Հովհաննես Ծործորեցի
31-32. Նրանց առաջ նա մէկ ուրիշ առակ էլ դրեց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ, առնելով, սերմանեց իր արտի մէջ: Այն փոքր է, քան բոլոր սերմերը. սակայն երբ աճում է, բոլոր բանջարներից աւելի է մեծանում ու ծառ է լինում, այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճիւղերի վրայ հանգստանում»:
Մի ուրիշ առակ էլ պատմեց նրանց: Ասաց. «Երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկի, որը մարդը վերցրեց ու իր ագարակի մեջ սերմանեց: Նա բոլոր սերմերից փոքր է, բայց երբ աճում է, բոլոր բույսերից ավելի է մեծանում ու ծառ է դառնում, և երկնքի թռչունները գալիս ու հանգիստ են առնում նրա ոստերին»:
Բնախոսներն ասում են, որ մանանեխն ունի անփուտ բնություն և ուր ընկնում է, բուսնում է, ձևով կատարյալ և ճիճուներից չի ուտվում, իսկ որակով էլ զորավոր է: Արդ՝ ըստ այդ օրինակի՝ [Տերն] Իրեն է «մանանեխի հատիկ» անվանում. աստվածությամբ ու մարդկությամբ անփուտ լինելով՝ սերմանվեց մեր մարդկային բնության մեջ՝ «բուսավ երկրից»՝ ըստ մարգարեի 744, աստվածությամբ ու մարդկությամբ՝ կատարյալ, հրաշքներով՝ զորավոր, և մեղքերի արատից՝ զերծ, այնպես, որ մեղսասեր ուտիճը 745 չկարողացավ Նրան վնասել: «Նա [բոլոր սերմերից] փոքր է». կամ որովհետև մի փոքր ու աղքատ աղջկանից ծնվեց քարայրում, կամ հրեաների կարծիքով էր [այդպիսին], կամ էլ՝ որ փոքրացավ ծառայի կերպարանք առնելով, ինչպես նաև Իր մահով: Իսկ երբ բնությամբ Անաճելին աճեց մարմնով, ինչպես որ ասված է թե՝ «Աճում էր հասակով» (հմմտ. Ղուկ. 2։52), և կամ Իր հրաշագործությունների շնորհիվ մեծացավ ու փառավորվեց առավել, քան մարդկանցից «սերմանված» բոլոր մարդիկ, նկատի ունեմ թագավորներին ու մարգարեներին, և դարձավ կյանքի ծառ՝ խաչի վրա, տնօրինաբար դեպի Իրեն հրավիրեց երկնային սուրբ թռչունին՝ [Սուրբ] Հոգուն, Ով աղավնու տեսքով իջավ նստեց Նրա գլխին, ինչը «ոստ» կոչեց, քանի որ [Հոգուն] ոչ թե Իր աստվածությամբ ընդունեց, այլ մարդկությամբ՝ տնօրինաբար 746:
Մանանեխի հատիկով [Տերը] խորհրդանշում է նաև ավետարանի քարոզությունը սկզբում առաքյալների կողմից (ինչպես որ ասում է. «Մի՛ երկնչիր, փոքրի՛կ հոտ» (Ղուկ. 12։32)): Նրանք շնորհի Հոգին ընդունեցին որպես սերմ, որով աճելով՝ ավետարանը դարձավ մեծ ծառ, քանի որ թագավորեց մինչև երկրի ծագերը՝ ըստ այսմ. «Ամբողջ երկրով տարածվեց Նրա ձայնը, և մինչև [աշխարհի] ծագերը՝ [Նրա խոսքը]» (Սաղմ. 18։5): Դրանով գերազանցեց մարդկային ամեն խոսք և կերակրեց մեր բնությունը, այնպես, որ մարգարեների ու արդարների հոգիներն ու երկնքի զորություն-թռչունները 747 եկան ու հանգիստ առան առաքյալների քարոզությամբ, ովքեր [ավետարանի] խոսքով մեծացան: Ասես իրականացան առաջին արդարների իղձերը, և նրանք հանգիստ առան այն տառապանքից, որ կրում էին մեր [մարդկային ապականված] բնության պատճառով: Կամ էլ թռչուն-հեթանոսները՝ օդում ու ծովում աշխատած մարմնով ու հոգով, մտան ավետարանի հովանու տակ և հանգստացան՝ [ազատվելով] մեղքի բեռից՝ ըստ այսմ. «Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածնե՛ր ու բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ» (Մատթ. 11։28):
Ստեփանոս Սյունեցի
Նրանց առաջ նա մէկ ուրիշ առակ էլ դրեց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ, առնելով, սերմանեց իր արտի մէջ:
«Նրանց այլ առակ էլ ասաց. «Երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկի, որ փոքրագույն է, քան բոլոր սերմերը» և այլն:
Մանանեխի հատիկը, - ինչպես ինձ է թվում, -չի նմանեցնում Իր վարդապետության բեռի քաղցրության ու թեթևության հետ: [Մանանեխը] թեպետև որոշ ժամանակ խստագույն և ծանրագույն է երևում, բայց երբ մեկը հասունանում, պտղաբերում և մեծ ծառ է դառնում, քան ամեն տեսակ բանջարեղենը, որ օգտագործում է մարդ հիվանդ [ժամանակ], ինչպես և ասում է. «Ով տկար է, բանջարեղեն է ուտում» (Հռոմ. 14։2)՝ պինդ կերակուրը չմարսելու պատճառով, ապա թռչունները՝ մարդկանց հոգիները թռչում են այդպիսի ծառի վրա:
Եվ կամ «մանանեխի հատիկ» Իրեն է անվանում, քանի որ փոքրացավ և աղքատացավ՝ առնելով ծառայի կերպարանք, իսկ երբ փառավորվեց և բարձրացավ, բոլորին դեպի Իրեն ձգեց, ժառանգեց ազգերին և իշխեց երկրի բոլոր ծագերին: Մեծ Ծառ եղավ, որի վրա երկնքի բոլոր թռչունները հանգստացան, այսինքն՝ մարգարեների, առաքյալների և բոլոր արդարների հոգիները:[Կամ էլ սա] Քրիստոսի խոսքն է Աստծու արքայության մասին, [որ] նախապես փոքր և անարգ էր երևում, բայց [արագ] աճեց, քան ամեն խոսք, որ սերմանված է մարդկանց մեջ, հույժ մեծացավ և այնքան զորացավ, որ աստվածային և երկնավոր զորությունները հանգստանում էին նրա ճյուղերի վրա: Նրա «ոստերը», պետք է կարծել [նրանք են], ովքեր մեծացան Նրա խոսքով՝ [այսինքն] առաքյալներն ու առաքյալներին նմանվողները:
Մաղաքիա արք. Օրմանյան
31-35. Նրանց մէկ ուրիշ առակ էլ ասաց. «Երկնքի արքայութիւնը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ, առնելով, սերմանեց իր արտի մէջ: Այն փոքր է, քան բոլոր սերմերը. սակայն երբ աճում է, բոլոր բանջարներից աւելի է մեծանում ու ծառ է լինում, այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճիւղերի վրայ հանգստանում»: Նա մէկ ուրիշ առակ էլ պատմեց նրանց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նման է թթխմորի, որ մի կին, առնելով, դրեց երեք չափ ալիւրի մէջ, մինչեւ որ ամբողջը խմորուեց»: Այս բոլորը Յիսուս առակներով պատմեց բազմութեանը եւ առանց առակի ոչինչ չէր ասում նրանց, որպէսզի կատարուի մարգարէի կողմից ասուածը. «Իմ բերանը առակներով պիտի բանամ եւ աշխարհի սկզբից ի վեր ծածկուած բաները պիտի յայտնեմ»:
Այս հատվածում ամփոփում ենք զանազան փոքր առակներ, որոնք ավետարանիչները հիշում են Սերմնացանի ու որոմների առակների հետ, բոլորն էլ երկնքի Արքայությանը կամ Ավետարանի հասնելու ու տարածվելու, կամ կազմությունը բացատրելու նպատակ ունեն՝ ժողովրդական զգալի եւ գրեթե շոշափելի օրինակներով։ Ավետարանի քարոզությունը Եկեղեցու հաստատությունն ասվելով, հաճախ այդ առակները եկեղեցու համար են մեկնվում։ Ավելորդ ենք համարում դրանց շարքը հետազոտելը, քանի որ, ինչպես ասացինք, ավետարանիչներն էլ քաղվածքների ձեւով են այս առակները իրար մոտ բերել, եւ մենք էլ հետզհետե ներկայացնելով, համառոտ մեկնությունն էլ ենք ավելացնում։
ՍԵՐՄԵՐԻ ԱՌԱԿԸ (Մարկ. 4:26-29) Երկրագործը հողում սերմ է ցանում, եւ այլեւս խնամք տանելու հարկ չկա, քնում է, վեր է կենում, գիշեր ու ցերեկ իրար են հաջորդում․ սերմերը ծլում են, բողնոջներն աճում, առանց մարդու հասկանալու իսկ, որովհետև երկիրը իր բնական ընթացքով պտղաբերում է, սերմը կանաչում է, խոտի պես դառնում։ Խոտերը ցողուն են տալիս եւ հասկ են դառնում, հասկի վրա էլ ցորենն է հասունանում եւ երբ հասուն հասկը երեւում է՝ հունձի ժամանակն է հասել ու գալիս են հնձողները մանգաղները ձեռքերին՝ կտրելու, հավաքելու ու վայելեու։ Ավետարանի առաջընթացի օրինակն է։ Բավական է, որ սերմերը, այսինքն քարոզները ցանվեն, դրանք մի օր կծլեն, կհասնեն, կպտղաբերեն։ Երկիրն ինքնին բերէ բացատրությունը չպետք է խիստ հասկանալ՝ առանց մի ուրիշ օգնության, այլ՝ մեկնել որպես գործերի բնական ընթացք։ Ինչպես որ ցանված սերմը առանց երկնքի անձրեւի եւ արեւի չի պտղաբերում, նույնպես ավետարանն էլ առանց աստվածային օգնության չի տարածվում։ Եւ նա ոչ գիտէ՝ թէ երկիրն ինքնին բերէ զպտուղ․ բնագրի եւ ուրիշ թարգմանությունների մեջ կարդում ենք, Եւ նա ոչ գիտէ, զի երկիրն ինքնին բերէ զպտուղ․ բայց երկու ընթերցվածներն էլ միունույն գաղափարներն են հայտնում։
ՄԱՆԱՆԵԽԻ ԱՌԱԿԸ (Մատթ. 13:31-32, Մակ. 3:30, Ղուկ. 13:18-19) Մանանեխի սերմը շատ փոքր հատիկ է։ Հողագործն այն իր ագարակում ցանեց, որը ծլեց ու մեծացավ եւ մեծ սերմ ունեցող բույսերից էլ շատ ավելի բարձրացավ։ Դյուրաբեկ թվացող ճյուղերն ամրացան, բույսը ծառի կերպարանք ստացավ, այնպես որ թռչունները կարող էին ապահովությամբ թառել նրա ճյուղերին։ Ավետարանի ապագա մեծության ու զորության օրինակն է։ Թեպետ նրա սերմը, այսինքն եղած
քարոզությունը մանր ու չնչին թվա, սակայն այն պիտի մնա ու զորանա եւ նրա ճյուղերի վրա ու նրա հովանու տակ ժողովուրդները պիտի պատսպարվեն։
ԽՄՈՐԻ ԱՌԱԿԸ (Մատթ. 13:33, Ղուկ. 13:20-21) Մի կին երեք գրիվ, այսինքն երեսուն քաշ ալյուր շաղախեց եւ մեջը մի փոքր խմորիչ գցեց, պահեց ու սպասեց, մինչեւ տեսավ, որ երեսուն քաշ ալյուրի խառնուրդը փոքրիկ խմորիչի զորությամբ ամնողջովին խմորվել է։ Ավետարանի քարոզության զորությունն է ցույց տալիս այս նախընթաց օրնակը։ Եթե եղած քարոզը շատ փոքր էլ թվա՝ պետք չէ կասկածել, պետք է խոհեմությամբ գործածել ու զգուշությամբ պահպանել եւ համբերություն ունենալ, մի օր այդ քարոզը բազմաթիվ ժողովուրդներ իրար կմիացնի։
ԳԱՆՁԻ ԱՌԱԿԸ (Մատթ. 13:45-46)Մի մարդ հետազոտություններ անելիս տեսնում է, որ արտում ծածկված նեծ գանձ կա, փակում է, ծածկում, ձայն չի հանում ու գնում է՝ ինչ ունի չունի վաճառում է՝ դրամի վերածում եւ գալիս այդ արտը գնում է եւ գանձին տեր դառնում ու հարստանում։ Ավետարանին տրվելիք պատվի մեծությունն է բացատրում։ Ավետարանը այնպիսի մի մեծ գանձ է եւ այնպիսի ապագա հարստություն է ապահովում, որ արժի ամեն բան
թողնել, ամեն գիտությունից ու վայելքներից հրաժարվել, ամբողջ ունեցածը աչքաթող անել ու դրանց փոխարեն Ավետարանը ստանալ, որ ստույգ երանության միջոց ու գրավական է։
ՄԱՐԳԱՐԻՏԻ ԱՌԱԿԸ (Մատթ. 13:45-46) Մի վաճառական ցանկություն կամ կարիք ուներ մի ընտիր մարիգարիտ ձեռք բերելու, այստեղ-այնտեղ հետազոտելուց հետո, վերջապես փնտրածի նման մի հատ գտավ, գնաց ու ձեռքին որքան ապրանք ուներ վաճառեց ու դրանց գումարով այդ թանկագին մարգարիտը գնեց, վստահ լինելով, որ այդ մարգարիտով ավելի մեծ շահ պիտի ունենար, քան թե իր ձեռքում եղած զուտ սովորական ապրանքներով։ Ավետարանից սպասվելիք օգուտի մեծությունն է ցույց տալիս նախընթաց առակը։ Ավետարանը այնքան թանկագին բան է եւ այն ստացողին այնքան օգուտ է երաշխավորում, որ այն ձեռք բերելու համար ամեն ինչ կարելի է զոհել։
ՈՒՌԿԱՆԻ ԱՌԱԿԸ (Մատթ. 13:47-50)Ձկնորսները ծով դուրս եկան, ուռկանները գցեցին ու սպասեցին, որ ձկներ որսան, եւ երբ վեր քաշեցին, տեսան, որ ամեն տեսակ խառը ձկներ կան մեջը, թե՛ ուտելու եւ թե՛ ուտելուն ոչ հարմար ձկներ։ Նավի մեջ նստած սկսեցին ուռկանները դատարկել, լավ ձկները ամանների մեջ տեղավորեցին, իսկ անպիտան ձկները ետ նետեցին։ Ավետարանի քարոզությունն ընդունողների ոչ բոլորի ընտիր լինելն է ցույց տալիս այս առակը։ Եկեկղեցուն որդեգրված եւ Քրիստոսին հետեւող դարձած ամեն անձ նույն չափով լավ եւ ընտիր չի կարող համարվել․ դրանց մեջ վատեր, անպիտաններ ու խոտաններ էլ են գտնվում, որ ժամանակին իրարից պիտի զատվեն։ Այս անգամ մեկնությունն ինքը Հիսուսն է ավելացնում։ Ուռկանների ջրից հանվելն՝ աշխարհի վերջն է, ուռկանները դատարկող ձկնորսները՝ հրեշտակներն են․ լավ ձկները՝ արդարները, խոտան ձկները՝ չար քրիստոնյաներն են, ամանները՝ արքայությունն են, ետ նետվելը՝ դժոխքի կրակին դատապարտվելն է, որ ցավերի, ողբերի, անօգուտ ցասման ու գրգռության հուսահատությունից ատամները կրճտացնելու տեղ է։
Այս առակներին որպես կնիք Մատթեոսը գրում է․ Զայս ամենայն խօսեցաւ Յիսուս առակօք ընդ ժողովուրդսն, եւ առանց առակի ոչինչ խօսէր ընդ նոսա, զի լցցի ասացեալն ի մարգարէէն: Բացից առակօք զբերան իմ, բխեցից զծածկեալն ի սկզբանէ աշխարհի (Մատթ․ 13:34-35)․ իսկ մարգարեական վկայությունը Դավթից է․ Բացից առակօք զբերան իմ, խօսեցայց զառակս ի սկզբանէ (Սաղմ․ 77:2)։ Մարկոսն էլ վրա է բերում․ Եւ այնպիսի առակօք խօսէր ընդ նոսա զբանն, որպէս կարող լինէին լսել, եւ առանց առակի ոչինչ ծօսէր ընդ նօսա, բայց առանձինն աշակերտաց իւրոց մեկնէր զամենայն (Մարկ․ 4:33-34)։ Այդ խոսքերից հետեւում է, որ առակները միշտ ժողովրդին էին պատմվում, որ առակները ժողովրդին ծանոթ ու նրանց ըմբռնմանը մոտիկ օրինակներից էին վերցնում, որ ժողովրդի հետ առակներն ավելի հաճախ էին կիրառվում, ինչը որ նախորդ քարոզների մեջ էլ տեսանք, Որ Հիսուսի խոսքերի մեջ օրինակները, նմանությունները, այլաբանությունները գրեթե անընդհատ են եւ այս առումով բավարար է Լեռան քարոզի խոսքերը զննելը։ Վերջապես նկատենք ինչը որ ժողովրդին մութ է մնում, աշակերտներին առանձին բացատրում էր։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: