Սուրբ Հովհան Ոսկեբերան
Նա քարոզում էր եւ ասում. «Իմ յետեւից կը գայ ինձնից աւելի հզօրը, որի առաջ արժանի չեմ խոնարհուելու՝ նրա կօշիկների կապերն արձակելու համար:
Բացահայտելով սեփական մկրտության ոչ մեծ կարևորությունը և ցույց տալով, որ դրանում այլ բան չկա, քան մարդկանց ապաշխարության բերելը (քանի որ, նա ասել էր, որ սա ոչ թե «թողություն» է տալիս, այլ «ապաշխարության» է կանչում), Հովհաննեսը Հիսուսի մկրտությունը անճառելի շնորհներով լցված է ներկայացնում մեզ: «Լսելով, որ Նա գալիս է իմ հետևից,– կարծես Հովհաննեսը դիմում է մեզ,– ուշ երևացողի նման մի՛ անտեսիր Նրան, այլ իմացի՛ր Նրա շնորհի զորության մասին: Այդ ժամանակ դու կհասկանաս, որ ես ոչ մի արժանի կամ մեծ բան չեմ ասել, երբ ինքս ինձ նրա կոշիկների կապերը կապելուն անարժան եմ հայտարարել: Եվ մի՛ կարծիր, որ «Նա ինձանից հզոր է» բառերը (տե՛ս Ղուկ. 3:16, Հով. 1:27, 3:28–30) ես ասել եմ համեմատության իմաստով: Քանի որ ես արժանի չեմ Նրա ծառաների շարքում լինելու, անգամ վերջին ծառան համարվելու, և ինձ վրա վերցնելու ծառայության նույնիսկ մի փոքրիկ մասը»: Հետևաբար, Հովհաննեսը խոսում է ոչ թե ուղղակի «կոշիկների», այլ «կոշիկների կապերի» մասին, այսինքն՝ այն բանի մասին, ինչն ամենից վերջինն ու նվաստն է թվում:
Մաղաքիա արք. Օրմանյան
7-8. Նա քարոզում էր եւ ասում. «Իմ յետեւից կը գայ ինձնից աւելի հզօրը, որի առաջ արժանի չեմ խոնարհուելու՝ նրա կօշիկների կապերն արձակելու համար: Ես ձեզ մկրտեցի ջրով, իսկ նա ձեզ կը մկրտի Սուրբ Հոգով»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 3:11
Սուրբ Ամբրոսիոս Մեդիոլանացի
Նա քարոզում էր եւ ասում. «Իմ յետեւից կը գայ ինձնից աւելի հզօրը, որի առաջ արժանի չեմ խոնարհուելու՝ նրա կօշիկների կապերն արձակելու համար:
Առանց ողորմության ապաշխարություն գոյություն չունի, և ոչ էլ ողորմություն՝ առանց ապաշխարության, այնուամենայնիվ, նախքան ապաշխարությունը մեղքը պետք է դատապարտվի, որպեսզի ողորմությունը կարողանա ոչնչացնել այն: Այսպիսով՝ օրենքի ներկայացուցիչ Հովհաննեսը մկրտում էր ապաշխարության, իսկ Քրիստոսը՝ ողորմության համար:
Սուրբ Կյուրեղ Երուսաղեմացի
Նա քարոզում էր եւ ասում. «Իմ յետեւից կը գայ ինձնից աւելի հզօրը, որի առաջ արժանի չեմ խոնարհուելու՝ նրա կօշիկների կապերն արձակելու համար:
Թեզբայեցի Եղիան տարվել է երկինք (Դ Թագ. 2:11), բայց նույնիսկ նա Հովհաննեսից մեծ չէ: Ենովքը ևս տարվել է (Ծննդ. 5:24), բայց նա էլ մեծ չէ, քան Հովհաննեսը: Մովսեսն ամենամեծ օրենսդիրն էր, նաև բոլոր մյուս մարգարեներն էին համբարձման արժանի, բայց նրանք էլ Հովհաննեսից մեծ չեն: Ես չէի համարձակվի մարգարեներին միմյանց հետ համեմատել, եթե Տեր Հիսուսը՝ մեր և նրանց Տերն ու Աստվածը, անձամբ չհայտարարեր. «Կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի ելել» (Մատթ. 11:11): Սակայն Հովհաննեսը մեծն էր ոչ թե կույսերից ծնվածների, այլ կանանցից ծնվածների մեջ:
Օգոստինոս Երանելի
Նա քարոզում էր եւ ասում. «Իմ յետեւից կը գայ ինձնից աւելի հզօրը, որի առաջ արժանի չեմ խոնարհուելու՝ նրա կօշիկների կապերն արձակելու համար:
Բոլոր՝ Փրկչի գալուստը կանխատեսող մարգարեներից Քրիստոսին ամենամոտ կանգնած ավետաբերը Հովհաննեսն էր: Հին ժամանակների բոլոր արդարներն ու մարգարեները ցանկանում էին տեսնել այն բանի կատարումը, ինչը նրանք, ըստ Հոգու հայտնության, համարում էին, որ պետք է տեղի ունենա ապագայում: Ահա՛, Տերն Ինքն է ասում. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ շատ մարգարեներ ու արդարներ ցանկացան տեսնել, ինչ դուք տեսնում եք, բայց չտեսան, և լսել, ինչ դուք լսում եք, բայց չլսեցին» (Մատթ. 13:17): Հետևաբար, Հովհաննեսը, ինչպես ասվեց, ավելին էր, քան մարգարեն: Կանանցից ծնվածների մեջ ավելի մեծը չի եղել (Մատթ. 11:9, Ղուկ. 7:28), քանի որ նախկին արդարները պատիվ էին ունեցել միայն կանխատեսելու Քրիստոսի մասին, իսկ նրան բաժին էր ընկել ոչ միայն Նրա բացակայության ժամանակ կանխատեսել Նրա մասին, այլ նաև Նրան արդեն եկած տեսնել: Ահա թե ինչու նրան հասանելի դարձավ այն, ինչին նախկին մարգարեները միայն ձգտում էին:
Սուրբ Գրիգոր Սքանչելագործ
7-8․ Նա քարոզում էր եւ ասում. «Իմ յետեւից կը գայ ինձնից աւելի հզօրը, որի առաջ արժանի չեմ խոնարհուելու՝ նրա կօշիկների կապերն արձակելու համար: Ես ձեզ մկրտեցի ջրով, իսկ նա ձեզ կը մկրտի Սուրբ Հոգով»:
Թեև մի փոքր վախեցած, բայց միևնույն ժամանակ մեծ ուրախությամբ աջ ձեռքը մեկնելով՝ Հովհաննեսը մկրտեց Տիրոջը: Այստեղ ներկա հեռու և մոտիկ կանգնած հրեաները սկսեցին մտածել և իրենք իրենց ու մեկմեկու ասել. «Ո՛չ, մենք անտեղի չէինք ենթադրում, որ Հովհաննեսը Հիսուսից ավելի կարևոր մեկն է, և անտեղի չէինք հավատում, որ առաջինը բարձր է երկրորդից: Քանի որ Հովհաննեսը մկրտում է որպես ավելի մեծ մեկը, իսկ Հիսուսը մկրտվում է որպես ավելի փոքր մեկը»: Քանի որ նախախնամության գաղտնիքներին անտեղյակները սկսեցին նման բաներ խոսել, ուստի Միակ Տերը և Միածնին բնութենակից Հայրը, Ով միայն Ինքը ճշմարտապես գիտի Նրան, Ում Ինքը ծնել է՝ նրանց սխալ դատողությունները շտկելու համար, բացեց երկնքի դարպասները և Սուրբ Հոգին աղավնակերպ իջեցրեց Հիսուսի գլխին: Նրա միջոցով մատնացույց անելով նոր Նոյին, Նոյի Արարչին և խորտակվող բնության բարի Օգնականին՝ Ինքն անձամբ բացականչեց երկնքից՝ ասելով. «Սա է Իմ սիրելի Որդին» (Մատթ. 3:17, 17:5, Մարկ. 9:7, Ղուկ. 9:35), ոչ թե Հովհաննեսը, այլ Հիսուսը. ոչ թե մկրտողը, այլ Մկրտվողը. ոչ թե Զաքարիայից, այլ ժամանակի սկզբից առաջ Ինձանից ծնվածը. ոչ թե, հակառակ սպասումների, Եղիսաբեթից, այլ մարմնով Մարիամից ծնվածը. ոչ թե խախտված անպտղության սերունդը, այլ անխախտ կուսության պտուղը. ոչ թե անապատում կերակրվողը, այլ ձեզ հետ ապրողը: «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճությունը». Նույն և ոչ թե այլ բնություն ունեցող Որդին: Քանզի Նա Ինձ բնութենակից է անտեսանելի բաներում: Իսկ ձեզ բնութենակից է տեսանելի բաներում, այսինքն՝ ամեն ինչում, բացառությամբ մեղքի:
Ա. Լոպուխին
7-8․ Նա քարոզում էր եւ ասում. «Իմ յետեւից կը գայ ինձնից աւելի հզօրը, որի առաջ արժանի չեմ խոնարհուելու՝ նրա կօշիկների կապերն արձակելու համար: Ես ձեզ մկրտեցի ջրով, իսկ նա ձեզ կը մկրտի Սուրբ Հոգով»: (Սինոդական թարգ․)[7]
Ավետարանն այժմ ավելի ճշգրիտ ու լիարժեք կերպով է հաղորդում Մկրտչի քարոզչության բովանդակությունը: Սա քարոզ է Մեսիայի մասին (Մատթ. 3:11): Հովհաննեսն իրեն նույնիսկ Մեսիայի ծառայի գործը կատարելու, այսինքն՝ կռանալու և կոշիկի քուղերը կապելու համար է անարժան համարում: Այստեղ Մարկոսն ավելի մոտ է Ղուկասին (3:16), քան Մատթեոսին:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Նա քարոզում էր եւ ասում. «Իմ յետեւից կը գայ ինձնից աւելի հզօրը, որի առաջ արժանի չեմ խոնարհուելու՝ նրա կօշիկների կապերն արձակելու համար:
(Արարատ թարգ․) Եվ քարոզելով ասում էր. «Իմ հետևից գալիս է ինձանից ավելի զորավորը, որին ես արժանի չեմ խոնարհվելու և կոշիկների կապերն արձակելու։
(Գրաբար) Րոզէ՛րարոզէ՛ր եւ ասէր. Յայ զաւրագոյնն քան զիս զկնի իմ, որում չե՛մ բաւական խոնարհել ՝ լուծանե՛լ զխրացս կաւշկաց նորա,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: