Հովհաննես Ծործորեցի
Երբ նրանք Կափառնայում եկան, երկդրամեան տուրքը պահանջողները մօտեցան Պետրոսին եւ ասացին. «Ձեր վարդապետը երկդրամեանը չի՞ տալիս»: Եւ Պետրոսն ասաց՝ այո՛:
 Երբ նրանք Կափառնաում եկան, երկդրամյան [տուրքը] պահանջողները մոտեցան Պետրոսին և ասացին. «Ձեր Ուսուցիչը երկդրամյանը չի՞ տալիս», և նա ասաց՝ այո՛:
 Երբ Աստված կոտորեց եգիպտացիների անդրանիկներին և պահպանեց իսրայելացիներինը 926, այդժամ ասաց. «Իմն է իսրայելացիների ամեն անդրանիկ 927» (Թվեր 3։13): Բայց հետո գթալով ծնողներին՝ [նրանց անդրանիկներին] փոխարինեց Ղևիի ցեղով 928, իսկ քանի որ ղևտացիներն ավելի սակավաթիվ էին, քան Իսրայելի անդրանիկները, իսրայելացիների բոլոր անդրանիկներին հրամայեց ղևտացիներին տալտարին մեկ սիկղ 929 արծաթ, որը երկու դրամ 930 է: Եվ քանի որ գիտեին, որ Քրիստոսն անդրանիկ է, եկան [երկդրամյանը] պահանջելու նաև Նրանից: Ո՛չ ուրիշ վայրում, այլ երբ Կափառնաում եկավ, որը կարծվում է, թե Նրա [բնակության] քաղաքն էր, որովհետև յուրաքանչյուր քաղաքում առանձին էին [տուրք] պահանջում, ինչպես աշխարհագրի ժամանակ էլ [ամեն մեկն իր քաղաքում էր հաշվառվում]: Բայց չեկան Քրիստոսի մոտ, որովհետև թեպետ [Նրա մասին] Նրան պատշաճող կարծիքը չունեին, սակայն ակնածում էին [Նրանից] Նրա՝ իբրև ուսուցչի պատվի և հրաշագործությունների պատճառով: Իսկ Պետրոսին մոտեցան իբրև առաքյալների գլխավորի և որովհետև նա ևս անդրանիկ էր: Ասացին. «Ձեր Ուսուցիչը երկդրամյանը չի՞ տալիս»: Մեղմությամբ և ոչ թե սաստով հարցրին, թե Նա երկդրամյանը չի՞ տալիս, և [Պետրոսը] պատասխանեց՝ այո՛: Այս ի՞նչ է անում Պետրոսը. ինչպե՞ս գիտեր, թե [Քրիստոսը] հարկը տալու էր, որ ասաց, թե տալու է, առանց անգամ Տիրոջը հայտնելու [այս մասին]: Ինձ թվում է՝ ամաչում էր այդպիսի փոքր բանի մասին ասել Նրան կամ էլ վիճել պահանջողների հետ և կամեցավ ինքը վճարել: Ուստի Հեզը, Ով ամեն ինչ գիտի, կանխեց [նրան] և ասաց [հետևյալը]:
Մաղաքիա արք. Օրմանյան
23-26․ Երբ նրանք Կափառնայում եկան, երկդրամեան տուրքը պահանջողները մօտեցան Պետրոսին եւ ասացին. «Ձեր վարդապետը երկդրամեանը չի՞ տալիս»: Եւ Պետրոսն ասաց՝ այո՛: Եւ երբ տուն մտան, Յիսուս կանխեց նրան ու ասաց. «Քեզ ինչպէ՞ս է թւում, Սիմո՛ն. ազգերի թագաւորները հարկերը կամ տուրքը ումի՞ց են առնում, իրենց որդիների՞ց, թէ՞ օտարներից»: Եւ երբ ասաց՝ օտարներից, Յիսուս նրան ասաց. «Ապա ուրեմն որդիներն ազատ են: Բայց որպէսզի նրանց չգայթակղեցնենք, գնա՛ ծով ու կարթ գցի՛ր, եւ առաջին ձուկը, որ դուրս կ՚ելնի, վերցրո՛ւ ու բա՛ց նրա բերանը եւ մի արծաթ դրամ կը գտնես. այն ա՛ռ եւ իմ ու քո տեղ նրանց կը տաս»:
Հիսուս հասավ Կափառնայում, մտավ քաղաք: Դեռ տուն չհասացծ՝ ճանապարհին Նրան տեսան երկրդրամյա հավաքողները: Վաղուց Հիսուս դուրս էր եկել քաղաքից և հավաքողները չէին կարողացել Իրեն տեսնել և գանձել տուրքը: Առիթը ձեռքից բաց չթողնելու համար, անմիջապես գնում են հետևից, սակայն ուղղակի Հիսուսին դիմելուց քաշվելով՝ Պետրոսին մի կողմ են տանում և հարցնում, թե՝ «Վարդապետը կարո՞ղ է երկդրամյանը վճարել»: «Ինչու չէ» - պատասխանում է Պետրոսը և առաջ անցնում՝ Հիսուսի հետ խոսելու համար և այդ պահին Հիսուս հասնում է Կափառնայումի Իր տունը և առաքյալների հետ ներս մտնում:
Ոմանք կարծում էին, թե երկրդրամյանը պետական տուրք էր, այլ ոչ թե տաճարի կրոնական տուրքը՝ հիմնվելով այն հանգամանքի վրա, թե կրոնական տուրքը կրոնական տարվա սկզբին, նիսան ամսվա մեջ էր հավաքվում, այսինքն գարնանամտին: Պետական տուրքը հավաքվում էր Թչրի ամսի քաղաքական տարեգլխին՝ աշնանամտին: Հիսուսից երկդրամյանի պահանջած ժամանակը ընկնում է հռոմեական 782 տարվա օգոստոսի մեջ: Սակայն պատմական հետազոտությունները հաստատում են, թե ոչ՛ Հռոմեական կայսրությունը և ոչ՛ Հերովդեսյան իշխանությունը ժողովրդի վրա երկդրամյանի գլխահարկ չէին հաստատել, որով ընդհանրացած է այն կարծիքը, թե Հիսուսից ուզած երկդրամյանը տաճարի ծախսերի համար Մովսիսական օրենքով հաստատված տուրքն է:
Երկդրամյանը երկու հին դահեկան կամ կես սատերի արժողությամբ արծաթ դրամ էր, բոլոր ազգերի կողմից ընդունված, մեկ ու կես ֆրանկ կամ յոթը ղուրուշ արժողությամբ: Ամեն մի հրեա, քսան տարեկանից բարձր, երկդրամյան պիտի վճարեր տաճարի ծախսերի համար, որն առաջին անգամ հաստատվեց Մովսեսի կողմից (Ելք. 30:13-14), և Հովասի ժամանակ եղած կարգադրությունից իմանում ենք, որ այդ վճարումը ամեն տարի պիտի կատարվեր՝ համաձայն Մովսեսի օրենքի (Բ Մնաց. 20: 5-6) և վերջապես հաստատվեց Եզրի և Նեեմիի ձեռքով, երբ կառուցվեց տաճարը Նեեմ. 10:32: Նախ զեղչով էր, ապա ամբողջությամդ վճարման օրենքը հաստատուն պահվեց մինչև տաճարի կործանումը, Քրիստոսի 70 թվականին, այսինքն՝ մինչև Հիսուսի հարությունից 40 տարի հետո:
Հիսուս, որ օրինական պարտականություններում միշտ ճշտապահ էր, անշուշտ, ամեն տարի երկդրամյանն էլ էր վճարել: Հետևաբար հավաքիչների «Վարդապետն ձեր ո՞չ տայ զերկդրամեանն» հարցը բնավ չվճարելու մեղադրանք չէ, այլ պարզապես հարցում, որպեսզի իմանային, թե պատրա՞ստ է վճարել արդյոք: Պահանջելու պատճառը Հիսուսի Կափառնայումից երկար ժամանակ բացակայելն էր, որովհետև Հիսուս, Կափառնայումում մշտական բնակություն հաստատած լինելով, անցել էր կափառնայումցիների շարքը և գրանցվել Կափառնայումի հավաքիչների տետրում: Անդրադառնանք պատմությանը:
Տուն մտնելուց հետո, դեռ Պետրոս ոչինչ չէր ասել, Հիսուս կանխում է նրան և հարցնում. «Իշխանազունները տուրք վճարո՞ւմ են թե ոչ» Պետրոսը պատասխանում է «Ուրիշներն են վճարում»: Հիսուս ավելացնում է «Ուրեմն իշխանազունները չեն վճարում»: Պետական տուրքի վճարման մասին Հիսուսի սկզբունքը հայտնի է. «Տո՛ւք զկայսերն կայսեր»: Այստեղ արված համեմատությունը վերաբերվում է Երկնային թագավորին ու Նրա զավակներին, ըստ որի Հիսուս որպես Երկնից Արքայության Աստվածորդի, իսկ աշակերտներն էլ յուրայիններ, Հին Օրենքի պահանջված տուրքից ազատված պիտի նկատվեն: Բայց որպեսզի գայթակղության առիթ չտա, ինչպես ուրիշ անգամներ, այս անգամ նույնպես համաձայնվում է վճարել երկդրամյանը և Պետրոսին հրամայում է գնալ և վճարել:
Հրաշալի է վճարման կերպը: Պետրոսին հրամայում է ձկնորսության համար ծով իջնել, ձկնորսության գնալ և կարթ նետել: Առաջին բռնած ձկան բերանը բացելուն պես այնտեղ պիտի մի անբողջ սատեր գտներ, որ է չորս դահեկան կամ երկու եկդրամյան: Հանձնարարում է դրամը վերցնել, գտնել հավաքիչներին և միասին վճարել թե՛ Հիսուսի, թե՛ իր՝ Պետրոսի, տուրքը: Այդ գործողությունը, բառացի իմաստով վերցնելիս, պարունակում է ո՛չ միայն սովորական հրաշքներից տարբերվող մի իրողություն, այլև այն, որ Հիսուս երբեք Իր անձի համար հրաշք չի գործել: Հրաշքով կերակրել է բազմությանը, բայց Ինքը հրաշքով չի ապրել: Այս տեսությամբ ոմանք մտածեցին փոխաբերական իմաստ տալ Հիսուսի խոսքերին, այսինքն՝ Պետրոս ծով պիտի իջնի, առաջին բռնած ձկները վաճառի և դրանց արժեքով վճարի տուրքերը: Սակայն կարթ նետելու և ձկան բերանում ամբողջ արծաթ սատեր գտնելու պարագաները շատ հստակ են և փոխաբերական իմաստից գերադասելի է բառացի իմաստը: Եվ անպատշաճ էլ չէ, որ մի անգամ էլ Հիսուս Իր համար է հրաշք գործել:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: