Հովհաննես Ծործորեցի
Պետրոսը պատասխան տուեց եւ ասաց Յիսուսին. «Տէ՛ր, լաւ է, որ մենք այստեղ ենք. եթէ կամենաս, երեք տաղաւարներ շինենք, մէկը՝ քեզ համար, մէկը՝ Մովսէսի, մէկն էլ՝ Եղիայի»:
Պետրոսն ասաց Հիսուսին. «Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ ենք:
Քանի որ [Պետրոսը] լսեց մարգարեներից, ովքեր [Հիսուսի]՝ Երուսաղեմում ունենալիք վախճանի մասին էին խոսում, մանավանդ հենց Տիրոջից, որ գնալու է այնտեղ և չարչարվելու, մտքում տակավին կասկածում էր, մտահոգվում ու վախենում Նրա համար, սակայն [Քրիստոսից] հանդիՄանվելուց 895 հետո չէր համարձակվում հակառակել, ուստի ուրիշ խոսքերով վախից գրեթե նույնն էր ակնարկում, երբ ասում էր. «Լավ է, որ մենք այստեղ ենք»: Նաև քանի որ գիտեր օրենսգետների ու փարիսեցիների նախանձի և հրեաների խուճապի մասին, իսկ այդտեղ անվտանգ էր այդ վայրի հեռավորության ու ապահովության պատճառով, կամենում էր, որ շարունակ այդտեղ լինեին: Եվ «եթե հանդգնեն,- մտածում էր,- հրեաները այդտեղ էլ իրենց հակառակությունը ցույց տալ, Մովսեսը մեզ հետ է և Եղիան՝ մոտ. մեկը Եգիպտոսում խստասիրտներին տանջեց, մյուսը կրակ իջեցրեց և հիսունին այրեց 896. կչարչարեն նաև սրանց»: Սա ոչ այնքան սեփական վախի պատճառով էր [մտածում], որքան Ուսուցչի հանդեպ սիրուց: Եվ որ սա այսպես է, երևում է [Հիսուսի] մահ վանը [նախընթաց] ժամանակից, երբ [Պետրոսն] ասաց. «Քեզ հետ պատրաստ եմ մեռնելու» (հմմտ. Ղուկ. 22։33), և այդքան մարդկանց մեջ իրեն մահվան վտանգեց, [քահանայապետի] ծառայի ականջը կտրեց 897, որովհետև ոչ այնքան իր անձի մասին էր մտածում, որքան իր Տիրոջ վրա դողում:
«Լավ է,- ասում է,- որ մենք այստեղ ենք»: Նաև հաճելի թվաց [Պետրոսին] Մովսեսի և Եղիայի հետ բնակվել, որովհետև դրախտի անմահության բույրը դիպավ նրա ռունգներին 898, և տեսնելով [Հիսուսի] փառքը Նրա անարգանքի փոխարեն՝ հույժ ուրախացած՝ ասաց ըղձագին. «Լավ է, որ մենք այստեղ ենք»:
Իսկ այլաբանորեն՝ հետևյալն է: Ոմանք ասացին, թե հարություն չկա, և երբ հանդիմանվեցին ճշմարիտը [դավանողներից], ովքեր բնական քննությամբ հաստատեցին, որ մարդու բնությունը փոփոխվող է, քանի որ անգոյությունից գոյության եկանք, ապա անձնիշխան կամքով դեպի չարը խոտորվեցինք, նույն կերպ էլ փոփոխմամբ դարձյալ դեպի բարին ենք բարձրանալու,- նրանց ասացին. «Եթե այդպես է, ապա այնտեղից դարձյա՛լ կգլորվենք չարի մեջ»: Այսպիսիներին այժմ այս առաքյալն ըմբերանում է՝ [ասելով]. «Լավ է, որ մենք այստեղ ենք», այսինքն՝ չարը փորձեցինք, իսկ այժմ փափագում ենք բարու մեջ աճել՝ դարձյալ չընկնելով չարի մեջ:
Եթե կամենում ես, երեք տաղավար պատրաստենք. մեկը՝ Քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի»:
Հիշելով նախկինում [պատահածը՝ Պետրոսը], որպեսզի ընդդիմանալով դարձյալ չհանդիմանվի [Հիսուսից], ասում է. «Եթե կամենում ես, երեք տաղավար պատրաստենք»: Ի՞նչ ես խոսում, ո՛վ Պետրոս. ոչ շատ առաջ չզատեցի՞ր Նրան ծառաներից. հիմա ինչպե՞ս ես նորից ծառաների հետ կարգում՝ [ասելով]. «Երեքիդ համար երեք տաղավար պատրաստենք և մենք երեքս սպասավորենք վեհերիդ»: Բայց քանի որ [առաքյալները] նախքան խաչելությունն անկատար էին, ուստի թեպետ Հայրը հայտնել էր [Պետրոսին Քրիստոսի աստվածության մասին], սակայն [Պետրոսը] միշտ իր հետ չուներ հայտնությունը, քանի որ վախի ու տագնապի մեջ էր. ոչ միայն այն բանից, ինչ ասացին [մարգարեները], այլև այդ ահավոր տեսարանից ու լույսի սաստիկ ճառագայթներից: Ուստի Մարկոսն ու Ղուկասն ասում են. «Չգիտեր՝ ինչ էր խոսում» (Մարկ. 9։5, Ղուկ. 9։33): Թեպետ սա այսպես էր, սակայն նա իր տգիտության մեջ մեծ իմաստություն արտաբերեց, որովհետև երեք տաղավարների պատրաստմամբ հայտնեց երեք Անձերի խորհուրդը, քանի որ այնտեղ Երրորդությունը հայտնվեց. Հայրը՝ վկայությամբ, Որդին՝ պայծառակերպմամբ, և Հոգին՝ ամպով հովանի լինելով 899: Եվ երեքը ճանաչեցին Աստվածության երեք Անձերին, որպեսզի պատմեին, թե Նրա գալուստն ինչի՛ համար եղավ, և միաժամանակ Երրորդության համար որպես տաղավար պատրաստեին հոգին, միտքն ու մարմինը: Ուրիշներ էլ «տաղավար» են համարում 900 այն երեք խորհրդակիր [պահքերը], որ ավանդությամբ պահում ենք. մեկը՝ Տիրոջ անունով՝ Ծննդյան [պահքը], մյուսը՝ Մովսեսի [խորհրդով]՝ Աղուհացինը 901, մյուսն էլ՝ Եղիայի [խորհրդով]՝ Այլակերպությանը 902:
Ստեփանոս Սյունեցի
Պետրոսը պատասխան տուեց եւ ասաց Յիսուսին. «Տէ՛ր, լաւ է, որ մենք այստեղ ենք. եթէ կամենաս, երեք տաղաւարներ շինենք, մէկը՝ քեզ համար, մէկը՝ Մովսէսի, մէկն էլ՝ Եղիայի»:
«Պետրոսը պատասխանեց և ասաց Հիսուսին. «Տե՛ր, բարի է, որ մենք այստեղ ենք, եթե կամենաս, երեք տաղավարներ շինենք»:
Ոմանք արհամարհում են Պետրոսին [այն խոսքի համար], որ ասաց. «Բարի է, որ մենք այստեղ լինենք»: Քանզի եթե բարի էր այդտեղ լինելը, ապա Հիսուս [Ինքն] արդեն բարին էր կատարում:
Եվ դարձյալ ինչո՞ւ ասաց՝ երեք տաղավար, այդ ասելով՝ կարելի է կարծել, թե մեկուսացնում է նրանց իրարից. մի՞թե մի տաղավարը երեքին բավական չէր: Այս [հարցին] պատասխանեց Մարկոսը. «Սակայն չգիտեր, թե ինչ է խոսում, որովհետև զարհուրած էին» (Մարկ. 9։5):
Մաղաքիա արք. Օրմանյան
Պետրոսը պատասխան տուեց եւ ասաց Յիսուսին. «Տէ՛ր, լաւ է, որ մենք այստեղ ենք. եթէ կամենաս, երեք տաղաւարներ շինենք, մէկը՝ քեզ համար, մէկը՝ Մովսէսի, մէկն էլ՝ Եղիայի»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 17:2
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: