Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 13:36

Հովհաննես Ծործորեցի

Այն ժամանակ Յիսուս արձակելով ժողովրդին՝ տուն եկաւ. աշակերտները մօտեցան նրան ու ասացին. «Մեկնի՛ր մեզ համար արտի որոմների առակը»:

   

   Այդժամ Հիսուսը ժողովրդին թողեց և եկավ տուն:

   Աստված երկու բանով է նախախնամում աշխարհը. կա՛մ բարությամբ, կա՛մ բարկությամբ: Երբ մարդիկ սրանցով չեն զգաստանում, այնուհետև նրանց հանդեպ Իր խնամքը թողնում է, ինչպես հին Իսրայելի հանդեպ. «Թողեցի նրանց,-ասում է,- գնալու իրենց սրտի կամքի հետևից» (Սաղմ. 80։13): Այդ պես էլ Տերն առակով կամենում էր զգաստացնել նրանց, բայց նրանք չհարցրին [դրա վերաբերյալ], որպեսզի [պատասխանն իմանալով]՝ իմաստնանային, ուստի Իր վարդապետությունից դուրս թողեց նրանց և «եկավ տուն»: «Տուն» է Տիրոջ բազմածավալ գիտությունը, որն Ավետարաններում Նրա մասին ասվածներն են, թե ինչ արեց և ինչ գործեց: Նաև քանի որ ժողովրդից ոչ ոք չեկավ [Նրա] հետևից, պարզ է, որ դրանք օրենսգետներն ու փարիսեցիներն էին, ովքեր ոչ այլ բանի համար էին եկել, քան որ կարողանային որևէ խոսք կորզել Նրանից՝ [Նրա դեմ գործածելու համար], բայց երբ չկարողացան կորզել, քանի որ Նրա ասածը չհասկացան, թողեցին Նրան ու գնացին: Նա էլ թողեց նրանց ու եկավ տուն, որպեսզի սովորեցներ ուսման տենչ ունեցողներին, ինչպես և [հաջորդիվ] պատմում է [ավետարանիչը]: Կամ էլ [Տերը Ե րուսաղեմի] տաճարն է «տուն» կոչում:

   Նրա աշակերտները մոտեցան Նրան և ասացին. «Բացատրի՛ր մեզ ագարակի որոմների առակը»:

   Ամենուր սովորել էին կամենում, բայց չէին համարձակվում հարցնել. այստեղ համարձակություն ինչի՞ց ստացան: Ինձ թվում է՝ նրանից, որ [Տերն] ասաց. «Ձե՛զ է տրված արքայության խորհուրդներն իմանալ, իսկ նրանց չի տրված» (Մատթ. 13։11). այդ պատճառով էլ հարցրին: Բայց [դա արեցին] առանձին, երբ տուն եկավ, և ոչ թե այն բազմության առաջ, որպեսզի ոչ ոքի նախանձը չշարժեին, բայց Տիրոջ օրենքը պահեին:

   Սակայն հարկ է քննել, թե ինչո՞ւ մանանեխի ու խմորի առակները թողած՝ որոմների [առակի] մասին հարցրին: Կամ [դրանց մասին ևս] հարցրել են, բայց գրի չի առնվել, կամ էլ դրանք թողեցին իբրև [առավել] հասկանալի բաներ և հարցրին սրա մասին՝ իբրև ավելի [դժվարըմբռնելի] իմաստներ ունեցողի: Ուստիև չսաստեց [Տերը], այլ պատմածը երկրորդեց՝ ամաչեցնելով նրանց, ովքեր հարց չտվին, քանի որ կամովի՛ն չցանկացան:
   

Ստեփանոս Սյունեցի

Այն ժամանակ Յիսուս արձակելով ժողովրդին՝ տուն եկաւ. աշակերտները մօտեցան նրան ու ասացին. «Մեկնի՛ր մեզ համար արտի որոմների առակը»:
   
   «Այն ժամանակ թողելով ամբոխին՝ տուն եկավ»:

   Հիսուսի տունը բազմացած գիտությունն է, որը Նրա մասին ասված է ավետարաններում, թե ինչ խոսեց և ինչ գործեց:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

36-43. Այն ժամանակ Յիսուս արձակելով ժողովրդին՝ տուն եկաւ. աշակերտները մօտեցան նրան ու ասացին. «Մեկնի՛ր մեզ համար արտի որոմների առակը»: Նա պատասխանեց եւ ասաց. «Այն, որ սերմանում է բարի սերմը, մարդու Որդին է, իսկ արտը այս աշխարհն է. բարի սերմը նրանք են, որ արքայութեան որդիներն են, իսկ որոմը չարի որդիներն են. եւ թշնամին, որ այն ցանեց, սատանան է. իսկ հունձը այս աշխարհի վախճանն է, եւ հնձողները հրեշտակներ են: Ինչպէս որոմը հաւաքւում է եւ կրակի մէջ այրւում, այնպէս կը լինի այս աշխարհի վախճանին: Մարդու Որդին կ՚ուղարկի իր հրեշտակներին, եւ նրանք կը հաւաքեն նրա արքայութիւնից բոլոր գայթակղութիւնները եւ նրանց, որոնք անօրինութիւն են գործում: Եւ կը գցեն նրանց բոցավառ հնոցի մէջ. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում: Այն ժամանակ արդարները երկնքի արքայութեան մէջ կը ծագեն ինչպէս արեգակը: Ով լսելու ականջ ունի, թող լսի»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 13:24