Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Բայց այս [դիվային] սերունդն այլ կերպ դուրս չի գալիս, եթե ոչ աղոթքով ու ծոմով»։
«Բայց այս [դիվային] սերունդն այլ կերպ դուրս չի գալիս, եթե ոչ աղոթքով ու ծոմով» (Մատթ. 17:21), - ավելացնում է Հիսուս։ Այստեղ Նա նկատի ունի ընդհանրապես դևերին, և ոչ միայն լուսնահարներին։ Տեսնո՞ւմ ես, թե ինչպես է Քրիստոս արդեն իսկ նաև առաքյալներին ուսուցանում պահեցողության մասին։ Ինձ մի՛ ասա այն հազվադեպ դեպքերի մասին, երբ ոմանք առանց պահեցողության էլ դևեր էին հանում։ Թեև ոմանց մասին իսկապես ասվում է, թե նրանք առանց պահքի դևեր էին հանում, սակայն չի կարող այնպես պատահել, որ վայելքների մեջ ապրող մարդն ազատվի այդպիսի հիվանդությունից. ո՛չ, այդպիսի հիվանդությամբ տառապողն ունի հատուկ պահեցողության կարիք։ Գուցե կասես՝ եթե հավատ է հարկավոր, ապա ինչո՞ւ ուրեմն այժմ էլ պահեցողության անհրաժեշտությունն է առաջ քաշվում։ Ա՛յն բանի համար, որ, բացի հավատից, պահեցողությունը նույնպես շատ մեծ զորություն է հաղորդում. այն մեծ իմաստություն է ուսուցանում, մարդուն ասես վերածում է հրեշտակի և ամրապնդում է ընդդեմ ոգեղեն ուժերի։ Սակայն պահքը դա չի անում միայն ինքն իրենով. դեռ հարկավոր է նաև աղոթք, և այն պիտի նախորդի պահեցողությանը։ Ու տե՛ս, թե ինչպիսի բարիքներ են բխում այս երկու առաքինություններից։ Ով աղոթում է ինչպես հարկն է և դրա հետ մեկտեղ պահք է պահում, քիչ բանի պահանջ է ունենում, իսկ ով քիչ բան է պահանջում, նա նաև արծաթասեր էլ չի լինի, և ով արծաթասեր չէ, նա սիրում է ողորմություն տալ։ Ով պահք է պահում, նա թեթևանում է ու ասես թևեր է առնում և արթուն ոգով է աղոթում, մարում է չար ցանկությունները, հաշտեցնում է Աստծուն իր հետ և խոնարհեցնում է իր հպարտ ոգին։ Դրա համար էլ առաքյալները գրեթե միշտ պահք էին պահում։ Ով պահքով է աղոթում, ունի երկու թևեր, որոնք քամուց էլ ավելի թեթևասահ են։ Այդպիսին չի քնում, շատ չի խոսում, չի հորանջում ու չի թուլանում աղոթքի ժամանակ, ինչպես դա շատերի հետ է պատահում, այլ այդպիսի մարդը կրակից էլ ավելի արագ է և ավելի բարձր՝ երկրից, դրա համար էլ այդպիսին հատկապես հանդես է գալիս որպես թշնամի ու մարտիկ՝ ընդդեմ դևերի, քանի որ ոչինչ ավելի զորավոր չէ, քան անկեղծորեն աղոթող մարդը։ Եթե այրի կինը կարողացավ ազդել դաժան իշխանավորի վրա, որը ո՛չ Աստծուց էր վախենում, ո՛չ մարդկանցից ամաչում, ապա առավել ևս կարող է ազդել Աստծու վրա նա՛, ով անդադար կանգնում է Տիրոջ առջև, զսպում է իր որովայնը և մերժում է վայելքները։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
21-22. Եւ մինչ նրանք Գալիլիայում դեռ շրջում էին, Յիսուս իր աշակերտներին ասաց. «Մարդու Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը,ու նրան պիտի սպանեն, եւ նա երրորդ օրը յարութիւն պիտի առնի»: Եւ նրանք շատ տխրեցին:
Մինչ նրանք շրջում էին Գալիլեայում, Հիսուսն ասաց նրանց. «Մարդու Որդին մարդկանց ձեռքն է մատնվելու , սպանելու են Նրան, և երրորդ օրը հարություն է առնելու»: Եվ տրտմեցին հույժ:
Ինչո՞ւ է շարունակ Իր չարչարանքների մասին խոսում: Կամ՝ քանի որ Գալիլեայում էին շրջում, որպեսզի չասեին թե՝ «Տվայտում ենք այստեղ», [Երուսաղեմում Իր կրելիք չարչարանքների մասին] խոսեց, որպեսզի սա լսելով՝ բնավ չկամենային Երուսաղեմը տեսնել անգամ, կամ էլ նախ չարչարանքների մասին խոսեց, ապա հրաշքներ գործեց, այժմ կրկնում է [խոսքերը], որպեսզի մխիթարվեն՝ [հասկանալով], որ կամովին է գնում չարչարվելու և ոչ թե հարկադրաբար: Ուստի միայն չարչարանքների մասին չի [խոսում], այլև առընթեր դնում է Իր մահվան կերպը և հարությունը, որը [մահվանից] երեք օր հետո էր լինելու: Բայց նրանք չէին կարողանում դիմանալ [սրանք] լսելուն կամ տեսնելուն, ուստի ոչ թե մի փո՛քր տրտմեցին, այլ «հո՛ւյժ», որովհետև շատ էին կապված Ուսուցչի հետ և Նրա մահվան մասին լսում էին, իսկ դրանից լինելիք օգուտը չէին հասկանում:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
21-22․ Եւ մինչ նրանք Գալիլիայում դեռ շրջում էին, Յիսուս իր աշակերտներին ասաց. «Մարդու Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը, ու նրան պիտի սպանեն, եւ նա երրորդ օրը յարութիւն պիտի առնի»: Եւ նրանք շատ տխրեցին:
Թաբորի ստորոտում կատարված լուսնոտ դիվահարի բժշկությունը մեծ արձագանք գտավ ամենուր, հասավ անգամ Գալիլիա: Որոշ ժամանկ անց մեղմացել էր նաև սառնությունը: Հիսուս որոշեց նորից Իր քարոզչությունների ու հրաշագործությունների կենտրոն Կափառնայում գնալ, ուր մի քանի ամիս ոտք չէր դրել: Թաբորի կողմից մինչև Կափառնայում գնալու համար պետք էր անցներ Գալիլիայի միջով, սակայն հնարավորին չափ անաղմուկ ու անձանձրույթ, միշտ լավագույնը համարելով, որ գործն ինքն իրեն խոսի, այլ ոչ թե խոսքն ու ձայնը, որոնք երբեք օգտակար չեն, հաճախ նույնիսկ՝ վնասակար: Այդ մտադրությունը բացահայտորեն հիշատակում է Մարկոսը. «Ոչ կամէր եթէ ոք գիտասցէ»: Հետևաբար ուղիղ գծով ցամաքի ճանապարհը պիտի բռնած լինի, դեպի Մագդաղա և Գեննեսարեթ, որ է Կափառնայում տանող մեծ պողոտան:
Անշուշտ ճանապարհին ծավալված խոսակցությունները պետք է վերաբերվեին վերջին դեպքերին: Հիսուս հատուկ մտադրությամբ յուրայիններին սրտով ու մտքով նախապատրաստել էր Իր մոտալուտ մահվանը: Նախատեսելով, որ հանկարծ կարող էին շփոթվել, ուստի չարչանքների ու մահվան կանխագուշակությունն ավելացնում է երրորդ օրը հարություն առնելու ավետիսը: Աշակերտները լսում էին, տխրում Հիսուսին կորցնելու համար, իսկ հարություն առնելու վերաբերյալ հատուկ գաղափար կազմել չէին կարողանում: Անհարմար էին զգում Հիսուսից հարցնել այդ մասին, որովհետև հարության վերաբերյալ հետաքրքրությունը կարող էր մահվան նկատմամբ անտարբեր գտնվելու իմաստն ստանալ:
Մյուս կողմից, անդրադառնալով Հիսուսի մահվանը, սկսում են մտածել, թե ինչպիսի՞ն պիտի լինի իրենց վախճանը, կկարողանա՞ն շարունակել սկսած գործը: Անշուշտ, այդ վերջին գաղափարը պետք է տեղ գտած լիներ իրենց մտքում, որովհետև, գործը շարունակելու համար, զգում էին իրենցից մեկին ավագ կարգելու անհրաժեշտությունը: Այդ պատճառով միմյանց հետ ծանր վեճի են բռնվում՝ որոշելու համար, թե. «Ո՞ արդեօք մեծ իցէ ի նոցանէ» , քանի որ ամեն մեկն էլ հետամուտ էր մեծ կոչվելու: Այդ վիճաբանությունն ինքնըստինքյան հաստատում է, թե առաքյալների մեջ որևէ մեկը որպես մեծ չէր նշանակվել կամ ճանաչվել: Հետևաբար, Հերմոնի մոտակայքում Հիսուսի Պետրոսին ուղղած երանությունը, ո՛չ Հիսուսի մտադրությամբ և ո՛չ էլ առաքյալների հասկացողությամբ, Պետրոսին առավելություն կամ գլխավորություն տալու իմաստ չի ունեցել, ինչպես որ մենք ևս բացատրեցինք (Մատթ. 16:17-19):
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: