Գլուխ 13:16

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Բայց երանի՜ ձեր աչքերին, որ տեսնում են, և ձեր ականջներին, որ լսում են»։
   

    Մեղքը բնությունից, անհրաժեշտությունից կամ հարկադրանքից չի գալիս։ Լսի՛ր, թե այդ մասին ինչ է ասում Քրիստոս Իր առաքյալներին. «Բայց երանի՜ ձեր աչքերին, որ տեսնում են, և ձեր ականջներին, որ լսում են»՝ նկատի ունենալով ոչ թե զգայական, այլ մտավոր տեսողությունն ու լսողությունը։ Առաքյալները հրեաներ էին, դաստիարակված նույն օրենքով, և այնուամենայնիվ, մարգարեությունը նրանց ամենևին չվնասեց, քանի որ բարության արմատը, այսինքն՝ բանականությունը և կամքը, լավ արմատավորված էր նրանց մեջ։ Այժմ տեսնո՞ւմ ես, որ «ձեզ է տրված» խոսքերը չեն նշանակում անհրաժեշտություն։ Հակառակ դեպքում, ինչո՞ւ պետք է նրանց «երանելի» անվանեին, եթե այս բարի գործը նրանցից կախված չլիներ։ Մի՛ ասա, որ Հիսուսի ուսուցումն անհասկանալի։ Քանզի հրեաները, ինչպես աշակերտները, կարող էին գալ և հարցնել Նրան, ինչ որ դժվարըմբռնելի էր։ Բայց նրանք չէին ուզում դա անել իրենց անփութության և անհոգության պատճառով։ Եվ ի՞նչ եմ ասում՝ «նրանք չէին ուզում»։ Նրանք նույնիսկ հակառակ էին գործում Հիսուսին. ոչ միայն չէին հավատում, ոչ միայն չէին լսում, այլև պայքարում էին Նրա դեմ և հեռացան Նրա ուսմունքից, որի համար էլ Տերը մեղադրում է նրանց մարգարեի խոսքերով. «Իրենց ականջներով ծանր լսեցին»։ Մինչդեռ աշակերտներն այդպիսին չէին, այդ իսկ պատճառով էլ նրանք արժանի համարվեցին «երանելի» կոչվելու։

    «Բայց երանի՜ ձեր աչքերին, որ տեսնում են» - այս խոսքը պետք է կրկին ու կրկին կրկնել։ Չնայած հրեաները տեսնում էին այն, ինչ կատարվում էր այդ ժամանակ, սակայն Տերն այդ արտաքին տեսողությունը «երանելի» չի անվանում, քանի որ ոչ թե արտաքին տեսողությո՛ւնն է հրաշքներ տեսնում, այլ ներքի՜ն տեսողությունը։ Նրանք տեսան կույրին և ասացին. «Սա՞ է այդ մարդը»։ «Ո՛չ, դա նա չէ»։ Կանչե՛նք նրա ծնողներին (տե՛ս Հովհ․ 9։8–9, 18)։ Լսո՞ւմ ես, թե նրանք ինչպես են կասկածում։ Տեսնո՞ւմ ես, որ ֆիզիկական տեսողությունը բավարար չէ հրաշքի մասին խորհրդածություն ունենալու համար։ Նրանք, ովքեր ներկա էին և դիտում էին, ասացին. «Սա նա է... սա նա չէ»։ Մինչդեռ մենք, որ այնտեղ ներկա չէինք, չենք ասում. «Սա նա չէ», այլ՝ «հենց նա՛ է»։ Քեզ համար հստակ է, չէ՞, որ ֆիզիկական բացակայությունը բացարձակապես չի վնասում, երբ կան հավատքի աչքերը, և ներկայությունը ոչ մի օգուտ չունի, երբ հավատքի աչքերն են բացակայում։ Ի՞նչ օգուտ հրեաներին իրենց տեսնելուց։ Ոչ մի։ Մենք ավելի պարզ ենք տեսնում, քան նրանք։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Բայց երանի՜ է ձեր աչքերին, որ տեսնում են, ու ձեր ականջներին, որ լսում են:
   

