Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 1:13

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

Սաղաթիէլը ծնեց Զորոբաբէլին
 
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 1:9  
  

 13-16․ Զորոբաբէլը ծնեց Աբիուդին. Աբիուդը ծնեց Եղիակիմին. Եղիակիմը ծնեց Ազորին. Ազորը ծնեց Սադոկին. Սադոկը ծնեց Աքինին. Աքինը ծնեց Եղիուդին. Եղիուդը ծնեց Եղիազարին. Եղիազարը ծնեց Մատթանին. Մատթանը ծնեց Յակոբին. Յակոբը ծնեց Յովսէփին՝ Մարիամի մարդուն, որի նշանածն էր կոյս Մարիամը, որից ծնուեց Յիսուս, որ անուանուեց Քրիստոս:

 

   Զորոբաբելը ծնեց Աբիուդին: Աբիուդը ծնեց Եղիակիմին: Եղիակիմը ծնեց Ազովրին: Ազովրը ծնեց Սադովկին: Սադովկը ծնեց Աքինին: Աքինը ծնեց Եղիուդին: Եղիուդը ծնեց Եղիազարին: Եղիազարը ծնեց Մատթանին: Մատթանը ծնեց Հակոբին: Հակոբը ծնեց Հովսեփին՝ Մարիամի ամուսնուն, որի հետ էր նշանված Մարիամ կույսը, ումից ծնվեց Հիսուսը, Ով անվանվեց Քրիստոս: Հովսեփին «ամուսին» է կոչում, սակայն որպեսզի ոչ ոք անվայել բան մտքով չանցկացնի, ավելացնում է, որ [Կույսը նրա հետ] միայն «նշանված» էր, որպեսզի սրանով Կույսի վերաբերյալ որևէ կասկած բացառի և նրան մաքուր ցույց տա:

   Բայց անհրաժեշտ է պարզել նաև, թե ինչո՞ւ Մատթեոսը ազգաբանությունը ներկայացնում է վերևից ներքև, իսկ Ղուկասը՝ ներքևից վերև բարձրացնում: Պատճառը նախ այն է, որ Մատթեոսը հրեաների համար է գրել, ուստի հիշատակում է միայն նրանց, ովքեր, Աբրահամից սկսած, նահապետներ էին նրա՛նց ազգում: Իսկ Ղուկասը գրել է ամբողջ աշխարհի համար, ուստի պետք էր ամբողջ մարդկության բոլոր նախնիներին հիշատակել: [Սա բացատրվում է] այլ կերպ ևս. Մատթեոսը գրում է Քրիստոսի միայն իջնելը մեզ մոտ, իսկ Ղուկասը՝ բարձրանալն այնտեղ, որտեղից իջավ: Հետևաբար, Մատթեոսը, [Աստծո] Խոսքին բարձրությունից ներքև իջեցնելով, ցույց է տալիս Խոսքի դեպի մեզ խոնարհվելը, իսկ Ղուկասը, [Նրան] բարձրացնելով դեպի Աստված, ցույց է տալիս մեր բնության հաղորդությունն աստվածային բնությանը, որով Գլխի հետ բարձրացանք ու նստեցինք բարձունքներում՝ Մեծության աջ կողմում:

   Իսկ որ նահապետների անունների առնչությամբ տարբեր են թվում Մատթեոսի և Ղուկասի [ներկայացրած] ազգաբանությունները, ապա եթե մեկն իմաստությամբ քննի, երկուսի [ներկայացրած] կարգերն էլ վայելուչ ու ճիշտ կգտնի: Որովհետև Մովսեսը հրեաների համար օրենք էր սահմանել 30, որ երբ մեկն անորդի մեռներ, նրա եղբայրը պիտի առներ նրա կնոջը և երեխա ունենար մեռածի անունով, որպեսզի, ասվում էր, մեռածի հիշատակը չկորչեր սերունդներից, որովհետև դեռևս հարության հույսը հայտնի չէր նրանց: Այս պատճառով էլ Իսրայելում մի որդուն երկու հոր անուն էին տալիս. մի [անունը]՝ ըստ բնության՝ նրա, ումից ծնվում էր, իսկ մյուսը՝ ըստ օրենքի՝ հոր մեռած եղբոր: Սրանով երկու եղբայր միևնույն որդին էին ունենում՝ ողջ [եղբայրը]՝ ծնունդով, իսկ մեռածը՝ անվամբ: Այսպիսով՝ Մատթեոսը ազգաբանության մեջ դնում է ըստ բնության որդիներին, ինչ պատճառով և յուրաքանչյուրի համար «ծնվել» բառն է գործածում, իսկ Ղուկասը՝ [ըստ բնության՝ միայն] մի քանիսին, և [այնուհետև] թվում է մեռած հայրերի՝ ըստ օրենքի որդիներին, ուստիև հիրավի Մատթեոսի պես չի գրում «ծնեց», այլ միայն անուններն է հերթով դնում: Ինձ թվում է՝ թեև Ղուկասն ինքն էլ էր Հոգով լի, սակայն սրանցում հմտացել էր իր ուսուցիչ Պողոսի շնորհիվ, ով քաջատեղյակ էր նախնիների գիտությանը: Ուրեմն սրանք են Մատթեոսի և Ղուկասի [ներկայացրած ազգաբանությունների] միջև տարբերությունների և նույնությունների պատճառները:

   Սողոմոնն ու Նաթանը Դավթի որդիներն էին, և Մատթեոսը ծնունդները Սողոմոնից է թվում, իսկ Ղուկասը հասցնում է մինչև Նաթան և Դավիթ: Այսպիսին է երկուսի միջև տարբերությունը: Սողոմոնի թոռներից քսանչորսերորդը՝ Մատթան անունով, նույն ցեղից իրեն կին է առնում Ասթան անունով մեկին, ումից ըստ բնության ծնում է Հակոբ որդուն: Մատթանը մեռնում է, և նրա կնոջն առնում է Նաթանի թոռներից ոմն Մելքի՝ երեսունյոթերորդը՝ Նաթանից հաշված: Սա ծնում է Հեղիին, որով Հակոբն ու Հեղին դառնում են տարբեր հայրերից համամայր եղբայրներ, որովհետև Հակոբը Սողոմոնի [որդի] Մատթանի ծնունդն է, իսկ Հեղին՝ Նաթանի որդի Մելքիինը: Հեղին կին է առնում և անորդի մեռնում: Հակոբը, առնելով [այդ կնոջը], իր եղբայր Հեղիի համար զավակ է ունենում՝ ծնում է Հովսեփին՝ սուրբ Կույս Մարիամի խոսնայրին: Ուստի Հովսեփը բնությամբ որդին է Սողոմոնից սերած Հակոբի, ում և հիշատակում է Մատթեոսը, և ըստ օրենքի՝ համարվում է Նաթանից սերած Հեղիի որդին, ինչը ներկայացնում է Ղուկասը: Սրանք են երկու [ազգաբանությունների միջև եղած] կարծեցյալ անմիաբանության պատճառները:
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

13-15․ «Զորաբաբելը ծնեց Աբիուդին. Աբիուդը ծնեց Եղիակիմին. Եղիակիմը ծնեց Ազովրին»: [13] «Ազովրը ծնեց Սադովկին. Սադովկը ծնեց Աքիմին. Աքիմը ծնեց Եղիուդին»: «Եղիուդը ծնեց Եղիազարին. Եղիազարը ծնեց Մատթանին. Մատթանը ծնեց Հակոբին»: (Սինոդական թարգ․)
   
    Համաձայն Ա Մնաց. 3:19-րդ և հաջորդող համարների` Զորաբաբելի որդիների և թոռների թվում Աբիուդը բացակայում է։ Հիմնվելով եբրայերեն և հունարեն անունների նմանության վրա` առաջ է քաշվել այն տեսակետը, որ «Աբիուդ» անունը նույնական է միևնույն գլխի 24-րդ համարում հիշատակվող «Գաղայիա» անվան և Ղուկասի Ավետարանի 3։26-րդ համարում հիշատակվող «Հուդա» անվան հետ։ Եթե այդպես է, ապա ուրեմն Մատթեոսի Ավետարանի 13-րդ համարում դարձյալ բացթողում է արված, որը հետևյալն է. Ա Մնացորդաց գրքի նշված հատվածում ներկայացվում է սույն ազգաբանությունը. Զորաբաբել, Անանիաս, Հեսիա, Սեքենիա, Նովադիա, Եղիոնե, Գաղայիա: Չնայած որ այսօրինակ բացթողումը վեց հոգու անուններով լրացնելու դեպքում Մատթեոսի շարադրած ազգաբանությունը սերունդների քանակի առումով կնմանեցներ Ղուկասի ազգաբանությանը (թեպետ անունների առումով լիակատար տարբերություն կլիներ), այնուամենայնիվ «Աբիուդ» անվան նույնացումը «Գաղայիա» հետ շատ կասկածելի է թվում։ Այս ամենով հանդերձ` նորագույն շրջանի որոշ մեկնաբաններ ընդունում են այսպիսի բացատրությունը:
    Զորաբաբելից և, հավանաբար նաև, Աբիուդից հետո` 13-15-րդ համարներում հիշատակված անձանց մասին ոչինչ հայտնի չէ ո՛չ Հին Կտակարանից, ո՛չ Հովսեփոսի գրություններից, և ո՛չ էլ Թալմուդյան ու այլ գրություններից: Միայն կարելի է նշել, որ սա հակասում է ա´յն կարծիքին կամ, լավագույն դեպքում, գոնե չի հաստատում ա´յն տեսակետը, համաձայն որի` ավետարանիչը Փրկչի ազգաբանությունը կազմել է՝ օգտվելով միայն Աստվածաշնչից։

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Սաղաթիէլը ծնեց Զորոբաբէլին. Զորոբաբէլը ծնեց Աբիուդին. Աբիուդը ծնեց Եղիակիմին.

 

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 1:1
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Սաղաթիէլը ծնեց Զորոբաբէլին. Զորոբաբէլը ծնեց Աբիուդին. Աբիուդը ծնեց Եղիակիմին.
(Արարատ թարգ․) Զորաբաբելը ծնեց Աբիուդին. Աբիուդը ծնեց Եղիակիմին. Եղիակիմը ծնեց Ազովրին.
(Գրաբար) Զորաբաբէլ ծնաւ զԱբիուդ: Աբիուդ ծնաւ զԵղիակիմ: Եղիակիմ ծնաւ զԱզովր: