Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
12-13․ «Սակայն Ես ձեզ ասում եմ, որ Եղիան արդեն եկել է, բայց նրան չճանաչեցին, այլ նրա հետ վարվեցին, ինչպես կամեցան։ Այդպես էլ Մարդու Որդին է նրանց կողմից չարչարվելու»։ «Այդ ժամանակ աշակերտները հասկացան, որ Նա Հովհաննես Մկրտչի մասին էր ասում իրենց»։
Թեև այս մասին ո՛չ դպիրները, ո՛չ էլ Սրբազան Գրությունները չէին ասել, բայց քանի որ առաքյալներն արդեն ավելի խորաթափանց և ուշադիր էին դարձել աստվածային խոսքերի հանդեպ, ուստի արագ հասկացան ասվածը։ Այդուհանդերձ, աշակերտները որտեղի՞ց իմացան այս մասին։ Ավելի վաղ նրանց ասվել էր. «Հովհաննե՛սն է Եղիան, որ գալու է» (Մատթ. 11:14), իսկ այստեղ ասվում է, թե նա արդեն իսկ եկել է։ Ահավասիկ նաև. «նախ Եղիան կգա և ամեն ինչ կվերահաստատի» (Մատթ. 17:11)։ Բայց դու մի՛ խռովվիր և սխալ մի՛ համարիր այն, որ մի տեղում ասվում է՝ «պիտի գա», իսկ մյուսում. «եկել է»։ Այս ամենը ճշմարիտ է։ Երբ Քրիստոս ասում է՝ «նախ Եղիան կգա և ամեն ինչ կվերահաստատի», Նա նկատի ունի հենց Եղիային և հրեաների ապագա դարձը։ Իսկ երբ ասում է. «Հովհաննե՛սն է Եղիան, որ գալու է», այդժամ, ծառայության նմանությունը նկատի ունենալով, Հովհաննեսին «Եղիա» է կոչում։ Նմանապես, մարգարեները նույնպես յուրաքանչյուր բարեպաշտ թագավորի «Դավիթ էին կոչում, իսկ հրեաներին՝ Սոդոմի իշխաններ ու եթովպացիների որդիներ, և այդ անվանումները տալիս էին հենց նրանց կենսակերպի նմանությունը նկատի ունենալով։ Ինչպես որ Եղիան լինելու է երկրորդ գալստյան նախակարապետը, այդպես էլ Հովհաննեսը եղավ առաջին գալուստը կարապետողը։
Բայց ոչ միայն նշված պատճառով է Քրիստոս ամենուր Հովհաննեսին «Եղիա» անվանում, այլև ա՛յն նպատակով, որպեսզի ցույց տա, թե Ինքը լիովին համաձայնում է Հին Կտակարանի խոսքերին առ այն, որ այս գալուստը կատարվել է մարգարեության համաձայն։ Դրա համար էլ Հիսուս ավելացնում է. «Արդեն եկել է, բայց նրան չճանաչեցին, այլ նրա հետ վարվեցին, ինչպես կամեցան»։ Իսկ ի՞նչ է նշանակում այդ «ինչպես կամեցան»-ը։ Բանտ նետեցին, ծաղրեցին, սպանեցին, նրա գլուխը մատուցեցին սկուտեղի վրա։ «Այդպես էլ Մարդու Որդին է նրանց կողմից չարչարվելու»։ Տեսնո՞ւմ ես, թե որքան ճիշտ ժամանակին է Քրիստոս կրկին հիշեցնում նրանց Իր տառապանքի մասին։ Նա առաքյալներին արդեն իսկ մխիթարել էր Հովհաննեսի տառապանքներով, և ոչ միայն սրանով, այլև ա՛յն իրողությամբ, որ շուտով սկսել էր մեծամեծ հրաշքներ գործել։ Երբ Նա խոսում է տառապանքների մասին, անմիջապես հրաշքներ է գործում։ Եվ, ինչպես կարելի է նկատել, Հիսուս թե՛ մինչև այս խոսքերը, և թե՛ դրանցից հետո ու, ընդհանրապես, բոլոր դեպքերում այդպես էր վարվում։ Այն ժամանակ «սկսեց հստակորեն հայտնել աշակերտներին, թե պետք է, որ Ինքը Երուսաղեմ գնա, բազում չարչարանքներ կրի․․․և սպանվի» (Մատթ. 16:21)։ Ո՞ր ժամանակի մասին էր խոսքը։ Ա՛յն ժամանակ, երբ աշակերտները դավանում էին, թե Ինքն է Քրիստոս և Աստծու Որդին։ Եվ կրկին, Հիսուս լեռան վրա նրանց հիշեցնում էր Իր տառապանքների մասին, երբ ցույց տվեց նրանց սքանչելի տեսիլքը, և երբ Իր փառքի մասին խոսում էին մարգարեները։
Հովհաննեսի պատմությունն ավարտելով՝ Քրիստոս ավելացնում է. «Այդպես էլ Մարդու Որդին է նրանց կողմից չարչարվելու», և փոքր-ինչ անց, երբ հանում է այն դևին, որին աշակերտները չէին կարողացել հանել, «մինչ նրանք Գալիլիայում դեռ շրջում էին, - պատմում է ավետարանիչը, - Հիսուս Իր աշակերտներին ասաց. «Մարդու Որդին մատնվելու է մարդկանց ձեռքը, ու Նրան պիտի սպանեն, և Նա երրորդ օրը Հարություն պիտի առնի» (Մատթ. 17:22-23)։ Քրիստոս այսպես էր վարվում, որպեսզի հրաշքների մեծությամբ նվազեցներ տրտմության ավելցուկը, և ինչ-որ կերպ մխիթարեր Իր աշակերտներին։ Այդպես էլ այստեղ, Հովհաննեսի մահը հիշեցնելով, մեծ մխիթարություն է պատճառում նրանց։ Իսկ եթե մեկն հարցնի. ինչո՞ւ Աստված այժմ էլ մի Եղիա չի ուղարկում, քանի որ այնքա՜ն բարերարություններ վկայում են Նրա գալստյան մասին՝ պատասխանում ենք. որովհետև այժմ էլ Քրիստոսին Եղիա ընդունողները չեն հավատում Նրան, և հստակ ասված է՝ «ոմանք Քեզ Եղիա են համարում, ուրիշները՝ Երեմիա» (Մատթ.16:14)։
Սակայն Հովհաննեսի և Եղիայի միջև՝ բացի ժամանակից, որևէ ուրիշ տարբերություն չկար։ Ինչպե՞ս ուրեմն, կհարցնես դու, այն ժամանակ պիտի հավատան։ Նա ամեն ինչ կվերահաստատի ո՛չ միայն Իր անվան փառքով, այլև նրանով, որ մինչ այդ ժամանակը վրա հասնի, Քրիստոսի փառքը շատ ավելի կտարածվի և բոլորի համար էլ արեգակից ավելի պայծառ կլինի։ Ահա թե ինչու, երբ Եղիան գա գալիք ժամանակում, որում Հիսուսի մասին վսեմ տեսակետներն ու սպասումները տարածված կլինեն, և սկսի քարոզել Հիսուսին, այդժամ նրա ավետիսը հօժարությամբ կընդունեն։ Երբ Քրիստոս ասում է՝ «չճանաչեցին նրան», ապա սրանով, ըստ երևույթին, և՛ արդարացնում է Իր թշնամիներին, և՛ մխիթարում է Իր աշակերտներին։ Բացի այդ, Հիսուս աշակերտներին մխիթարում է նաև նրանով, որ մատնանշում է Իր անմեղ տառապանքը, և նրանց վշտերը փարատում է երկու նշաններով՝ լեռան վրա եղած Պայծառակերպությամբ և ապագայում լինելիք իրադարձություններով։ Սա լսելով՝ աշակերտները Հիսուսին չեն հարցնում, թե երբ կգա Եղիան՝ կա՛մ որովհետև ճնշված էին Փրկչի գալիք տառապանքի հարուցած վշտից, կա՛մ որովհետև վախենում էին։ Հաճախ պատահում էր, որ հենց աշակերտները նկատում էին, թե Հիսուս ինչ-որ բանի մասին հստակ չէր ցանկանում խոսել, դադարում էին հետաքրքրվել։ Երբ, Գալիլեայում գտնվելով, Քրիստոս ասաց. «Մարդու Որդին կմատնվի մարդկանց ձեռքը, և կսպանեն Նրան», այդժամ առաքյալները, - ինչպես ավելացնում է ավետարանիչը, - «շատ տխրեցին», ինչը երկու ավետարանիչներ բացատրում են այսպես. Մարկոսը պատճառաբանում է, որ «նրանք չէին հասկանում այդ խոսքը և վախենում էին Նրան հարցնել» (Մարկ. 9:31), իսկ Ղուկասը, թե՝ «դա ծածկված էր նրանցից, որ չիմանան. և վախենում էին այդ խոսքի մասին հարց տալ Նրան» (Ղուկ. 9:45)։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
բայց ձեզ ասում եմ, որ Եղիան արդէն իսկ եկել է. բայց նրան չճանաչեցին, այլ, ինչ որ կամեցան, արեցին նրան. նոյնպէս եւ մարդու Որդին նրանց ձեռքով չարչարուելու է»:
Բայց ասում եմ ձեզ, որ Եղիան արդեն եկել է:
Ի՞նչ է սա. ասաց՝ կգա, այժմ էլ թե՝ «արդեն եկել է»: Հակասություն չկա այստեղ. «կգա»-ն մարգարեի [խոսքն] էր, որ [Հիսուսն] ասաց, իսկ «եկել է»-ն՝ Իրենը: Ուզում է ասել. «Ըստ Իմ գալստյան կարգի է և մարգարեների գալուստը: Եթե առաջին գալստյանս սպասավորին ես փնտրում, նա արդեն եկել է, դա Հովհաննես [Մկրտիչն] է. իսկ եթե երկրորդինը՝ երբ [Իմ] այդ գալուստը մոտենա, նաև [Եղիա] Թեզբացին կգա»:
Բայց ինչո՞ւ [Հիսուսը] Հովհաննեսին Եղիա կոչեց՝ [ասելով], որ նա արդեն եկել է: Նախ՝ որովհետև [Հովհաննեսը], անապատում բնակվելով և մաշկյակով բավարարվելով, նույն կյանքն էր վարում, ինչ Եղիան: Երկրորդ՝ սպասավորության նույն գործն էր կատարում, որովհետև ինչպես որ նա երկրորդ [գալստյան] կարապետն է լինելու, այդպես սա առաջինինը եղավ և [Եղիայի] պես համարձակ էր: Այդ պատճառով էլ [Հիսուսը Հովհաննեսին] Եղիա կոչեց՝ ցույց տալով նրա՝ Եղիային նման լինելը՝ ըստ հրեշտակի, [ով Հովհաննեսի մասին ասաց]. «Կգա Եղիայի զորությամբ ու հոգով» (Ղուկ. 1։17), այսինքն՝ ոչ թե Եղիայի բնությամբ, այլ զորությամբ՝ նրա շնորհի ընդունմամբ: Ահա այս պատճառով [Հիսուսն] ասաց. «Եղիան արդեն եկել է»: Կամ էլ՝ սա ասաց, որովհետև մոտ է երկրորդ գալուստը, որից [առաջ] գալու է Եղիան:
Եվ չճանաչեցին նրան, այլ վարվեցին նրա հետ, ինչպես կամեցան:
Եթե չեն ճանաչել, ուրեմն մեղադրելի էլ չեն: Սակայն, թեպետ չճանաչեցին, որ [Հովհաննեսը] Եղիան է և նրան հավասար սպասավոր՝ Փրկչի առաջին գալստյան համար, գիտեին, որ խոստման ծնունդ է, հենց [մոր] որովայնից լցված է Հոգով, մեծացել է անապատում և բոլորովին հրաժարվել այս կյանքի հաճույքներից, ինչի համար էլ պետք էր պատվել [նրան], իսկ նրանք ոչ միայն չպատվեցին, այլև վարվեցին նրա հետ, ինչպես կամեցան, ինչպես ասում է [Հիսուսը]: Այդ պատճառով էլ աններելի են: Իսկ ինչպե՞ս վարվեցին նրա հետ. բանտ գցեցին, անարգեցին, սպանեցին, գլուխը սկուտեղի վրա բերեցին սեղան նստածների առաջ, քանի որ սա՛ էին կամենում՝ վերացնե՛լ [իրենց] հանդիմանողին, ինչ-պես Աքաաբն ու Հեզաբելը՝ Եղիային, ում «խանգարիչ» էին կոչում (Գ Թագ. 18։17):
Այդպես նաև Մարդու Որդին է չարչարվելու նրանցից»:
Երբ խոսեց Հովհաննեսի [չարչարանքների մասին], դրանց հարեց և Իրենը, որպեսզի ցույց տար, որ, ինչպես Հովհաննեսը, Ինքն էլ էր անարդարացիորեն չարչարվելու հրեաների կողմից: [Սա ասաց], որպեսզի [աշակերտները] մխիթարվեին: Միևնույն ժամանակ ցույց տվեց [Իր չարչարանքների] կամավոր լինելը, քանի որ չասաց. «Ինչպես այդպես կվարվեն և Ինձ հետ», այլ [միայն]՝ որ չարչարվելու է նրանցից: Նաև սովորեցրեց [աշակերտներին] չվհատվել, երբ վշտեր պատահեն, որովհետև, [ասում է], եթե Հովհաննեսը սպանվեց, և Հովհաննեսի Տերը չարչարվելու է նրանցից, ապա մեծ բան չի լինի, եթե մեզ հավասար տանջվեք:
[Այս խոսքով] նաև ցույց է տալիս [հրեա] ազգի խակամտությունն ու խստասրտությունը. որովհետև այնքան ժպիրհ էին, որ արդարներին բազմաթիվ [միջոցներով] հանիրավի մահվան էին դատապարտում՝ ըստ մարգարեի (Սաղմ. 93։21):
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
բայց ձեզ ասում եմ, որ Եղիան արդէն իսկ եկել է. բայց նրան չճանաչեցին, այլ, ինչ որ կամեցան, արեցին նրան. նոյնպէս եւ մարդու Որդին նրանց ձեռքով չարչարուելու է»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 17:9
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: