Հովհաննես Ծործորեցի
2-4. Իսկ նա պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Չար եւ շնացող մի սերունդ նշան է ուզում, եւ սակայն նրան նշան չպիտի տրուի, բացի Յովնան մարգարէի նշանից»:
Եւ նրանց թողեց ու գնաց: Նա պատասխանեց նրանց՝ ասելով. «Չար և շնացող ազգը նշան է խնդրում, բայց նրան նշան չի տրվի, բացի Հովնան մարգարեի նշանից»: Եվ թողեց նրանց ու գնաց:
[Տերն ասում է]. «Երկնքից եք նշան խնդրում, բայց Ես երկրից եմ այն տալիս», ինչպես որ ասում էր. «Կեղծավորնե՛ր, երկնքի ու երկրի երեսը գիտեք քննել, իսկ այս ժամանակն ինչո՞ւ չեք քննում» (Ղուկաս. 13։56), որովհետև ինչպես որ երկնքում ձմեռն այլ նշան ունի, տապը՝ այլ, և ձմեռվա նշանը տեսնողներից ոչ ոք տապ չի սպասում, ոչ էլ տապին [սպասում է] ձմռան, այդպես էլ Իմ առնչությամբ պիտի հասկանաք, որ այլ է այժմյան գալստյանս ժամանակը, և այլ՝ ապագայինը: Այժմ երկրավոր նշաններ են պետք, քանի որ երկրում եմ, իսկ երկնքինն այլ ժամանակվա համար է պահված: Այժմ իբրև բժիշկ եմ եկել, իսկ հետո իբրև դատավոր [կգամ]: Այժմ՝ լռելյայն, իսկ այնժամ՝ աշխարհատեսիլ հայտ-նությամբ, քանի որ երկինքը գալարելու եմ, արևը խավարեցնելու, լուսնին ծագել թույլ չեմ տալու, և ապա երկնքի զորությունները շարժվելու են, և փայլակն է հանկարծակի երևալու [Իմ] գալստյան ժամանակ 831: Բայց այժմ դեռ ժամանակը չէ այս նշանների, որովհետև եկել եմ մեռնելու և երկրի սիրտը մտնելու, ինչպես Հովնան մարգարեն 832:
«Եվ թողեց նրանց,- ասում է [ավետարանիչը],- և գնաց»: Տե՛ս նրանց բնավորության խորամանկությունը, որ ոչինչ չհարցրին, թեպետև [Հովնան] մարգարեին լավ գիտեին: Հարկ էր հարցնել, թե ինչ էր նշանակում այդ խոսքը, որ [Հիսուսն] ասաց: Բայց, ինչպես որ վերևում ասացի, ոչ թե սովորելու ցանկությամբ էին [նշան] խնդրում, այլ փորձելու համար: Ուստիև Նա թողեց նրանց ու գնաց. ինչպես փեսան, որ տեսնում է հարսին շնացած, այդպես Նա, [տեսնելով] հավատարիմ քաղաք Սիոնին պոռնիկ դարձած, [նրան] Իր խնամքից հեռացրեց:
Մաղաքիա արք. Օրմանյան
Իսկ նա պատասխան տուեց եւ ասաց նրանց.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 16:1
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: