Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 12:43

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Երբ պիղծ ոգին դուրս է ելնում մարդու միջից, շրջում է անջրդի վայրերում՝ հանգիստ որոնելով, բայց չի գտնում»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:42
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

43-45. «Սակայն պիղծ ոգին դուրս է ելնում մարդուց, շրջում է անջրդի վայրերում, հանգիստ է որոնում եւ չի գտնում: Այն ժամանակ ասում է՝ դառնամ իմ տունը, որտեղից դուրս եկայ. եւ գալիս է ու այն գտնում դատարկ՝ մաքրուած ու կարգի բերուած: Այն ժամանակ գնում եւ վերցնում է իր հետ իրենից աւելի չար եօթը այլ ոգիներ եւ մտնում բնակւում է այնտեղ. եւ այդ մարդու վերջը լինում է աւելի վատ, քան առաջ էր. այսպէս պիտի լինի եւ այս չար սերնդին»:
   

   Այլ երբ պիղծ ոգին մարդուց դուրս է գալիս, շրջում է անջրդի վայրերում, հանգիստ փնտրում և չի գտնում: Այդժամ ասում է. «Վերադառնամ իմ տուն, որտեղից ելա», և գալիս գտնում է [այն] դատարկ, մաքուր ու հարդարված: Այդ ժամանակ գնում է և իր հետ վերցնում յոթ ուրիշ՝ իրենից ավելի չար ոգիներ և մտնում բնակվում այնտեղ, և այդ մարդու վերջը սկզբից չար է լինում: Այսպես կլինի և այս չար ցեղի հետ»:

   [Տերը] նախ այն է ցույց տալիս, որ ոչ միայն այն աշխարհում, այլև հենց այստեղ են սաստիկ պատիժներ կրում, և ինչ որ ասում է, սա է: Ինչպես որ դիվահարները, երբ այդ ախտից բուժվում են և ծուլության մեջ ընկնում, է՛լ ավելի խիստ են մոլեգնում (քանի որ [Տերն] այս խոսքն այն ժամանակ ասաց, երբ [Նրա մոտ] պիղծ ոգիներից բուժվելու համար [մարդիկ] էին եկել և Նրա հետ շրջում էին, ինչպես Մագդաղենացին, ումից յոթ դև էր դուրս եկել (Ղուկ. 8։2), Հոհաննան և Շուշանը), այդպես էլ ձեզ հետ կլինի: Որովհետև առաջ էլ էիք դիվահար, երբ երկրպագում էիք կուռքերին և [ձեր] որդիներին զոհում դևերին՝ մոլությունը չափազանց շատացնելով, սակայն ձեզ չթողեցի, այլ մարգարեների միջոցով դևերը հանեցի և անձամբ գալով՝ կամեցա ավելի մաքրել ձեզ, բայց դուք չկամեցաք, այլ վերստին ձեր չարիքներին դարձաք: Եվ մարգարեների արյան վրա որոշել եք [ավելացնել] նաև Իմը, ուստի անտանելի պատիժ եք կրելու, ավելի ծանր, քան առաջվանը. [կրելու եք] Տիտոսի ու Վեսպասիանոսի [ձեռքով]  1, և [ձեր] անդարձության պատճառով դա ավելի ծանր է լինելու, քան Եգիպտոսի, Բաբելոնի և Անտիոքոսի  2 [ձեռքով եղած պատիժները]:

   Երկրորդ՝ քանի որ նշան պահանջեցին, ասում է թե՝ ի՞նչ օգուտ ձեզ բժշկելուց, եթե չեք հավատում, որովհետև եթե բժշկվելուց հետո երկմտեք, նախկինից էլ ավելի վատ կլինի ձեզ համար: Մի մարդու է նմանեցնում Իսրայելի ամբողջ [ժողովրդին], որի մեջ պիղծ ոգի էր բնակվում, երբ գտնվում էր փարավոնի ծառայության ներքո, և [Աստված ստրկությունից] ազատելով բժշկեց նրան՝ ըստ այսմ. «Ուղարկեց Իր խոսքն ու բժշկեց» (Սաղմ. 106։20), «նրանց անցկացրեց ծովի միջով» (հմմտ. Սաղմ. 77։13), որպեսզի մաքրվեին, բայց «չկամեցան»՝ ըստ առաքյալի (Գործք 7։39): «Նրանցից հեռացրեց» (Սաղմ. 77։55) յոթ ազգերին  3 իրենց դևերով և «սրանց երկիրը ժառանգություն տվեց» (Սաղմ. 135։21) [իսրայելացիներին]: Բայց վերջիններս չթողեցին իրենց չար գործերը, այլ երբ պետք էր հավատալ, մերժեցին և ուրացան Նրան, ինչ պատճառով էլ [Տերն] ասում է. «Գնում շրջում է անջրդի վայրերում»՝ հեթանոսների մեջ, ովքեր ստվածպաշտությունից ցամաքած էին: Եվ հանգիստ չգտավ, որովհետև նրանց տեսավ Ավազանի շնորհով ծովացած՝ ըստ այսմ. «Քեզ տվեցի որպես ազգի ուխտ և հեթանոսների լույս» (հմմտ. Ես. 47։8), և՝ «Հեթանոսները Նրա անվան վրա հույս կդնեն» (Ես. 42։4), քանզի «անապատը դարձավ ջրալից վայր» (հմմտ. Սաղմ. 106։35)՝ խմելով Հոգու կենդանի ջուրը, որ հոսում է դեպի հավիտենական կյանք: Եվ այդտեղից վերադարձավ հրեաների մոտ, ովքեր անջրդի մնացին՝ [զրկվելով] աստվածային մկրտության ջրերից: Եվ բարու կարողությունից դատարկ նրանց հոգիները «հարդարված» գտավ և բնակվեց նրանց մեջ յոթ չար ոգով, ինչի մասին ասաց Երեմիան, թե հղիացավ և յոթ ձագ ծնեց անապատում  4՝ Ռոբովամի երկու [ոսկյա երինջները] Դանում ու Բեթելում  (Գ Թագ. 12։28-29) և Մանասեի չորեքդիմի կուռքը  5: Եվ նրանց վերջը սկզբից վատ եղավ, որովհետև այն [սկզբնական վիճակը] Քրիստոսը քավեց, իսկ հաջորդ անգամ գալու է ոչ թե ցավերը դարձյալ ձրի՝ միայն հավատի միջոցով բուժելու համար (քանի որ Ով մեռավ, մի անգամ մեռավ՝ նրանց մեղքերն անարգելով), այլ դատաստանի և հատուցման համար, ինչպես ասում է. «Այսպես կլինի և այս չար ցեղին», ինչպես ասացի: Սա՛ է վճիռը, որովհետև նրանց մեղքերը մարգարեների միջոցով գցեցի Բաբելոնի վրա՝ ըստ այսմ. «Երբ հարյուրամյան մեռնի, անիծված ու մեղավոր կկոչվի  6» (Ես. 65։20), իսկ մնացածին Ե՛ս եկա քավելու: Բայց քանի որ, նախանձով լցված լինելով, չհավատացին, թողություն չեն գտնի այս կյանքում, այլ նախանձի կրակը կմաշի նրանց շատ ավելի դաժանորեն, քան նախկին փորձանքները, որովհետև դրանք միայն մարմնական էին և վախճանավոր, իսկ սա՝ հոգևոր ու մարմնական և անվախճան:

   Իսկ այլաբանորեն՝ երբ մարդուց դուրս է գալիս պիղծ դևը՝ ութ չար խորհուրդներից մեկը՝ որկրամոլությունը (որովհետև նախ սա է բույն դնում բոլոր կենդանի [արարածների] մեջ, մանավանդ փափկակենցաղ մարդկանց), և Աստծո շնորհով [մարդն] ազատվում է [նրանից]՝ [Սուրբ] Գրքով դաստիարակվելով [և սովորելով], որ կերակուրն ու որովայնը, ըստ առաքյալի, խափանվելու են  (Ա Կոր. 6։13) և շրջում է ուրիշ մեղավոր հոգիների մեջ, ովքեր բազմաթիվ ախտերով են վարակված՝ Հոգու շնորհից ցամաքած լինելով և հավատ ու [առաքինության] գործեր չունենալով, և հանգիստ չի գտնում նրանց մեջ, որ ամբողջապես դիվացած են՝ նրանցում առատորեն բնակված դիվային լեգեոնների պատճառով, վերադառնում է իր նախկին տունը: Որովհետև խորհուրդներին հատուկ է ոչ թե մի անգամ, այլ բազմաթիվ անգամներ դիմել մտքի վրա՝ ըստ յան խորհուրդը] գտնում է [մարդուն] իր նախկին ցանկությամբ լցված և դարձյալ փափկակեցության մեջ ու փորի մասին հոգ տանելիս՝ խրատված չլինելով Տիրոջից, [Ով ասում է]. «Մի՛ հոգացեք, թե ինչ եք ուտելու» (հմմտ. Մատթ. 6։25), այդժամ ոչ միայն ինքը՝ որկրամոլության [դևն] է մտնում, այլև իր հետ բերում է յոթ ուրիշ՝ է՛լ ավելի չար դևեր՝ պոռնկության, արծաթսիրության, տրտմության, բարկության, ձանձրույթի, հպարտության և սնափառության  7: Իսկ ինչո՞ւ ավելի չար: Որովհետև հպարտությունը, բարկությունը, տրտմությունն  8 ու ձանձրույթը շատ ավելի չար են, քան որկրամոլությունն ու պոռնկությունը, քանի որ ոչ թե մարմինը, այլ հոգո՛ւ դղյակն են քանդում: Եվ «վերջը սկզբից վատ է լինում», որովհետև ով կրոնական ժուժկալությամբ չկարողացավ մեկից ազատվել՝ մարմնական կերակուրներից, ինչպե՞ս [կազատվի] շատից ու ավելի դաժան [դևերից], որոնք հանկարծորեն, արագ ու աննյութաբար վրա հասնելով՝ հոգին պաշարում են՝ գերելով դեպի մեղքի օրենքը: Եվ թշվառական միտքը, եթե նախկինում քրքրվեց մեկ թեթև [խորհուրդից], ապա հետո կծկվում է ծանր ախտերից: Կամ էլ, եթե առաջ հույս ուներ, թե մկրտությամբ քավվում է, ապա մկրտությունից հետո [գործված] մեղքն ավելի ծանր է, քան [մկրտությունից] առաջ [գործվածը], որովհետև մաքրվում է ապաշխարությամբ ու արտասուքով տաժանմամբ: Կամ էլ՝ ակամա մեղքից մեկը դյուրավ է մաքրվում խոստովանությամբ, իսկ եթե կամովին է մեղքի մեջ ընկնում, սա նախորդից չար է, որովհետև մեղքը կամովին ու սիրով գործողը չի զղջում, իսկ չզղջա ցողը դժոխքի հատակն է գնում, ուստիև [կամավոր մեղքը] մյուսից ավելի չար է՝ անվախճան ու անեզր լինելով:
--------------------------------
1 Վեսպասիանոսն ու Տիտոսը հայր և որդիեն, հռոմեական կայսրեր: Մինչև 69 թվականը Հուդայում բռնկված հակահռոմեական շարժման ճնշումը գլխավորում էր Վեսպասիանոսը (9-69-79), ով երբ 69-ին դարձավ կայսր, հրեաների դեմ պայքարը շարունակեց նրա որդի Տիտոսը (39-79-81) և 71 թվականին գրավեց ու ավերեց Երուսաղեմը, որի ժամանակ այրվեց Երուսաղեմի տաճարը:
2 Նկատի են առնված Եգիպտոսում հրեաների ստրկությունը (Ք.ա. 17-13 դդ.), Բաբելոն գերի տարվելը (Ք.ա. 722-720թթ. և Ք.ա. 586թ.) և Անտիոքոս Դ Եպիփանես Սելևկյան թագավորի (Ք.ա. 175-164/163) կողմից հրեաների հանդեպ եղած ճնշումները:
3 Խոսքը Քանանում բնակվող գլխավոր ցեղերի մասին է, որոնք, ըստ Սուրբ Գրքի, յոթն էին՝ քետացիներ, գերգեսացիներ, ամորհացիներ, քանանացիներ, փերեզացիներ, խևացիներ և հեբուսացիներ: Աստծո հրամանով՝ սրանց երկիրն էր, որ գրավելով ժառանգեցին իսրայելացիները Եգիպտոսից դուրս գա լուց հետո: Տես Բ Օր. 7։1:
5 Բ Մն. 33։7: Թեև աստվածաշնչյան այս համարում, ուր պատմվում է Մանասեի կողմից ձուլածո «պատկերի», այսինքն՝ կուռքի տեղադրման մասին, չի նշվում, որ այն քառադեմ էր, սակայն Ծործորեցին հետևում է իրեն նախորդած շրջանի Եկեղեցու հայրերին, ովքեր նույնպես այդ կուռքը համարում էին քառադեմ (Եփրեմ Ասորի, Բարսեղ Կեսարացի ևն. օրինակները տես Նոր բառգիրք հայկազեան լեզուի, հտ. Բ, Վնտ., 1837, էջ 578, «չորեքդիմեան» բառի հոդվածում): Այստեղ տեսնում ենք, որ երկու երինջներն ու չորեքդիմի կուռքը (չորս դեմք=չորս կուռք), այնուամենայնիվ, 7 չեն դառնում: Հավանաբար Ծործորեցու բնագրի այս հատվածը հետագայում եղծվել է, և մի մաս դուրս է մնացել. «...յղացաւ եւ ծնաւ եօթն որթն յա նապատին, եւ երկու զՐոբովամայն ի Դան եւ ի Բեթէլ, եւ զչորեքդիմի պատկերն Մանասէի»: «Եւ երկու զՐոբովամայն»-ի «եւ» շաղկապը կարծես հուշում է, որ դրանից առաջ ինչ-որ բան ևս թվարկվել է:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

43-44․«Սակայն պիղծ ոգին դուրս է ելնում մարդուց, շրջում է անջրդի վայրերում, հանգիստ է որոնում եւ չի գտնում: Այն ժամանակ ասում է՝ դառնամ իմ տունը, որտեղից դուրս եկայ. եւ գալիս է ու այն գտնում դատարկ՝ մաքրուած ու կարգի բերուած:
   
   «Սակայն երբ պիղծ հոգին դուրս է ելնում մարդուց, շրջում է անջրդի վայրերում՝ հանգիստ գտնելու, երբ չի գտնում, այն ժամանակ ասում է. «Դառնամ իմ տունը, որտեղից ելա»: Եվ գալով այն գտնում է դատարկ, մաքրված ու կարգի բերված»:

   «Անջրդի վայրերը» մարդկանց հոգիներն է, որոնցում սատանան հանգիստ չի գտնում, իսկ «մաքրված ու կարգի բերված տունը»՝ մեղավոր հոգիները, որոնցում հանգստանում և բնակվում են սատանան և նրա պաշտոնյաները: Այս տեսակը նմանեցնում է այն փարիսեցի մարդուն, ով իր հոգին զարդարում է որպես տաճար և բնակավայր դևերի համար:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

43-45. «Սակայն պիղծ ոգին դուրս է ելնում մարդուց, շրջում է անջրդի վայրերում, հանգիստ է որոնում եւ չի գտնում: Այն ժամանակ ասում է՝ դառնամ իմ տունը, որտեղից դուրս եկայ. եւ գալիս է ու այն գտնում դատարկ՝ մաքրուած ու կարգի բերուած: Այն ժամանակ գնում եւ վերցնում է իր հետ իրենից աւելի չար եօթը այլ ոգիներ եւ մտնում բնակւում է այնտեղ. եւ այդ մարդու վերջը լինում է աւելի վատ, քան առաջ էր. այսպէս պիտի լինի եւ այս չար սերնդին»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:24