    Որպեսզի երբեք չտեսնեն աչքերով, չլսեն ականջներով, չհաս-կանան սրտով ու դարձի չգան, և չբժշկեմ նրանց»:

    Մարմնի աչքերի ու ականջների մասին չէ, որ խոսում է, այլ հոգու աչքերի և սրտի լսելիքի, որովհետև փարիսեցերն ու հրեաներն էլ նյութական աչքերով տեսան Քրիստոսին և Նրա ձայնը լսեցին, բայց չհավատացին: Հետևաբար, [Տերը] երանի է տալիս այն աչքերին ու ականջներին, որոնք Քրիստոսին որպես Աստծո Որդու էին տեսնում և որպես Աստծո Որդու լսում՝ այնպես, ինչպես պատշաճ էր լսել, քանի որ [այդպես տեսնողներն ու լսողներն էլ] էին հրեա՝ մյուսների հետ սնունդ առած, բայց այդ մարգարեությունը չխանգարեց նրանց, քանի որ իրենց մեջ բարու արմատ ունեին: Ոմանք ասում են, թե [Տերը] սա հարության ու դատաստանի մասին ասաց նրանց ու երանի տվեց, որ տեսնելու են [Իրեն] հայրական փառքով եկած երկնքից և լսելու են Իր երանավետ խոսքը  (Մատթ. 25։34): Սակայն ինձ առաջին [մեկնությունն] է պատշաճ թվում:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

16-17. Բայց երանի՜ է ձեր աչքերին, որ տեսնում են, ու ձեր ականջներին, որ լսում են: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ շատ մարգարէներ ու արդարներ ցանկացան տեսնել, ինչ որ դուք տեսնում էք, բայց չտեսան, եւ լսել՝ ինչ որ դուք լսում էք, բայց չլսեցին»:
   
    «Երանի՜ ձեր աչքերին, որ տեսնում են, և ականջներին, որ լսում են: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ շատ մարգարեներ և արդարներ ցանկացան տեսնել, ինչ տեսնում եք, բայց չտեսան, և լսել, ինչ լսում եք, բայց չլսեցին»:

    Կարծում եմ ամենքին հայտնի է, որ «աչքեր» և «ականջներ» ասելով՝ նկատի չունեցավ տեսանելիները: Քանի որ տեսանելի աչքերով Քրիստոսին տեսան նաև փարիսեցիները և հրեաների ամբոխը: [Նրանք] նաև Քրիստոսի զգալի ու նյութական ձայնը լսեցին ամբողջ մերձակայքում: Ապա ուրեմն երանի է [տալիս] առաքյալների աչքերին ու ականջներին, որ այնպես տեսան Քրիստոսին, ինչպես հարկ էր Աստծու Որդուն տեսնել, և այնպես լսեցին Նրան, ինչպես հարկ ու պատշաճ էր Աստծու Որդուն լսել: Ոմանք կարծեցին, թե հարության և դատաստանի մասին խոսեց նրանց հետ, և դրա համար երանելի դարձան: Բայց ինձ թվում է՝ առաջինն ավելի պատշաճ է:

    Ասում է, «շատ մարգարեներ և արդարներ», բայց ոչ՝ ամենքը: Քանի որ մարգարեներից և արդարներից ոմանք, հոգևոր աչքերով տեսան Քրիստոսի գալստյան օրը: Ինչպես Ինքն իսկ՝ Քրիստոս ասաց. «Աբրահամը տեսավ թե՛ մարդանալը և թե՛ դժոխք իջնելը և թե՛ կամակոր վիշապից կապվածներին արձակելը և ուրախ եղավ այս տեսնելու համար» (հմմտ. Եբր. 11։13, Հովհ. 8։56):
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Բայց երանի՜ է ձեր աչքերին, որ տեսնում են, ու ձեր ականջներին, որ լսում են:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:4