամանակը [նկատի ունենալով], այլ քանի որ արուն պատվականագույն է, քան էգը, շատ չի նվազեցնի [նրա] մեծությունը, քանզի ինձ թվում է, որ Աստվածածինը մեծ է, քան Հովհաննեսը:
Մաղաքիա արք. Օրմանյան
Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնուածների մէջ Յովհաննէս Մկրտչից աւելի մեծը չի ելել. բայց երկնքի արքայութեան մէջ ամենից յետինը նրանից մեծ է:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:7
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: